Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը ժամանակավորապես արտոնեց Ջորջ Բուշին կասեցնել հայամետ բանաձեւը


ԱՄՆ-ի Սենատը հոկտեմբերի 24-ին ընդառաջեց նախագահ Ջորջ Բուշին եւ փոփոխություն մտցրեց «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձեւում: 1992 թվականից գործող այդ բանաձեւը արգելում էր ամերիկյան կառավարությանը օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը: Նախագահ Բուշը, վկայակոչելով ազգային շահերը, պահանջել էր Սենատից վերանայել այդ բանաձեւը, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա ռազմական համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ՝ հակաահաբեկչական պատերազմում:

Սենատը հաստատել է բանաձեւում փոփոխություններ կատարելու մասին սենատոր ՄըքՔոնելի առաջարկը, որով ԱՄՆ-ի նախագահին սահմանափակ իրավունք է տրվում ժամանակավորապես կասեցնելու 907 բանաձեւի գործողությունը՝ հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով:

Ըստ այդ փոփոխության, 907 բանաձեւի գործողությունը կասեցվում է մինչեւ 2002թ.-ի դեկտեմբերի 31-ը եւ չի կարող խաթարել կամ խոչընդոտել Մինսկի խմբի շրջանակներում տարվող խաղաղ բանակցություններին կամ Հայաստանի դեմ օգտագործվել հարձակողական նպատակներով: Բանաձեւը վերջնական տեսք կստանա Կոնֆերանսների հանձնաժողովում՝ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի տարբերակների համաձայնեցումից հետո:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության, «Հայաստանը, լինելով հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի անդամ, սերտորեն աշխատել է ամերիկյան վարչակազմի հետ՝ ապահովելու, որ, միջազգային կոալիցիայի անվտանգության պահանջները բավարարելիս, չվտանգվի ռազմական ու քաղաքական հավասարակշռությունը Կովկասում եւ, ամենակարեւորը, վնաս չհասցվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության շահերին:

«Ինչպես ամերիկյան կառավարությունն է հասկանում, որ Ադրբեջանը չի վերացրել Հայաստանի հանդեպ շրջափակումը եւ, հետեւաբար, չի կարող անսահմանափակ օգնություն ստանալ ԱՄՆ-ից, այնպես էլ Հայաստանի կառավարությունն է հասկանում, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելու համար ԱՄՆ-ի վարչակազմից որոշակի ճկունություն է պահանջվում Ադրբեջանում», - նկատել է նախարար Օսկանյանը՝ գնահատելով ստեղծված իրավիճակը:

Չանսալով 907 բանաձեւը լիովին վերացնելու Ադրբեջանի պահանջին, ԱՄՆ-ի վարչակազմը եւ Սենատը, ընդունելով ՄըքՔոնելի առաջարկը փոփոխությունների մասին, համաձայնել են, փաստորեն, պահպանել 907 բանաձեւը՝ փոփոխելով այն միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Ըստ Սենատի կողմից հաստատված տարբերակի, 907 բանաձեւը կարող է նախագահի կողմից կասեցվել միայն որոշակի պայմանների առկայության դեպքում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արփի Վարդանյանը, այդ պայմանները չորսն են: «Առաջին՝ նա իրավունք ունի կասեցնել 907 բանաձեւը, եթե նա կարող է ապացուցել, որ դա անհրաժեշտ է հակաահաբեկչական արշավին աջակցելու համար: Երկրորդ՝ եթե դա անհրաժեշտ է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զինված ուժերի մարտական պատրաստությունները երաշխավորելու համար: Երրորդ՝ եթե դա կարեւոր է Ադրբեջանի սահմանների անվտանգության համար: Եվ չորրորդ պայմանը՝ եթե դա չի խանգարի ղարաբաղյան խաղաղ բանակցություններին կամ չի օգտագործվի Հայաստանի կամ Ղարաբաղի վրա հարձակվելու համար»:

Արփի Վարդանյանն ասաց նաեւ, որ եթե Ամերիկայի նախագահը կասեցման ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ համարի երկարաձգել կասեցումը, նա պետք է նորից հիմնավորումներ ներկայացնի Կոնգրեսին:

Ըստ սենատոր ՄըքՔոնելի հաստատված առաջարկի, 4 միլիոն 600 հազար դոլար պետք է հատկացվի Հայաստանին՝ որպես ռազմական օգնություն: Արփի Վարդանյանն կարծիք հայտնեց, թե հազիվ թե Ադրբեջանին հատկացվող օգնությունը դրանից ավելի մեծ լինի: Նրա կարծիքով, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնությունը նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Արփի Վարդանյանը Ամերիկայի հայկական համագումարի կատարած աշխատանքի արդյունք է համարում այն, որ չանցան սենատոր Բրաունբաքի նախագծերը, որոնցով առաջարկվում էր լրիվ վերացնել կամ առանց պայմանների կասեցնել 907 բանաձեւը:

Արփի Վարդանյանը չկամեցավ որեւէ կերպ մեկնաբանել Ամերիկայի մյուս խոշոր լոբբիստական կազմակերպության՝ Հայ դատի հանձնախմբի հայտարարությանը, ըստ որի 907 բանաձեւի կասեցումը դիտարկվում է որպես նահանջ:

«Մենք խորապես հիասթափված ենք Սենատի այս երեկո ընդունած որոշումից», - ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ավելացնելով, որ իրենք շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի մինչեւ փոփոխության վերջնական հաստատումը բացատրեն Կոնգրեսի անդամներին, թե ինչպիսի բացասական ազդեցություն կարող է ունենալ 907 բանաձեւի թուլացումը կովկասյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերի վրա:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG