Մատչելիության հղումներ

Հայաստանը բացում է իր օդային տարածքը հակաահաբեկչական գործողություններին աջակցելու նպատակով


«Հայաստանը ստացել է հակաահաբեկչական գործողություններին աջակցելու համար երկրի օդային տարածքը բացելու դիմում եւ համաձայնել է», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին այսպես պատասխանեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը, հիշեցնելով, որ Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել հակաահաբեկչական գործողություններին:

Այսօր ավելի վաղ՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Ստեփան Զաքարյանի նույնաբովանդակ հարցին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե պաշտոնական նման դիմում չի եղել, իսկ լինելու դեպքում խորհրդարանն անպայման կտեղեկացվի:

Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղարար Սերժ Սարգսյանը, որը նույնպես խորհրդարանում էր, «Ազատություն» ռադիոկայանին այսօր ավելի վաղ ասել էր. - «Այդպիսի պրակտիկա չկա դիմում ստանալու, բայց մենք պարբերական շփումներ ունենք Միացյալ Նահանգների հետ, ինչպես դեսպանների մակարդակով, այնպես էլ այլ մակարդակներով եւ մենք այդ գործում համագործակցում ենք», - ավելացնելով. - «Մեր օդային տարածքը ազատ է: Առանձնապես որեւէ արգելքներ չեն եղել, եւ այսօր էլ ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում մեր օդային տարածքով ինքնաթիռներ անցնելու համար, որոնք վտանգ չեն սպառնում մեր հանրապետությանը»:

Սերժ Սարգսյանն ասել էր նաեւ, որ նման հարցերով ԱՊՀ հավաքական անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել, «սակայն պարբերաբար կոնսուլտացիաներ են ընթանում ինչպես ՀԱՊ-ի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաների հետ, այնպես էլ գլխավոր քարտուղարի հետ»:

Ստացված դիմումի եւ դրան տրված պատասխանի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG