Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է իր անկախության տասնամյակը


1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով հնչակեց իր անկախությունը՝ ծնունդ տալով Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն այսօր նշում է իր տասնամյա հոբելյանը:

«Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային համալիրում Հայաստանի անկախության տասնամյակի եւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով Հայաստանի նախագահ Ռոբեր Քոչարյանի ընդունելությանը ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Միացյալ Նահանգներում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:

Անկախության հոբելյանին նվիրված իր ելույթում նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց, իր բնորոշմամբ՝ մեր դժվարին ու սրբազան ուղին, հավաստիացրեց, որ չնայած բազում դժվարություններին, հիմնավոր քայլեր են արվել առաջընթացի ուղղությամբ:

Ամենացավոտն անվանելով աշխատեղերի խնդիրը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ շուտով այս ոլորտում դրական տեղաշարժեր կլինեն բազմաթիվ ընտանիքների համար: Նախագահը հայտատարեց նաեւ. - «Շուտով հրաժեշտ կտանք աղետի գոտի հասկացությանը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի նախագահն ասաց. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախությունը չի կարող լինել առեւտրի առարկա»:

Այնուհետեւ զանգերի ղողանջի ներքո ընդնունելությունների դահլիճ եկած Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկայացրեց քրիստոնեական 1700֊-ամյա ճանապարհի «լուսեղեն խորհուրդը», կոչ արել ծառայել մեր անկախ պետականությանը, հավատարիմ մնալ ազատությանը:

«Բանակ, սեփական դրամ, արտաքին գործերի նախարարություն, պիտի ունենայինք՝ ունեցանք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի Երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը: - «Մնացած կառույցները հիմնականում ժառանգած են երկրորդ հանրապետությունից, որն ին հերթին ինչ-որ կառույցներ ժառանգել էր առաջին հանրապետությունից»:

Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ անկախության ամրապնդման համար խիստ կարեւոր էր հաղթանակը Արցախի պատերազմում, «բայց դեռ մինչեւ վերջ ավարտված չէ»:

«Եթե ինձ հարցնեին, անկախության մասին, որ երազում էիք, առաջին տասը տարում այսպիսի՞ արդյունքներ էիք տեսնում, իհարկե՝ ոչ», - ասաց Վազգեն Մանուկյանը, ավելացնելով, որ մենք կորցրել ենք մեր նպատակի վեկտորը, իսկ առանց դա գտնելու ինչ֊որ բանի հասնել հնարավոր չէ:

Շարքային քաղաքացիների կարծիքով, անկախության տարիներին եղել են թե ձեռքբերումներ, եւ թե կորուստներ: Շատերը բողոքում էին սոցիալ-տնտեսական վատ պայմաններից, գործազրկությունից:

«Անկախությունն ու ազատությունը ընդհանրապես շատ լավ բան է», - ասաց մակավարժ տիկին Ալինան: Նրա խոսքերով, որոշ մարդկանց անսահման ազատությունը մյուսների վրա բռնանալու հնարավորություն է ստեղծում՝ «Բարձրում եղած մարդիկ այդ ազատությունն ու անկախությունը օգտագործում են ի շահ իրենց, իսկ ճնշվածներ ու ընչազուրկները ավելի վատ վիճակի մեջ են ընկել»:

Երիտասարդներն ավելի շատ դրականն են տեսնում: Մի ուսանողուհու կարծիքով, «ամեն ինչ փոխվել է, ճանապարհները բացվել են, արտասահմանի հետ կապ կա, ավելի շատ գրքեր կարդալու հնարավորույթան կա»:


Ռուզան Խաչատրյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG