Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի մարդկային զարգացման ամենամյա զեկույցում Հայաստանը 72-րդն է 162 երկրների շարքում


ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում այսօր ներկայացվեց այդ կազմակերպության զարգացման ծրագրի հրապարակած մարդկային զարգացման զեկույցը՝ «Նոր տեխնոլոգիաները՝ ի շահ մարդկային զարգացման»:

ՄԱԿ-ի փորձագետները, իրենց զեկույցի հիմքում դրել են մարդկային ռեսուրսների, կրթական-մտավոր ունակությունների զարգացման թեման, որ կապված է առաջին հերթին ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածման հետ։ Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասի հեղինակ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը համոզմունք հայտնեց, որ այս ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի ու այն զարգացնելով կարող ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Եթե նախորդ զեկույցում Հայաստանը երկրների զարգացման ցուցակում 93-րդ տեղում էր, ապա այս տարվա ցուցակում 72-րդն է։ Անցյալ տարի, սակայն, ՄԱԿի փորձագետները դիտարկել էին 174 երկիր, այս տարի՝ 162։ Չդիտարկված 12 երկրների ցուցանիշները ավելի բարձր էին, քան Հայաստանինը, ուստի նրանց բացառումը ցուցակից Հայաստանին մեխանիկորեն բարձրացել է 12 կետով։ Դեպի վեր տեղաշարժի մնացած 9 կետը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի մատուցմամբ, ապահովվել է ռեալ տեղաշարժերի արդյունքում:

Որեւէ երկրի մարդկային ներուժի գնահատման ինդեքսը երեք ցուցանիշ է ամփոփում՝ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, մարդու կյանքի միջին տեւողությունը եւ կրթական մակարդակը։ Ըստ Դավիթ Հակոբյանի, դիտարկվող ժամանակամիջոցում մեկ շնչի հաշվով եկամուտն աճել է 10 տոկոսով, մարդու կյանքի միջին տեւողությունն ավելացել է 2 տարով՝ հասնելով 72,7 տարվա, իսկ կրթական ցուցանիշն աճել է 8 տոկոսով։ Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի փորձագետները հիմնվում են ազգային վիճակագրական ծառայությունների տրամադրած տվյալների վրա:

Հայաստանը մարդկային ներուժի զարգացման մակարդակով գերազանցում է իր բոլոր հարեւաններին. Վրաստանը 76-րդ տեղում է, Ադրբեջանը 79-րդն է, Թուրքիան՝ 82-րդը, իսկ Իրանը՝ 90-րդը։ Թեեւ այս երկրներում մեկ շնչի հաշվով եկամուտներն ավելի բարձր են, քան Հայաստանում, նրանք, այդուհանդերձ, զգալիորեն զիջում են մեզ թե մարդու կյանքի միջին տեւողության եւ թե, հատկապես, բնակչության կրթական մակարդակի ցուցանիշներով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG