Մատչելիության հղումներ

Արգենտինայում ստեղծվել է Հայաստան վերադարձողներին աջակցող հանձնախումբ


«Վերջին տարիներին Արգենտինա գաղթած հայաստանցիների մեծամասնությունը լրջորեն մտածում է Հայաստան վերադառնալու մասին», - վկայում է նորաստեղծ Արգենտինայի հայրենադարձներին աջակցող հանձնախմբի հրապարակած հայտարարությունը:

1993 թվականից ի վեր, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետեւանքով, շուրջ 5 հազար մարդ արտագաղթել է Հարավային Ամերիկա, այդ թվում՝ Արգենտինա: Բնականաբար, նրանցից ոչ բոլորի հույսերն են արդարացել:

Արգենտինայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ անմիջական գործակցությամբ ստեղծվել է Հայրենադարձներին աջակցող հանձնախումբ, որի միակ նպատակը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «նյութական եւ բարոյական օգնություն ցույց տալն է բոլոր նրանց, ովքեր ուզում են վերջնականապես վերադառնալ Հայաստան եւ չունեն ֆինանսական միջոցներ»:

Հանձնախումբը, ինչպես հայտնում են դրա ներկայացուցիչները, «ապաքաղաքական մի մարմին է, որ գործելու է միայն իր նպատակի համար՝ առանց խոչընդոտելու տեղական կազմակերպությունների գործունեությունը»:

Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը տեղեկացրեց, որ օգոստոսին կազմված հանձնախմբի օգնությամբ Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի արդեն վերադարձել են Հայրենիք: Առաջիկա օրերին կմեկնեն եւս 4 մարդ: Վերադարձողները հանձնախմբից ստանում են ճանապարհածախսը: Նախապատվությունը տրվում է անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:

Հանձնախումբն օժանդակելու է նաեւ ոչ հայաստանցի այն հայերին, ովքեր ցանկանում են հիմնավորվել Հայաստանում:


Դիեգո Կարամանուկյան, «Ռադիո Արմենիա», Ուրուգվայ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG