Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթն այսօր փորձում է երկրաչափորեն ու հանրահաշվորեն հիմնավորել, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասնակիցների թիվը շատ ավելի մոտ է կազմակերպիչների նշածին, քան՝ պաշտոնյաների: Այսինքն՝ 25-30 հազարի չափ էր: «Մասնակիցների թիվ» ցուցանիշի ամրապնդումից զատ, «Հայկական ժամանակ»-ում տրվում է եւ արժեվորվում, թե հանրահավաքն ակնհայտորեն հաջողված էր: Հաջորդելիքի մասին արտահայտությունները, սակայն, որոշակիության դեռեւս չեն հասնում:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրենյանցի հետ զրույցում շոշափվում է միայն խորհրդարանի վրա հասարակական ազդեցությունը մեծացնելու տեսլականը: Վերջին հանրահավաքում Արտաշես Գեղամյանին վերաբերող պաստառների առնչությամբ էլ Սուրենյանցը «Հայկական ժամանակ»-ում եւ «Իրավունք»-ում ասում է. «Համատեղ հանրահավաքներում շատ ավելի տեղին է օգտագործել ավելի ընդհանրական բովանդակությամբ եւ օրվա պահանջն արտահայտող պաստառներ»:

Այս դրվագին ուշադրություն սեւեռելով, «Իրավունք»-ի մեկնաբանը գրում է. «Արտաշես Գեղամյանը շտապեց հականախագահական ընդդիմության առաջնորդ լինելու անսքող հրապարակային հայտ ներկայացնել եւ այսուհետեւ էլ ամեն ինչ կանի, որպեսզի հականախագահական ճամբարում հիմնականում ինքը երեւա, իսկ Արամ Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը մնան ստվերում: Պետք է սպասել Արտաշես Մամիկոնիչի բազմաթիվ ասուլիսներին եւ հեռուստաելույթներին, ինչպես նաեւ շուտով կհայտվեն անզուգական առաջնորդի գովքն անող բազմաթիվ տեսահոլովաներ»:

«Սակայն «Հանրապետություն»-ն ու ՀԺԿ-ն դժվար թե հաշտվեն երկրորդ, երրորդ դերերի հետ, եւ պետք է սպասել, որ ժամանակի ընթացքում նրանց եւ Գեղամյանի միջեւ որոշակի լարվածություն կառաջանա», - նախանշում է «Իրավունք»-ի մեկնաբանը, ընդհանուր առմամբ էլ ընդգծելով, որ ժողովուրդը իմունիտետ է ձեռք բերում դատարկախոսությունների հանդեպ, «ընտրությունների իրական ելքը վճռելու են ոչ թե ճառերը, այլ հիմնականում մեծ փողերը: Իսկ մեծ փողեր ունեն ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունները»:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր կրկին ձեւակերպված է, թե «քաղաքականության մեջ այս ծծկեր առաջնորդներին (Ա. Սարգսյան, Ս. Դեմիրճյան, Ա. Բազեյան) ոտքի կանգնեցնելու, իշխանափոխական տոտիկ-տոտիկը մեկնարկելու, եւ ընդհանրապես նրանց ընդդիմադիր ինքնադրսեւորմանը աջակցելու դայակ-ուղղորդողի դերն իր վրա է վերցրել ՀՀՇ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ»: Մենկաբանն առանձնացրել է. ընդդիմադիր եռյակը իր բոլոր ձեռնարկներում երբեւէ չի հնչեցրել «նախկին հանցավոր ռեժիմի՝ երկիրն աղետալի հանգրվանի հասցրած ՀՀՇ-ի անունը»: Այստեղ համադրված է, թե ՀՀՇ-ն մեկ տարի առաջ էլ ասպարեզ էր նետել Արկադի Վարդանյանին, ու նա էլ «իր ողջ քաղաքական զբոսաշրջության ընթացքում ոչ մի թթու խոսք չասաց նախկին վարչախմբի հասցեին»:

Արկադի Վարդանյանի վերջին հանրահավաքից անցել է ուղիղ մեկ տարի: Արձանագրելով, որ նրա դեմ «հարուցված քրեական գործի նախաքննությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի», «Հայկական ժամանակ»-ը դրանով է պայմանավորում, որ «Վարդանյանն այլեւս Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջելու «ցանկություն» չունի եւ, թերեւս, նրա՝ իշխանությունից հեռանալուց հետո միայն կարող է վերադառնալ քաղաքականություն»:

«Փաստարկեք ձեր կարծիքը՝ առանց անձերի վրա սեւեռվելու... Այս խորհուրդը միանգամայն կիրառելի է այսօրվա Հայաստանի քաղաքական եւ լրատվական դաշտի հանդեպ», - շեշտադրում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Կենտրոնանալով անձերի վրա եւ ուշադրություն չդարձնելով այն ինստիտուտներին, որոնց գործունեության հետեւանքով շատ դեպքերում անձերը դրսեւորում են այս կամ այն վարքագիծը, մեր գործիչներն ակնհայտորեն էժանացնում են իրենց ասելիքը: Վերջին օրինակը ուրբաթ օրը կայացած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի անձնական վիրավորանքներն են Հանրային հեռուստատեսության ղեկավարության հասցեին»:

«Չի կարելի ասել, որ Արկադի Վարդանյանը պայծառ դեմք էր, որը պատրաստվում էր իրոք բարեփոխել մեր հասարակությունը», - անդրադառնում է խմբագիրը: - «Այսօր, երբ հայտնի է հոկտեմբերի 30-ից հետո նրա հետագա վարքը, հասկանալի է դառնում, որ եթե նրանից ինչ-որ սպասելիքներ կային, ապա՝ անհիմն... Բայց մեկ տարի առաջվա դասը միայն Արկադի Վարդանյանի անձի հետ չի կապվում: Շատ ավելի կարեւոր է, թե ինչպես էին հոկտեմբերի 30-ի հանրահավաքից հետո գործում պետական ինստիտուտները»: Նրանց նպատակը «ցանկացած հասարակական ակտիվությանը բիրտ ուժ հակադրելով, մարդկանց վախեցնելն էր: Այդ ձեւով գործող ինստիտուտները շատ ավելի վտանգավոր են, քան ցանկացած Արկադի Վարդանյան»:

«Չի կարելի անձնավորել, նախագահի գործոնը օգտագործել հաշվեկշիռ բարձրացնելու համար», - «Առավոտ»-ի հարցազրույցում իր հերթին ընդգծում է «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ - «Երեք կուսակցությունները սկզբունքային կամ գաղափարախոսական որեւէ խնդիր դեռեւս չեն դրել հասարակության առջեւ։ Պարզապես պահանջներ ունեն։ Իսկ այն, ինչ որ պիտի տրամադրեն հասարակությանը, իրենցից տան, այդ խնդիրների մասին խոսք չի գնում»։

«Եթե ամեն ինչի պատճառը նախագահն էր, կարելի էր միանալ հենց Արկադի Վարդանյանին եւ խնդիրներ լուծել։ Բայց այստեղ հարցը մի քիչ անձնավորվում է», - ասում է Գալուստ Սահակյանը։ - «Վերջին հաշվով նաեւ շահարկվում է՝ «բա հետո»-ն, այդ «հետոն» չգտնելով ժողովուրդը սկսել է խոսել՝ ո՞ր մեկը կդառնա նախագահ»։

«Ցավալին այն է, որ պայքարի ելած ընդդիմադիր ուժերը ոչ մի առաջընթաց չեն ընդունում, իսկ իշխանություններն էլ քամահրանքով են խոսում ոչ միայն հակառակորդ կողմի ղեկավարների մասին, այլեւ բացասական վերաբերմունք արտահայտում ընդհանրապես հանրահավաքների նկատմամբ», - կշռադատում է «Երկիր»-ի մեկնաբանը: - «Անտեսվում են այն իրական պահանջները, որ հրապարակ են բերում հազարավոր մարդկանց... մինչդեռ, երբ մենք վկայակոչում ենք պետության անվտանգությանը սպառնացող ինչ-որ վտանգ, պետք է վստահ լինենք, որ անհրաժեշտ պահին թշնամու դեմ կռիվը կընկալվի որպես ժողովրդի սեփական կռիվ, եւ գլուխ չի բարձրացնի սոցիալական փախուստի որդը»:

Ընդհանուր առմամբ, մեկնաբանի հայացքով, «ընտրությունների նժարին դրված է գերազանցապես սոցիալական գործոնը», եւ գուցե կողմերի մրցակցության հետեւանքով ի վերջո շահի նաեւ ժողովուրդը, պահանջներն ու լուծումները դառնան ծրագրային ու նպատակային:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG