Մատչելիության հղումներ

Իսպանական ընկերությունը չի մասնակցելու Հայաստանի էլեկտրացանցերի մասնավորեցման մրցույթին


Անցած շաբաթ՝ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի ժամանակ, Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը Երեւանում հայտարարել էր, թե Հայաստանի էլեկտրացանցերի ձեռքբերման մեջ շահագրգիռ ռուսաստանյան ընկերությունները՝ «ՌԱՈ ՅԵ-Է-ԷՍ»-ը, «Գազպրոմ»-ը եւ «Իտերա» միջազգային խումբը, միանշանակորեն մասնակցելու են միջազգային մրցույթին՝ իրենց արտասահմանյան գործընկերներ, մասնավորապես, իսպանական «Յունիոն Ֆենոզա» էներգետիկական ընկերության հետ համատեղ:

Սակայն, «Յունիոն Ֆենոզա»-ի պատասխանատուներից մեկը, որը չկամեցավ հրապարակել իր անունը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, պաշտոնապես հերքեց այդ տեղեկությունը:

Ավելին՝ - «Մենք հարցը խորապես ուսումնասիրել եւ վերլուծել ենք ու որոշել ենք չմասնակցել գործընթացին։ Մենք հայտ չենք ներկայացնելու եւ գործընթացից դուրս ենք», - ասաց «Յունիոն Ֆենոզա»-յի ներկայացուցիչը, ավելացնելով, որ ընկերությունը արդեն կատարել է այս տարվա ներդրումների պլանը: Նա ակնարկեց նաեւ, որ իրենք երկար ու ձգձգված միջազգային մրցույթների չեն մասնակցում։

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման նախորդ մրցույթի եզրափակիչ փուլ, իսպանական ընկերությունից բացի, դուրս էին եկել նաեւ ամերիկյան «Էյ-Ի-ԷՍ Սիլք Րոուդ» եւ շվեդաշվեյցարական «ԷՅ-ԲԻ-Բի» ընկերությունները: Մրցույթի եզրափակիչ փուլին, սակայն, նրանցից ոչ մեկը հայտ չներկայացրեց, եւ մրցույթը տապալվեց։

Իսկ Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց էլեկտրաբաշխիչ ցանցերի մասնավորեցման նոր միջազգային մրցույթի ժամկետները: Հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին, իսկ նախնական հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետ է սահմանված սեպտեմբերի 21-ը։

Հայտատուները իրենց առաջարկությունների փաթեթը պետք է ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 30-ը։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը միանշանակորեն հերքեց, թե նախաորակավորման փուլի երկարաձգումը կապված է ռուսաստանյան ընկերությունների մասնակցությունն ապահովելու հետ:

«Հետաձգումը պայմանավորված չէ ռուսական ընկերությունների մասնակցությամբ, որովհետեւ այդ ժամկետները սկզբունքորեն ամրագրված են եղել այն առաջարկության մեջ, որը հղվել է մեկ ամիս առաջ՝ դեռեւս անորոշ թվով սուբյեկտների», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Ի տարբերություն բաշխիչ ցանցերի, որոնց ապագան դեռ անորոշ է, Հայաստանի խոշոր օբյեկտներից մեկի՝ Արարատի ցեմենտի գործարանի ապագա սեփականատիրոջ անունը արդեն հայտնի է։ Խոշոր օբյեկտների մասնավորեցման պետական հանձնաժողովը որոշել է առաջնությունը տալ շվեյցարական «Հոլսիմ» ընկերությանը։

«Հոլսիմ»-ը հանձնառել է գործարանի դիմաց վճարել 6 միլիոն դոլար, եւս 4 միլիոն՝ իբրեւ հողի վճար։ Բացի այդ շվեյցարական ընկերությունը պարտավորվել է առաջիկա երեք տարիներին ձեռնարկության զարգացման մեջ ներդնել 12 միլիոն դոլար, ինչպես նաեւ 6 միլիոն դոլար հատկացնել 600 աշխատատեղ ունեցող գործարանի սոցիալական կարիքներին։

Գործարանի կոլեկտիվը, որը ղեկավարում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, մրցույթի հայտ չէր ներկայացրել: Շվեյցարական ընկերության ներկայացուցիչը մրցույթից հետո հայտարարել է, որ մասնավորեցումից հետո Արամ Սագսյանը կշարունակի կատարել «Արարատ- ցեմենտ»-ի գործադիր տնօրենի պարտականությունները:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG