Մատչելիության հղումներ

Երեւանում օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին





Կիրակի օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը օծեց Երեւանի կենտրոնում վեր խոյացած աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցին: Օծման արարողությունը, որին ներկա էին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնեական եկեղեցիների հոգեւոր պետերն ու ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետության ղեկավարները, բազմաթիվ հյուրեր ամբողջ աշխարհից, դարձավ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակի տոնակատարությունների գագաթնակետը:

«Աստծո կամքով այսօր 1700 տարիներ անց քաղաքամայր Երեւանում հառնել է մի նոր տաճար, որ սրբագործեցինք Լուսավորիչ Հայրապետի սուրբ անունով: Հպարտ ենք մեր ժողովրդով, որ դժվարությունների մեջ հանձնառու եղավ կառուցելու այս տաճարը՝ Հայոց ամենամեծ եկեղեցին, քանզի հոգու իր ամենաազնիվ մղումը, մտքի լավագույն հորինվածքը եւ ձեռքի ամենաճարտար կերտվածքը միշտ մատուցել է Աստծուն», - հայրապետական իր խոսքում ասաց Գարեգին Բ կաթողիկոսը:

Վեհափառը հիշատակեց եկեղեցու բոլոր հովանավորների անունները, որոնց նվիրատվությունների շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել Մայր եկեղեցու կառուցումը:

«Երկար տարիների սահմանափակումներից, հետապնդումներից եւ արգելքներից հետո Հայաստանի անկախության տասներորդ տարեդարձը նշանավորվում է հատկանշանակ իրադարձությամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված եկեղեցու բացմամբ եւ օծմամբ», - շնորհավորանքի եւ բարեմաղթանքի իր խոսքում ասաց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդը:

1990 թվականին Մայր եկեղեցու հուշաքարն օրհնել էր երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի հայրապետության օրոք կատարվեցին եկեղեցու կառուցման հիմնական աշխատանքները, որոնք սկսվել էին 1997 թվականին: Իսկ 2000 թվականի հուլիսի 26-ին եկեղեցու խաչերն օրհնել էր եւ այսօր այն օծեց արդեն Գարեգին Բ կաթողիկոսը:


Աննա Կարապետյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG