Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը չի բացառում «քաղաքացիական անհնազանդության տարբերակը»:


«Եթե Ազգային ժողովում չհաջողվի պաշտոնանկության գործընթացը, չի բացառվում նաեւ քաղաքացիական անհնազանդության տարբերակը», - Մարտունիում հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:

Մարտունեցիների եւ ՀԺԿ-ի ղեկավարության հանդիպմանը ներկա էին նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները՝ Ալբերտ Բազեյանը, Վաղարշակ Հարությունյանը եւ Արամ Սարգսյանը:

Հանդիպման ժամանակ շոշափված գլխավոր հարցերից մեկը նախագահ Քոչարյանի պաշտոնանկությունն էր: Անդրադառնալով ՀԺԿ, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների՝ ԱԺ-ում նախաձեռնած ստորագրահավաքին, ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանն ասաց. -«66 պատգամավոր է պետք... Եթե մենք իմանայինք, որ այդ 66-ը կտորագրի, էլ ինչո՞ւ էինք կոչով ձեզ դիմում»:

Ստեփան Զաքարյանը հավաքվածներին կոչ արեց նախաձեռնել նախագահի պաշտոնանկության պահանջով ստորագրահավաք, որն ունենալով իրենք արդեն կկարողանան պահանջներ ներկայացնել ԱԺ պատգամավորներին:

Վազգեն Սարգսյանի եղբայրը մեկ անգամ էլ հայտարարեց,որ հանրապետության ներկայիս ղեկավարները խանգարում են «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտմանը: Թե ով է կազմակերպել ոճրագործությունը, «ինձ համար նույնիսկ հիմա էլ պարզ չէ: Պարզ է այն, որ իրենք խանգարում են դատական գործընթացներին: Իսկ եթե ես իմանամ ով է, չեմ էլ սպասի, որ խորհուրդ տաք, ինչ անեմ», - ասաց նախկին վարչապետը:

Պատասխանելով սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, իր ՀՀՇ գնալուն վերաբերող հարցին, Արամ Սարգսյանը ասաց. «Ավելի լավ է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքը կանգնես, քան Ռոբերտ Քոչարյանի», փաստարկելով, թե անկախության գործընթացում Լեւոն Տեր-Պետրոսյանի դերը բավականին մեծ է եղել, ու ինքը գնացել էր նրան շնորհավորելու՝ անուշադրության մատնելով Ռոբերտ Քոչարյանի հրավերը:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում ընդգծեց երկրում բարոյահոգեբանական վիճակը փոխելու անհրաժեշտությունը: «Մթնոլորտը պետք է փոխվի, այն ստոր մթնոլորտը, որ կա այսօր երկրում: Սրճարանում մարդկանց աչքի դիմաց ծեծում են, սպանում են, եւ ոչ ոք ձայն չի հանում», - ասաց ՀԺԿ նախագահը, նկատի ունենալով անցած շաբաթ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ 43-ամյա Պողոս Պողոսյանի դիակը հայտնաբերվել էր սրճարանից նախագահ Քոչարյանի հեռանալուց քիչ անց: Ըստ մամուլում շրջանառվող վարկածի, Պողոսյանին ծեծելով սպանել են նախագահի թիկնազորի անդամները:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG