Մատչելիության հղումներ

Նախագահը անմիջական վերահսկողության տակ է վերցնում էներգետիկայի ոլորտը





«Ոչ մի դեպքում չեմ հանդուրժի, որ որեւէ մեկի վատ աշխատանքի հետեւանքով վտանգվեն տնտեսության մեջ առկա դրական միտումները», - այսօր Հայաստանի էներգետիկայի նախարարությունում ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, այդ հանդիպման ընթացքում նախագահը շեշտել է, թե ոլորտի խնդիրները վերցնում է անմիջական վերահսկողության տակ։ «Իմ միջամտությունն արդեն իսկ նշանակելու է, որ համակարգը պետք է ապահովագրված լինի ամեն կարգի կողմնակի միջամտություններից», - ասել է Ռոբերտ Քոչարյանը: - «Ոլորտի նկատմամբ լինելու է հատուկ վերահսկողություն: Համակարգը պետք է լինի աշխատունակ, իսկ ֆինանսական հոսքերը՝ կառավարելի»:

Ավանդաբար պետական բյուջեի հիմնական սնուցիչներից մեկը վերջին ամսիներին չնչին հարկեր է մուծել պետական գանձարան։ Մյուս կողմից, համակարգy հայտնվել է պարտքերի ու չվճարումների թնջուկի մեջ։ Էներգետիկային առնչվող պարտքերի գումարային մեծությունը այս պահին անցնում է 250 միլիոն դոլարից։ Պատահական չէ, որ տարեկան մինչեւ 270 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա արտադրող համակարգում ատոմակայանի վառելիքի գնման համար նույնիսկ 10 միլիոն դոլար չգտնվեց, ու կառավարությունն ստիպված ձեռք մեկնեց սկզբունքորեն անձեռնմխելի համարվող սեփականաշնորհման գումարներին։

Էներգահամակարգի ֆինանսական վիճակը էլ ավելի է վատթարացել բաշխիչ ցանցերի մասնավորեցման առաջին մրցույթի տապալումից հետո։ Մասնավորեցման երկրորդ փորձը, ինչպես երեւում է, նույնպես լուրջ ներդրումային հեռանկար չի խոստանում։ Առաջատար միջազգային ընկերությունների կողմից մեր ցանցերի նկատմամբ հետաքրքրություն գրեթե չկա։ Նոր մրցույթին հրավիրված 19 ընկերություններից 17-ը գործնականում հրաժարվել են մասնակցությունից։

Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը ներդրողների ցածր հետաքրքրությունը մեր բաշխից ցանցերի նկատմամբ բացատրում է նախ եւ առաջ քաղաքական հանգամանքներով. «Համենայն դեպս, այն ակտիվությունը որը մենք սպասում էինք, չկայացավ: Մենք, կարծես թե, ստեղծել ենք բոլոր հնարավոր գրավիչ պայմանները, եւ այս հետաքրքրության անկումը մյուս կողմից ցույց է տալիս, որ այս քաղաքականացված հանգամանքները, որ եղել են դրա շուրջ, իհարկե, համապատասխան ազդեցություն ունեցել են դրա վրա»:

Մյուս կողմից, այլ տարածաշրջանների համեմատ, Հայաստանը մրցունակ չէ. «Երբ գնահատում ենք այդ 19 երկրների վերլուծությունը, թե որն է նրանց պատճառաբանությունը, ապա տեսնում ենք, որ իրենց ռազմավարությունը էներգետիկական ոչ թե այս ռեգիոնում է՝ այլ ռեգիոններում է», - ավելացրեց էներգետիկայի նախարարը:

Թեեւ ասվում է, որ ասպարազում մնացել են ամերիկյան «ԷՅ-Ի-ԷՍ Սիլք Ռոուդ» եւ ռուսաստանյան ՌԱՈ ԵԷՍ ընկերությունները, այդուհանդերձ, տեղեկություններ կան, որ ամերիկյան ընկերությունը եւս կորցրել է հետաքրքրությունը մեր ցանցերի նկատմամբ, թեեւ, տեղեկությունները «Ազատություն» ռադիոկայանին տրամադրած աղբյուրը նշում է, թե ամերիկյան ընկերությունը կմասնակցեր մրցույթին, եթե բաշխիչ ցանցերի հետ մեկտեղ կարողանար ձեռք բերել նաեւ Հայաստանի էներգաարտադրող հզորությունների մի մասը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG