Մատչելիության հղումներ

Եվրամիությունը եւ Հայաստանը քննարկել են պատերազմն ահաբեկչության դեմ


Երեկ Լյուքսեմբուրգում սկսվեց Հարավային Կովկաս - Եվրամիություն համագործակցության խորհրդի թվով երրորդ ամենամյա նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան 0սկանյանը, Իրակլի Մենաղարիշվիլին եւ Վելայաթ Գուլիեւը: Ինչպես հայտնեց Եվրամիության նախագահող երկրի՝ Բելգիայի փոխարտգործնախարար Անեմի Նեյթսը, երեկ երեկոյան Եվրամիությունը երեք անգամ հանդիպել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Երեկվա հանդիպումներին մասնակցել է Եվրամիության «տրոյկան», այսինքն՝ նախորդ, ներկա եւ ապագա նախագահներ Շվեդիայի, Բելգիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները, Եվրամիության անվտանգության հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան եւ արտաքին կապերի հանձնակատար Քրիս Փաթենը:

Եվրամիությունը Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել 1999 թվականի հուլիսի 1-ին: Ինչպես բնութագրեց Անեմի Նեյթսը, երեկվա հանդիպումները անցկացվել են Եվրամիություն - Հարավային Կովկաս քաղաքական երկխոսության ֆորմատով: Այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները հանդես են եկել իբրեւ մեկ պատվիրակություն:

Երեկվա քննարկումների գլխավոր թեման ահաբեկչության դեմ պայքարն էր: Այսօր առավոտյան Եվրամիություն - Հարավային Կովկաս համագործակցության խորհրդի նիստը շարունակվեց, սակայն արդեն՝ առանձնահանդիպումների տեսքով: Եվրամիությունը այսօր երեք առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցավ համատեղ մամլո ասուլիս:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների ասուլիսը վարում էր Բելգիայի փոխարտգործնախարարար Անեմի Նեյթսը: Նրա խոսքերով, Եվրամիության եւ Հարավային Կովկասի խորհրդի հերթական տարեկան նիստի քննարկումները շատ հետաքրքիր էին եւ անկեղծ: Քննարկվել են, մասնավորապես, երեք հանրապետություննեում իրագործվող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները, ինչպես նաեւ հարավկովկասյան հակամարտույթունները: Անեմի Նեյթսը ասաց, որ Եվրամիությունը իր խորը մտահոգությունն է հայտնել Վրաստանի օդային տարածքի խախտումների վերաբերյալ:

«Երեկ մենք շատ կառուցողական երկխոոսություն ունեցանք, քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ: Այսօրվա առանձնահանդիպումները նույնպես շատ հետաքրքիր էին: Եվրամիության եւ Հայաստանի համագործակցությունը ընդարձակվում է», - համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը:

Օսկանյանը նշեց նաեւ, որ Եվրամիության ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության կառուցման խնդիրները. արձանագրվել է, որ Հայաստանը առաջադիմել է այդ բնագավառում: 0սկանյանը հայտնեց լրագրողներին, որ Եվրամիության ներկայացուցիչների հետ քննարկվել են նաեւ տնտեսական ծրագրեր, Մեծամորի ատոմակայանի փակման խնդիրը, Հայաստանում կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված միջազգային խորհրդաժողովի անցկացման հարցեր:

Ելույթ ունեցավ նաեւ Վելայաթ Գուլիեւը, որը նույնպես ներկայացրեց իր հանդիպումների օրակարգը: Ադրբեջանի արտգործնախարարն ասաց, որ Եվրամիության հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Կասպից ծովի կարգավիճակի հարցերը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է օգնում Ադրբեջանը Միացյալ Նահանգներին ահաբեկչության դեմ այս պատերազմում, Գուլիեւը ասաց, որ Ադրբեջանը իր օդային տարածքն է տրամադրել: Բացի այդ՝ արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Միացյալ Նահանգների հետ հետախուզության բնագավառում: Մյուս հարցը վերաբերում էր Ադրբեջանում մահմեդական ծայրահեղականության վտանգին: Գուլիեւը հավատացրեց ներկաներին, որ Ադրբեջանը թեեւ մահմեդականություն է դավանում, բայց միշտ սերտորեն կապված է եղել Եվրոպայի եւ եվրոպական արժեքների հետ, այնպես որ իսլամը Ադրբեջանում թույլ է եղել եւ չի կարող ներազդել պետության քաղաքականության վրա:

Վրաստանի արտգործնախարար Մենաղարիշվիլին պատմեց ռուսաստանյան օդուժի կողմից Վրաստանի օդային տարածքի խախտումների վերաբերյալ Եվրամիության հետ ունեցած քննարկումների մասին: Վրաց նախարարն ասաց, որ քննարկվել են նաեւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջեւ համագործակցության զարգացման խնդիրներ:

Վերջում լրագրողներից մեկը հարցրեց Բելգիայի փոխարտգործնախարարին, թե հնարավոր է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը դառնան Եվրամիության անդամներ: «Ես կասեմ իմ անձնական կարծիքը, քանի որ իբրեւ Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ իմ պատասխանը կարող է բազմաթիվ նոր հարցերի տեղիք տալ: Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների համագործակցության այս գաղափարի վերջնական նպատակը հենց այդ է», - ասաց Անեմի Նեյթսը: -
«Իհարկե դա շատ երկար ճանապարհ կլինի: Բայց, ի վերջո, իմ պատասխանն է՝ այո»:

Երեկ Լյուքսեմբուրգում Եվրամիությունը, Հայաստանը եւ Հարավային Կովկասի մյուս երկու հանրապետությունները ընդունեցին համատեղ հայտարարություն: Կովկասյան հանրապետությունների արտգործնախարարները հայտնեցին լրագրողներին, թե մտահոգված են, որ ահաբեկչության դեմ սկսված պատերազմը կարող է մոռացության մատնել տարածաշրջանի հակամարտությունները:

Իսկ Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը Ռոյթեր գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանը շահարկում է ահաբեկչության դեմ պատերազմի հարցը, փորձում է ղարաբաղյան հիմնախնդիրը դնել այդ համատեքստում՝ հույս ունենալով շահել միջազգային հանրության համակրանքը:

«Դա սխալ է եւ կարող է շատ վտանգավոր հետեւանքներ ունենալ», - զգուշացրել է Վարդան 0սկանյանը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG