Մատչելիության հղումներ

Թուրքերին ռասիզմի համար մեղադրող հայցի մերժումը շվեյցարական դատարանի կողմից հարուցել է շվեյցարահայերի վրդովմունքը


Բեռն, Շվեյցարիա («Ասոշիեյթեդ Փրես» եւ «Ազատություն» ռադիոկայան). - Աննախադեպ դատավարությունից հետո շվեյցարական դատարանը ուրբաթ օրը անմեղ է ճանաչել այն թուրքական կազմակերպություններին, որոնք մեղադրվում էին առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանություն փաստը վիճարկելու համար:

Հայցը հիմնված էր Շվեյցարիայում 1995 թվականին ընդունված ռասայական խտրականության մասին օրենքի վրա, որով քրեորեն հետապնդելի է համարվում «ցեղասպանությունը կան մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ժխտելը, դրանք նվազեցնելը կամ արդարացնել ձգտելը»: Մինչեւ այժմ օրենքը կիրարկվել է միայն նացիստների իրականացրած Հոլոքոսթի փաստը ժխտողների նկատմամբ:

Հայ-շվեյցարական ընկերակցությանը քրեական հայցը ձեւակերպել էր 1997 թվականին` հակառակվելով թուրքական ընկերակցությունների մի նամակի, ուր ասվում էր, թե «Հոլոքոսթի եւ հայ բնակչության տեղահանության միջեւ նմանությունը անհիմն է»:

«Չի կարելի խոսել «ցեղասպանության» մասին, քանի որ Օսմանյան կառավարությունը երբեք մտադրություն չի ունեցել «ոչնչացնել» հայերին», - ասված էր Շվեյցարիայում թուրքական կազմակերպությունները համակարգող մարմնի կողմից կազմված այդ նամակում:

1995 թվականին Շվեյցարիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հարցապնդումից եւ հայ համայնքի 5000 անդամների ստորագրությամբ դիմումից հետո, Թուրք-շվեյցարական ընկերակցությունը հանդես էր եկել Շվեյցարիայի կառավարությանն ուղղված այդ նամակով, որում հերքվում էր Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ավելի քան մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը: Դատարանի նախագահ Լեյնհարտ Օխսները մերժել է հայցը առարկայական փաստերի բացակայության պատրվակով, ասելով, թե ապացույցներ չկան, որ թուրքերը գիտակցաբար խախտել են ռասայական խտրականության մասին օրենքը: Նամակը սոսկ Շվեյցարիայի թուրքական համայնքի կարծիքը հնչեցնելու փորձ էր, եզրահանգել է դատավորը:

«Նրանք ցանկացել են պահպանել իրենց հայրենիքի անբիծ կերպարը», - դատավճռում ասել է Օխսները: Հայցն իր տեսակի մեջ առաջինն էր աշխարհում:

Դատավորն ասել է, թե մեղադրվողներից ոչ ոք պատմական իրադարձություններին ծանոթ գիտնական չէ: Բոլորը կրել են հայերի հայտարարությունների՝ թուրքական մեկնաբանության ազդեցությունը:

Հայ-շվեյցարական ընկերակցությանը հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը: Ծագումով հայ երկու հայցվորներից մեկը՝ Սարգիս Շահինյանը այսօր հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «ցնցված ու վիրավորված է» նման դատավճռից, որը, իր խոսքերով «ընդհանուր ոչինչ չունի շվեյցարական օրենքների հետ» եւ հետեւանք է քաղաքական դրդապատճառների: Նա ասաց, որ Օխսների դատավճիռը արդյունք է «թուրքական ճնշումների»:

Շվեյցարական կառավարությունը հրաժարվում է «ցեղասպանություն» որակումն օգտագործելուց, օրենսդիրները, սակայն, մի քանի անգամ փորձել են ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել:

Հայերը, որոնց պաշտպանում են բազմաթիվ օտարերկրյա պատմաբաններ, պնդում են, որ 1,5 միլիոն հայեր են սպանվել 1915-1923 թվականների ընթացքում, երբ Օսմանյան կայսրությունը նրանց բռնի տեղահանում էր արեւելյան Թուրքիայից եւ որ դա այն տարիների Թուրքիայի ղեկավարների կողմից միտումնավոր կերպով իրականացվող ցեղասպանություն էր:

Զարգվածային սպանությունները ցեղասպանություն են ճանաչվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի, մի շարք պետությունների (ներառյալ Ֆրանսիան, Արգենտինան եւ Ռուսաստանը), ինչպես նաեւ ԱՄՆ-ի 11 նահանգների կառավարությունների կողմից: Ի պատասխան Ֆրանսիայի խորհրդարանի որոշման, այս տարվա հունվարին Թուրքիան չեղյալ էր հայտարարել ֆրանսիական ընկերությունների հետ միլիոնավոր դոլարների արժողությամբ պայմանագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG