Մատչելիության հղումներ

Նաիրի Հունանյանը դիմում է ՀՅԴ-ին՝ իրեն կուսակցությունից հեռացնելու մասին որոշումը վերանայելու խնդրանքով


«Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության այսօրվա նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, ասելով, թե Դաշնակցությանն իր առնչությունները շահարկումների առիթ են տվել եւ տալու են, հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ես կարեւոր համարեցի դիմել ՀՅԴ Հայաստանի կենտրոնական կոմիտեին 1992 թվականի նոյեմբերի 25-ին կայացրած որոշումը, որով ինձ հեռացրել են ՀՅԴ շարքերից, վերատեսության ենթարկելու եւ վերաքննելու հայցով»:

Փաստաբաններից մեկի հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում նման հայտարարությունը, ամբաստանյալ Հունանյանը կրկնեց, որ ինքը չհիմնավորված է համարում իրեն կուսակցությունից հեռացնելու մասին Կենտրոնական կոմիտեի որոշումը:

Իսկ «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովը այսօր քննարկում էր ստացված դիմում-բողոքները:

Երբ ավարտվի «Հոկտեմբերի 27»֊-ի գործի դատավարության ապացույցների գնահատման փուլը, նախկին մեղադրյալ, լրագրող Նաիրի Բադալյանը դիմելու է դատարան՝ խնդրելով քննել այս գործի նախաքննության ընթացքում իր ձերբակալության, իր դեմ տրված ցուցմունքների ծագումնաբանության, իր նկատմամբ կիրառված խոշտանգումների հանգամանքները:

Հայցին աջակցելու խնդրանքով Բադալյանը դիմել էր «Հոկտեմբերի 27»֊-ի գործով պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովին, որի անդամներին ներկայացնելով իր փաստարկները, Նաիրի Բադալյանը մանրամասնությամբ ներկայացրեց իր ձերբակալության, մեկուսարանում իրեն ծեծի ու խոշտանգումների ենթարկելու մանրամասները:

Ըստ Նաիրի Բադալյանի պատմածի, դեռեւս 1999֊ի նոյեմբերի 1-ին իրեն «առավոտյան տանից տարել են զինդատախազություն, բռնությունների ենթարկել, գիշերը տարել թիվ մեկ մեկուսարան: Զինվորական ոստիկանության մեկուսարանի պետը հրաժարվել է ինձ ընդունել: Կանչել է հերթապահ բժշկին, որն արձանագրություն է կազմել, որպեսզի հետագայում դա իրենց չվերագրվի»:

Այս արձանգարությունն է, որ պահպանվել է եւ որը ձեռք է բերել պատգամավորական հանձնաժողովը:

Այսօրվա նիստում հանձնաժողովը լսեց նաեւ գործով ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի նամակն ուղղված հանձնաժողովին, որն ուղարկել է իր պաշտպան Աղասի Աթաբեկյանի միջոցով եւ որում տեղեկացնում է նախաքննության ընթացքում իր հանդեպ կիրառված բռնությունների մասին: Ստեփանյանը պնդում է, որ իր նախաքննական ցուցմունքները բռնության եւ սպառնալիքի արդյունք են, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հանձնաժողովը պատրաստվում է Ազգային Ժողովի հաջորդ եռօրյայում հանդես գալ իր կատարած աշխատանքի շուրջ միջանկյալ հաղորդումով:



Արմեն Զաքարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG