Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վրաստանի նախագահ Շեւարդնաձեի այցի արգասիքները մամուլում, ընդհանուր առմամբ, արտացոլված են միջին ֆոնով. հատուկ խանդավառվելու կամ տխրելու պատճառ կարծես՝ չիք, արտասովոր որեւէ շրջադարձ չկա, ընթացիկ շարունակական միջպետական աշխատանքով քարը քարի վրա է դրվում: Միայն «Հայկական ժամանակ» թերթն է, որ առանձնացնում է, թե «Ռոբերտ Քոչարյանն ու Էդուարդ Շեւարդնաձեն ակնհայտ մռայլ դեմքերով ստորագրեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության» մասին Մեծ պայմանագիրը, որը երկու նախագահների կարծիքով էլ այս այցի ամենակարեւոր արդյունքն է»:

«Երկիր» թերթը շարունակում է «Թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի» գոյության դառը պտուղներ արձանագրել Հայաստանի արտաքին խնդիրներում: Թեեւ այդ հանձնախմբի անդամներին կոչեր են արվում հայերի հետ երկխոսության գնալու պատրանք Թուրքիային ստեղծելու առիթ չտալու համար դուրս գալ դրանից, Դավիթ Հովհաննիսյանը, որ մաս է կազմում այդ հանձնախմբին, ներկա փուլում օգտակար չի համարում նման քայլը։ «Առավոտ»-ի թղթակցին նա ասել է. «Կան այլ կողմեր, որոնք կարող էին անհանգստության շատ ավելի լուրջ հիմքեր ունենալ այս հանձնախմբի ստեղծման առնչությամբ։ Այս տեսակետից՝ ինձ համար հիմնավորված ու բացատրելի է այն անհանգստությունը, որ ի հայտ եկավ Ադրբեջանում, ի տարբերություն այն անհանգստության, որ արտահայտում են Հայաստանի քաղաքական տարբեր ուժերը»։

«Ժամանակ» թերթի պատկերմամբ, «մեր արտաքին քաղաքականությունը նմանվել է բաց ծով դուրս եկած առագաստանավի, որը լողում է համընթաց քամու «քմահաճույքով», այնինչ վաղուց այն պետք է փոխարինված լիներ «շոգենավով», որի վերցրած ուղղությունը, այս կամ այն կողմ թեքումը կամ շրջադարձը, դրանք կատարելու ժամանակն ու տեղը պայմանավորված լինեին ոչ միայն աշխարհում առկա «եղանակով», այլեւ նախօրոք մշակված ու տարբեր «քամիների» դեպքում օգտագործելի՝ մեր շահերի ուղղությունը որոշող կողմնացույցով... Եթե այսօր չունենանք նախնական մեկ կամ երկու մշակված «սցենար», վաղը՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների, երբեմն անկանխատեսելի թվացող իրադարձությունների, առկա եւ սպասվող պատերազմների պայմաններում ռազմաքաղաքական դոկտրինայի եւ արտաքին քաղաքական հայեցակարգի մշակումը կլինի ոչ այլ ինչ, քան պարզապես հանպատրաստից իմպրովիզացիա, որի հաջողությունը ոչնչով երաշխավորված չէ», - ընդգծում է «Ժամանակ»-ի մեկնաբանը:

Այսուհանդերձ, հենց արտաքին քաղաքականությունն է այն ասպարեզը, ուր Դաշնակցությունը դրական տեղաշարժեր է տեսնում՝ որպես իր պաշտպանյալ նախագահ Քոչարյանի հաջող գործունեության արդյունք: Փոխարենը, ինչպես «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում կրկին մատնանշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, «սոցիալ-տնտեսական ոլորտում դրականը շատ ավելի քիչ է: Կոնկրետ մարդկանց մեծամասնությունն իր առօրյա կյանքում իրական փոփոխություն չի զգում»:

«Խորապես համոզված ենք», - ասում է Աղվան Վարդանյանը, - «որ մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում մի քիչ ավելի կազմակերպված, բարեխիղճ ու սրտացավ աշխատանքի, ավելի վճռական գործողությունների դիմելու դեպքում հնարավոր է իրավիճակը 30-40 տոկոսով բարելավել: Այսօրվա մեր պահանջը եւ առաջարկը հանրապետության նախագահին, կառավարությանն ու քաղաքական ուժերին այս է»:

Որպես նորօրյա օրինաչափություն, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը ձեւակերպել է. «Իշխանության ցանկացած քայլ որոշակի գործիչների ու քարոզչամիջոցների կողմից հանդիպում է վայրկենական հակազդեցության եւ անմիջապես գնահատվում որպես նախապատրաստություն 2003-ի նախագահական ընտրություններին: Դրանով փորձ է արվում հասարակության մեջ այնպիսի տպավորություն ստեղծել, թե արտաքին բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած եւ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված երկրի ղեկավարությունը, սեփական պարտականությունների կատարման գործը մի կողմ դրած, զբաղվում է բացառապես մեկուկես տարի հետո կայանալիք ընտրություններին նախապատրաստվելով»: Ամեն վայրկյան, ամեն ինչով մարդկանց ահաբեկում են, «որպեսզի ոչ վաղ անցյալի մղձավանջը նրանց կողմից գնահատվի որպես դրախտ», - գրում է մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ»-ում ամփոփված է. «Նախկինները փորձում են մինչեւ 2003 թվականը քաղաքական հակառակորդների ուսերին տեղափոխել բոլոր այն հանցանքները, որոնց համար իրենք մեղադրվեցին, բայց չպատժվեցին 1998-ին: Այս հանգամանքի հստակ գիտակցումը ներկաներին պետք է մղի համարժեք գործողությունների»:

«ՀԺԿ, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների նախագահները համատեղ գրությամբ երեկ դիմել են ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարներ Հայկ Հարությունյանին եւ Կարլոս Պետրոսյանին: Գրությունում մատնանշված է, որ ԱԱ եւ ՆԳ նախարարությունների որոշ աշխատակիցների կողմից սեպտեմբերի 28-ին կայացած հանրահավաքի մասնակիցները եւ նրանց տեղափոխող վարորդները ճնշումների են ենթարկվել: Կուսակցությունները ահազանգում են, որ ներկայումս նույն կերպ սկսել են խոչընդոտել այս ուրբաթ կայանալիք հանրահավաքի կազմակերպման աշխատանքներին»: «Հայկական ժամանակ» թերթում ամրագրվում է նաեւ, թե իշխանությունները ազդեցության բոլոր լծակները սկսել են օգտագործել եւ խոչընդոտելու համար Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը պահանջող ստորագրահավաքը:

«Հոկտեմբերի 21-ին Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում ԱԺ պատգամավորների մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունները, ըստ էության, իշխանության համար լավագույն փորձաքար էին առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին լավագույնս նախապատրաստվելու եւ ընդդիմության հետ ուժերը չափելու համար», - արժեվորել է «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Այդ ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իշխող ռեժիմի դեմ առանձին-առանձին դուրս եկած որեւէ ուժ, հասարակության որեւէ անդամ ի վիճակի չէ հաղթանակ տոնել: Դրանք ապացուցեցին նաեւ, որ մեր հասարակության մի գերակշիռ մասը, որը, գուցե նաեւ այսօր գալիս է «Ազատության» հրապարակ ու բռունցք արած պահանջում է իշխանությունների հրաժարականը, կաշառվելու պաթոլոգիա ունի»:

Մեկնաբանի շեշտադրմամբ, «հարցն այն չէ, թե Կոտայքում իշխանության՝ ՀՀԿ ներկայացուցիչ, իսկ Արագածոտնում՝ ՀՅԴ անդամ, թեկնածուներն ինչ ձեւերով են ընտրվել: Ավելի էական է այն, որ վերջիններս, ըստ բանիմաց փորձագետների, իրոք, հաղթել են, եւ այդ են վկայում նրանց եւ մրցակիցների օգտին տրված ձայների հարաբերակցությունը, նաեւ այն, որ հիշյալ ընտրատարածքներից որեւէ մեկում տեղի ունեցած ընտրությունները չեն բողոքարկվել»:

«Իսկ ինչո՞ւ իշխանությունները չպետք է օգտվեին իրենց լծակներից, եթե ընտրողը պատրաստ է չնչին գնով ծախել իր ձայնը», - այս հարցը «Առավոտ»-ի անդրադարձում այսօր հնչում է որպես զուտ հռետորական:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG