Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից վերջին շրջանում ձեռնարկված հայանպաստ քայլերը, մասնավորապես Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, ստեղծում են անհրաժեշտ նախադրյալներ ավելի սերտ համագործակցության համար», - այցից առաջ շեշտադրել է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, միեւնույն ժամանակ առանձնացնելով. - «Հայ ժողովուրդը պետք է հարգանքի տուրք մատուցի Հայաստանի հետ սերտ առնչություններ ունեցող եւ ողջ եվրոպական քաղաքակրթության ակունքներում կանգնած հոգեւոր հաստատությանը՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն՝ միաժամանակ հաստատուն կերպով մնալով իր ուրույն դավանանքն ունեցող Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա խանձարուրում ձեւավորված հայկական ինքնատիպ հավատքի ու մշակույթի ենթահողի վրա»:

Ընդհանուր առմամբ, Հռոմի պապի ժամանումը Հայաստանում հանգիստ ու բարյացակամ ֆոնի վրա է, եւ ժամանակի բերումով գուցե մեծ անցուդարձի կիզակետում հայտնվելու զգացողություն ավելի տալիս է նրանով, որ քանի նա Հայաստանում է, Միացյալ Նահանգները հակահաբեկչական հարվածներ չեն սկսի:

«Ազգ» թերթը այսօր էլ փոխանցում է արտգործնախարար Օսկանյանի խոսքը, որ «Հայաստանը պատրաստ է իր համեստ հնարավորությունների սահմաններում աջակցել միջազգային ահաբեկչության դեմ ձեւավորվող միջազգային կոալիցիային»: Չնայած դրան, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի մատուցմամբ, «Եթե Հայաստանը կարող է կարճ ճանապարհ դառնալ հակաահաբեկչական գործողությունների համար, բայց չի դառնում, դա նշանակում է, որ Հայաստանը առնվազն դուրս է մնում հակաահաբեկչական դաշինքից»: Մի խոսքով, վստահություն չի ներշնչում եւ շրջանցվում է:

«Ժամանակ» թերթը ուշադրություն է սեւեռել, որ «հակաահաբեկչական պատերազմի «պղտոր ջրերում» խոշոր ձկներ բռնելու մեծ ախորժակ է ցուցաբերում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Արեւմուտքի միջոցով իր համար բարենպաստ լուծելու համար»: «Եթե վաղը փորձեն աշխարհին համոզել, թե բեն Լադենը ծագումով ղարաբաղցի հայ է, չպետք է զարմանալ», - գրում է մեկնաբանը: - «Բայց չպետք է նաեւ թերագնահատել եւ հակահարված չտալ նույնիսկ ամենազառանցամիտ քարոզչությանը»: «Ժամանակ»-ի ամփոփմամբ, «թերեւս ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նոր իրողությունների համատեքստում լուսաբանելիս գտնում են, որ գլոբալ խնդիրների լուծման առաջնահերթության պատճառով Ղարաբաղի կարգավորումը մի քանի տարով կսառեցվի եւ ստվերում կմնա: Ադրբեջանին էլ չի հաջողվի հակաահաբեկչական պատերազմի թոհուբոհի մեջ ներքաշել Արցախի հարցը»:

Հայաստանում առանց այդ էլ թոհուբոհի պակաս չկա: «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում «Հանրապետություն» կուսակցության հանրահավաքի հրավերն է: Ռոբերտ Քոչարյանի իշխանության երկարաձգումը վտանգում է մեր երկրի զարգացումը, Հայաստանը աստիճանաբար կորցնում է պետականությունը, - ձեւակերպում է այս ընդդիմությունը՝ պատրաստվելով առաջիկա ուրբաթ օրը ներկայացնել «ապօրինի իշխանություններից ազատվելու իրավական եւ քաղաքական հիմքերը»:

«Առավոտ» թերթի առաջին էջին ՀՀՇ-ում տեղի ունեցած անկախության տասնամյակին նվիրված ընդունելությանը «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամներ Արամ Սարգսյանի եւ Վաղարշակ Հարությունյանի լուսանկարն է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, մակագրությամբ, թե այդպիսով հնարավորություն են տալիս «իշխանության գրպանում գտնվող գործիչներին ու քարոզիչներին՝ մոտակա 2-3 ամսվա ընթացքում դրա մասին խոսելու»։

Առանց սրա էլ, սակայն, «Երկիր» թերթն այսօր անդրադարձել է՝ նշելով. «Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հիմնադիրներից է մի քաղաքական կազմակերպության, որն իր որդեգրած գաղափարական ձեւակերպումներով շատ-շատ հեռու է հհշական լիբերալ-դեմոկրատիզմի ըմբռնումներից: Հետեւաբար, հիմքեր կան ենթադրելու, որ Արամ Սարգսյանին նախկին իշխանավորների դուռն է բերել բացահայտ քաղաքական շահը... Դա, անշուշտ, ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու ծարավն է»: «Անձնական վրիժառությունը միանում է քաղաքական վրիժառությանը», - որակված է «Երկիր»-ում:

Նախարար Դավիթ Զադոյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Շատ հաճելի կլիներ, եթե մեր երկու նախագահները միասին տոնեին։ Պետք է բոլորս աջակցեինք, որ այդպես լիներ։ Սակայն, չգիտես ինչու, շատերն աջակցում են, որ որքան այդ ճաքը մեծանա, այնքան լավ... սրա մեջ էլ այդքան մեծ չարիք չեմ տեսնում։ Ժամանակը յուրաքանչյուրին իր գնահատականը կտա, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը»։ Ըստ Դավիթ Զադոյանի, «անկախության համար պայքարած մարդիկ այսօր չեն գնահատվում ըստ արժանվույն»: Մինչդեռ «այն մարդիկ, ովքեր բացարձակ ոչնչի չէին մասնակցել, այսօր Աստված են դարձել, նրանք այսօր հերոսներ են... Հաճախ պարգեւատրման են ներկայացնում մարդկանց, ովքեր ոչ մի կապ չեն ունեցել կռվի հետ»։

«Մեր հասարակության մեջ կայունության հիմքը պետք է դառնան տնտեսության մասնավոր հատվածը եւ կայացած միջին դասը... Մասնավոր տնտեսական շահերի կուտակումը, դրանց ազդեցությունը քաղաքական ուժերի մեջ կձեւավորի պատասխանատվություն, ինչն իր հերթին կհանգեցնի հասարակական տեւական կայունության: Սա ագրեսիվ հեղափոխականության չեզոքացման ամենաճիշտ ուղին է». նախագահ Քոչարյանի սեպտեմբերի 21-ի ելույթից մեջբերելով այս հատվածը, «Առավոտ»-ի խմբագիրը հակադարձում է. «Այսօր, երբ ամբողջ բիզնեսը բաշխված է Միկայի, Լֆիկի, Գրանդ Տոբակիչի եւ մի շարք այլ, իշխանությունից ամբողջությամբ կախված բիզնեսմենների մեջ, արդյոք որեւէ նախադրյալ կա՞ միջին խավի ձեւավորման համար: Արդյոք որեւէ մարդ կարո՞ղ է իր, թեկուզ միջին, բիզնեսը սկսել՝ առանց Սերժ Սարգսյանի թույլտվության... Արդյոք Հայաստանում ամենախոշոր բիզնեսով չե՞ն զբաղվում Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ նախարարությունները, իսկ մնացածներին այդ գերատեսչությունները չե՞ն խեղդում, ճնշում եւ կեղեքում... Եվ այդ փնթի (կամ փնթիների) տնտեսությամբ հնարավո՞ր է միջին խավ ստեղծել ու խուսափել ագրեսիվ հեղափոխականությունից», - եզրափակել է խմբագիրը հռետորականի մղված հարցով:

«Իրավունք»-ի մեկնաբանն էլ արձագանքել է. «Միջին խավի ձեւավորման համար անհրաժեշտ է նախեւառաջ սահմանափակել նախագահի անմիջական շրջապատի ֆինանսական օլիգարխների ախորժակներն ու ապօրինի արտոնությունները», երկրի զարգացման հիմնական խոչընդոտ է եւ պետական ապարատը: Ընդհանուր առմամբ, մեկնաբանի հայացքով, Հայաստանում իրոք սկսվել է նախագահական ընտրարշավ: Դրա ակնհայտ նշաններից է համարվում հանգամանքը, որ «հրապարակավ հնչում են այնպիսի հիմարություններ, որոնք հնարավոր են միմիայն նախընտրական շրջանում», ինչպեսեւ՝ իշխանություն-ընդդիմություն «երկկողմանի ցուցադրական անհանդուրժողականությունը»:

«Հականախագահական ընդդիմությունը, դեռեւս չունենալով նախագահի միասնական թեկնածու, առայժմ բավարարվում է «ընդդեմ» ասված թունդ ելույթներով, սակայն վաղ թե ուշ կգա նաեւ խոստումներ շռայլելու ժամանակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ սկսել է խոստումներ տալու նոր փուլը», - սահմանագրված է «Իրավունք»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG