Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքը չի օգտագործվում որպես թմրանյութերի մաքսանենգության տարանցիկ ուղի


«Որեւէ հիմք չունեն այն խոսակցությունները, թե Հայաստանը կարող է որպես տրանզիտային տարածք օգտագործվել նարկոբիզնեսի կողմից», - այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, պատասխանելով հարցին, թե Աֆղանստանում հակաահաբեկչական գործողությունների սկիզբը կարող է նարկոաշխարհի ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանի եւ, մասնավորապես, Հայաստանի վրա: - «Որովհետեւ վերլուծությունները ցույց են տալիս, որ տարանցիկ ավելի հարմար ճանապարհներ կան»:

Այդուհանդերձ, անցած շաբաթ Հայաստանի մաքսային կոմիտեում այդ հարցի շուրջ քննարկումներ են եղել՝ ամերիկացի մասնագետների մասնակցությամբ: Վերջիններիս առաջարկությունները այժմ մշակման փուլում են:

«Ըստ բյուջեում նախատեսվածի, երրորդ եռամսյակում մաքսային մարմինները պիտի հավաքագրեին 19 միլիարդ 958 միլիոն դրամ», - ասաց Արմեն Ավետիսյանը, ավելացնելով, որ հաշվի առնելով բյուջեի կատարման հետ կապված դժվարությունները, մաքսային հավաքագրումների գումարն ավելացվել էր եւս կես միլիարդ դրամով: Եվ մաքսային կոմիտեն գերակատարել է անգամ այդ ավելացված գումարը՝ հավաքելով 20 միլիարդ 929 միլիոն դրամ:

«Մաքսային մասով պետական բյուջեի թիվը 83 միլիարդ դրամ է, եւ այդ թիվը գերակատարվում է»,- ասաց մաքսային պետական կոմիտեի նախագահը: Նրա խոսքերով, նախատեսված մաքսային մուտքերը գերակատարվում են ի հաշիվ ներկրվող սիգարետի եւ բենզինի միջին ամսական ծավալների ավելացման:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG