Մատչելիության հղումներ

ԱԺ փոխխոսնակի կարծիքով, առաջիկա տարին վճռորոշ է լինելու Հայաստանի համար


«Մեր երկրի ապագայի համար առաջիկա մեկ տարին ունի վճռական նշանակություն», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ավելացնելով, որ Հայաստանն այնքան փոքր է, որ հնարավոր է մեկ տարում էական, մարդկանց համար նկատելի փոփոխություններ իրականացնել:

«Անհրաժեշտ է պարզ ու հստակ ձեւակերպված նպատակ, անհրաժեշտ են մանրակրկիտ ու առարկայական քայլեր՝ այդ նպատակին հասնելու համար եւ անհրաժեշտ է քաղաքական կամք», - ասաց Տիգրան Թորոսյանը: - «Սա, բնականաբար, բոլորս գիտենք, բայց, ցավոք սրտի, կյանքում շատ քիչ է կիրառվում»:

Նրա կարծիքով, «այսօր մենք ունենք մի պետական կառավարման համակարգ, որի արատները ակհայտ են՝ հովանավորչություն, կաշառակերություն եւ այլն»: Եվ հարցի լուծման հույժ կարեւորությունը, ըստ ԱԺ փոխխոսնակի, իշխանություններն էլ են գիտակցում:

Իսկ կուսակցությունները, ըստ Տիգրան Թորոսյանի, որը նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահն է, պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, հատկապես նրանք, որոնք վերջին 2-3 տարիների ընթացքում երկիրը այս իրավիճակից դուրս բերելու գաղափարներ են առաջադրել:

«Եթե այս տարվա ընթացքում այդ քայլերը չարվեն, ապա եւ' 2003 թվականի ընտրությունների ընթացքը, եւ' ընտրություններից հետո՝ այդ 4 տարին Ազգային ժողովի համար եւ հինգ տարին նորընտիր նախագահի համար, կարծում եմ, լինելու են բավականին ծանր», - կանխատեսեց Ազգային ժողովի փոխխոսնակը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG