Մատչելիության հղումներ

Քոչարյանի թիկնապահները հետաքննվում են սպանության կասկածանքով


Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Երեւանի «Առագաստ» սրճարանի զուգարանում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է, որ մահացածը կամ կասկածների համաձայն՝ սպանվածը 1958 թվականին ծնված Վրաստանի Նինոցմինդայի շրջանի բնակիչ Պողոս Պողոսյանն է, Դաշնակցության անդամ:

Այդ օրը գրեթե նույն ժամին «Առագաստ» սրճարանում շատ են եղել բարձրաստիճան հյուրերը: Հանրապետության նախագահը եւ Շարլ Ազնավուրը դիակը հայտնաբերելուց 10 րոպե առաջ նույնպես եղել են սրճարանում:

Մամուլում արդեն շրջանառվում է վարկած, ըստ որի Պողոս Պողոսյանը մահացել է, որովհետեւ նրան դաժան ծեծի են ենթարկել Հանրապետության նախագահի թիկնապահները: Դա, իհարկե, պաշտոնապես չի հաստատվել: Դեպքի վայրից, որը մարդաշատ է եղել այդ օրը, հնարավոր չեղավ գտնել գոնե մեկ ականատեսի: «Առագաստ» սրճարանի աշխատակիցներից որեւէ բան պարզել նույնպես անհնար էր, քանի որ վերջիններս, հավանաբար, հրահանգված էր ոչինչ չասել:

Այսօր Ազգային Ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով միջադեպին, ասաց. - «Մենք հիմնավոր կասկածներ ունենք, թե կատարվածը սպանություն է», - ավելացնելով, որ մտահոգությունն արդեն փոխանցել են հանրապետության ներքին գործերի նախարարին եւ գլխավոր դատախազին:

Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենք հետեւելու են հարուցված գործի նախաքննության ընթացքին եւ հետամուտ ենք լինելու, որ կատարվածը բացահայտնի ամբողջովին:

«Հարցը լայն հասարակական հնչեղություն ունի եւ կապված է պետության հեղինակույթան հետ», - ասաց նա: - «Մենք նաեւ չենք վստահում նախնական եզրակացությանը, ըստ որի մեր հայրենակից Պողոս Պողոսյանը մահացել է սրտի անբավարարությունից: Համապատասխան մարմինները չե՞ն կարծում, արդյոք, որ տեղին է հրավիրել անկախ փորձագետներ՝ լրացուցիչ դիազննություն կատարելու նպատակով»:

Դդեպքի վայրում գտնվողներից այսօր միայն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշ տվյալներ ներկայացրեց լրագրողներին: Նա «Առագաստ» սրճարանից դուրս էր եկել դիակը հայտնաբերելուց մի քանի րոպե առաջ: Որեւէ քաշքշուք նախարարը չի նկատել: Նկատել է, սակայն, մի օտարերկրացու, որն անգլերեն գոռում էր՝ «Այստեղից չեմ հեռանա, մինչեւ չներկայանա դեսպանը»:

«Իհարկե, մահվան պատճառի մասին որեւէ կարծիք հայտնել չեմ կարող, սակայն, այն օտարերկրացու բարձրացրած աղմուկը այս պահին ես միանշանակ կարող եմ վերագրել, որ այնտեղ ինչ-որ բան նորմալ չէր, ինչ-որ բան տեղի ունեցել էր»:

Նախարարը խուսափեց կատարվածը նախագահ Քոչարյանի թիկնապահների հետ կապելուց: «Ես պատրաստ չեմ այս պահին որեւէ ձեւով դա կապել թիկնազորի կամ որեւէ այլ անձի հետ», - ասաց Դավիթ Հարությունյանը, ավելացնելով, որ իրեն մտահոգում է այն, որ բոլոր ականատեսները խուսափում են խոսել կատարվածի մասին:

Հանրապետության նախագահի մամլո գրասենյակն այսօր տարածել է հաղորդագրություն, որի համաձայն նշված դեպքի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն:

Հանրապետության գլխավոր դատախազը եւ ներքին գործերի նախարարը նախագահին զեկուցել են դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին: Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ակտիվացնել նախաքննության ընթացքը՝ ապահովելով ամենայն անաչառություն:

«Հաշվի առնելով, որ դեպքը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանից Հանրապետության նախագահի հեռանալուց հետո եւ այն, որ որոշ լրատվամիջոցների հրապարակումներում տեղի ունեցածը կապվել է ՀՀ Նախագահի անվտանգության ծառայության հետ, Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է ՀՀ Նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին՝ մինչեւ նախաքննության ավարտը կասեցնել անվտանգության ծառայության այն աշխատակիցների ծառայությունը, որոնք գտնվել են «Առագաստ» սրճարանում», - ասված է հաղորդագրության մեջ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG