Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այս ամսվա սկզբին մոսկովյան «Պանորամա» ինֆորմացիոն-փորձագիտական կենտրոնը, որը զբաղվում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հասարակական-քաղաքական կյանքի հետազոտությամբ, հերթական հարցումն է անցկացրել՝ պարզելու այն գործիչներին, որոնց գործունեությունը առավելագույնս է ազդում Հայաստանում քաղաքական զարգացումների վրա: Այսօր «Ազգ» թերթում ներկայացվող պատկերով արձանագրվում է.«Առաջին քառյակը անփոփոխ է մնում արդեն կես տարի: Առաջատար դիրքերը ավանդաբար զբաղեցնում են նախագահական արշավ սկսած նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ հորիզոնականում է իր դիրքերը զգալիորեն ամրապնդած վարչապետ Մարգարյանը: Իսկ եզրափակում է անփոփոխ քառյակը արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ամսեամիս առաջընթաց է ունենում ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը այժմ արդեն չնչին չափով է հետ մնում արտգործնախարարից: Ընդհանրապես, իրենց վարկանիշը բարձրացրել են հականախագահական նոր ձեւավորվող դաշինքի մասնակիցները... Առաջին տասնյակ վերադարձավ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը... Կուսակցության պառակտումը անհետեւանք չանցավ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի համար, որը հեռացավ ազդեցիկության առաջատարների շարքերից»: Վարկանիշային կորուստներ ունեն նաեւ Դաշնակցության ներկայացուցիչները: Ամենակտրուկ անկումը, սակայն, Աշոտ Մանուչարյանինն է:

«Հայկական ժամանակ» թերթում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներկայիս առողջական խնդիրներն էլ դիտվում են երկրի տնտեսական-քաղաքական բարդացումների տեսանկյունից՝ կանխատեսմամբ, թե շուտով նա հրաժարական կտա: Այս հեռանկարը, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի մատուցմամբ, հանրապետական որոշ պատգամավորների բանակցությունների է մղում արմատական ընդդիմության հետ՝ նախագահի իմփիչմենթի գործընթացին միանալու պատրաստակամությամբ: ՀԺԿ-ական պատգամավորները մեկնաբանին հավաստիացրել են, թե «իմփիչմենթի հարցը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին արդեն մասնակցել է 35 պատգամավոր, իսկ անհրաժեշտ քանակությունը՝ 44, կլրացվի առաջիկա օրերի ընթացքում»:

«Ե'վ նախագահամետ, եւ' հականախագահական ուժերը սկսել են փոխադարձաբար ստուգել նյարդերի ամրությունը», - անդրադառնում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Երկու ճամբարներն էլ քաջ գիտակցում են, որ ոչ մի իմփիչմենթ էլ չի լինի, եւ ամեն ինչը, ըստ էության, նախընտրական քարոզչություն է, բայց միաժամանակ ձգտում են հակառակորդին սադրել անհավասարակշիռ քայլերի, որպեսզի դրանք հետագայում հնարավոր լինի վերածել մատի փաթաթանի եւ օգտագործել քարոզչական նպատակներով»:

Մեկնաբանի հայացքով, «այս պահին նյարդային լարվածությունը ավելի մեծ է իշխանական ճամբարում: Բանն այն է, որ նախարարություններում սպասվում են խոշոր կրճատումներ, ինչը լարվածության մեջ է պահում չինովնիկական ամբողջ դասը... Իրավիճակը բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ որոշակի տարաձայնություններ են առաջացել ՀՀԿ-ի ներսում, եւ վարչապետի, ԱԺ փոխխոսնակի եւ «Միասնություն» խմբակցության ղեկավարի ջրերը, կարծես թե, նույն առվով չեն հոսում: Ամենայն հավանականությամբ, դա կապված է հենց ապագա կադրային փոփոխությունների հետ»:

«Առավոտ»-ի թղթակցի հարցին՝ միանալո՞ւ է, արդյոք, նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքին, պատգամավոր Շավարշ Քոչարյանը պատասխանել է. - «Ես տեսնում եմ, որ կան լուրջ հիմքեր, որպեսզի այսօր միանամ այդ ստորագրահավաքին: Բայց պետք է նաեւ գնահատել՝ իսկ հետո՝ ի՞նչ: Եռյակի գործողություններում չկա արտահայտված «հանուն»-ի գաղափարը: Պետք է լինի վերլուծություն՝ ինչո՞ւ է երկիրը այս վիճակում, ո՞րն է պատճառը, որ անընդհատ փոփոխություններ են կատարվում... բայց ժողովրդի վիճակը որեւէ ձեւով չփոխվեց: Այսինքն՝ կան ավելի արմատական պատճառներ, որ մենք այս վիճակում ենք: Հասարակությունը շատ է հոգնել այս ամենից: Փոփոխությունների կարիքը բոլորը զգում են: Եվ եթե հոկտեմբերի 26-ի հանրահավաքը ոչ միայն ուղղված լինի իշխանափոխությանը, այլ նաեւ իր մեջ պարունակի «հանուն» գաղափարներ, դա կարող է իրոք շրջադարձային դառնալ»:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ, «առավելագույնը, որ կարող է տալ Շեւարդնաձեի այցը, լարվածության թուլացումն է. շրջադարձ չի սպասվում», իսկ հարաբերությունների իրական բարելավումը երկարատեւ ու լուրջ դիվանագիտական աշխատանք է պահանջում: «Հայոց Աշխարհ» թերթի ընդգծմամբ, Վրաստանը դժվարին փորձությունների շեմին է, եւ «Վրաստանի ղեկավարը պետք է հստակորեն գիտակցի, որ առաջին հերթին ոչ թե Հայաստանի, այլ հենց իր երկրի շահերից է բխում Վրաստանի չեզոքությունը, որը կարող է լինել աշխարհաքաղաքական բարդ կացության մեջ հայտնված այդ բազմազգ պետության ամբողջականության պահպանման միակ երաշխավորը»: Այստեղ, ինչպես եւ «Երկիր» թերթում առանձնացվում է, որ մեծ հաշվով Հայաստանը շահագրգիռ է կայուն, բարիդրացիական Վրաստանով: Այդ ելակետից, «Երկիր»-ի մեկնաբանը համոզված է՝ «Ո'չ ներքին սադրանքները, ո'չ էլ արտաքին շահագրգիռ երկրները չեն կարողանա սառնություն ներարկել Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ: Կողմերը հիանալի գիտակցում են համագործակցության արժեքը եւ հնարավոր ամեն ինչ կանեն միջպետական կապերը բռնկումներից հեռու պահելու համար»:

Աշխարհի ներկա խառնակ ֆոնը մեկնաբանին մղել է արմատական ընդդիմությանն էլ կրկին ակնարկելու. «Այսօր՝ ժողովրդավարական ազատությունների պայմաններում, բացախոսությունը, իշխանություններին հակադիր կարծիք հայտնելը այլեւս հերոսություն չեն, այլ սահմանադրական իրավունք: Շատ ավելի էական է անել ամեն ինչ՝ չվտանգելու համար ժողովրդի ու պետության պաշտպանվածությունն ու անկախությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG