Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարը դինամիկ է որակում ռուս-հայկական ռազմական համագործակցությունը





Վլադիմիր Պուտինի այցի նախօրեին հինգշաբթի Երեւան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը ասում է, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններին ի պատասխան Ռուսաստանն առայժմ հատուցման ոչ մի գործողություն չի պլանավորում: Հայաստանի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներում տեղի ունեցածը կփորձի օգտագործել Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններ սկսելու համար:

«Զվարթնոց» օդանավակայանում Սերգեյ Իվանովը, լրագրողների խնդրանքով մեկնաբանեց Պուտինի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկու հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է կանխիչ հարվածներ հասցնել այն պետությունների տարածքին, որտեղից Ռուսաստանի ազգային շահերի դեմ ռազմական սպառնալիք է բխում: Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասաց, թե ոչ ոք կոնկրետ կոորդինատներով չի կարող ասել, թե Ռուսաստանի անվտանգության դեմ որ կետից սպառնալիք կա: «Եթե աշխարհագրությունը նկատի ունենք, սպառնալիքը բխում է շատ կետերից: Հիմա բոլորը հասկանում են, որ սպառնալիքը միջազգային ահաբեկչությունն է, որը կարող է այսօր տեղակայվել մեկ վայրում, իսկ վաղը՝ այլ»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կոնկրետ գործողություններին, ապա, պաշտպանության նախարարի խոսքերով, արդեն երկու տարի է Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում Չեչնիայում եւ փորձում է ապացուցել, որ պայքարում է ոչ թե չեչեն ժողովրդի, այլ միջազգային ահաբեկչության դեմ: «Այն մարդկանց դեմ, ովքեր ֆինանսավորում են ահաբեկիչների ռազմական խմբավորումները, զինամթերք են մատակարարում», - ասաց Սերգեյ Իվանովը, ավելացնելով. - «Այն որ Բալկանները, Չեչնիան փոխկապակցված են արդեն բոլորի համար պարզ եւ ակնհայտ է»:

Պատասխանելով ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններին չեչեն ահաբեկիչների հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցին, Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասաց. «Մենք տվյալներ չունենք, որ հաստատեն չեչեն ահաբեկիչների մասնակցությունը այդ ահավոր ահաբեկչական գործողությանը», - միաժամանակ նշելով. - «Մենք բոլոր հիմքերն ունենք, եւ հավատացեք սա մտացածին չէ, այլ կոնկրետ ինֆորմացիա, որ Չեչնիայում գտնվողները Ուսամա Բին Լադենի հետ կապեր ունեն»:

Նրա խոսքերով, միջազգային ահաբեկչության սարդոստայնը բավականին հստակ է երեւում՝ «ինչպես նախկինում բազմիցս ասվել է՝ Կոսովոյից մինչեւ Ֆիլիպիններ, իսկ կենտրոնը Աֆղանստանն է»:

ԱՄՆ-ի հնարավոր պատասխան գործողություններին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ Սերգեյ Իվանովը ասաց, որ Ռուսաստանը հատուցման ոչ մի գործողություն չի պլանավորում: Իվանովը տեղեկացրեց, որ պարբերաբար զրույցներ է ունենում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆիլդի հետ:

«Մենք կարող ենք ամեն կերպ աջակցել հետաքննությանը, բայց կարծում եմ հատուցման մասին պետք է խոսել միայն այն ժամանակ երբ մեղավորները հայտնաբերված լինեն, երբ փաստեր լինեն», - ասաց նա:

Անդրադառնալով ռուս-հայկական ռազմական համագործակցությանը, Սերգեյ Իվանովն ասաց, որ այդտեղ հիմնական ուղղություններից մեկը հակաօդային պաշտպանությունն է: Նրա խոսքերով, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը ժամանակակից սպառազինություններ ունի, եւ ունակ է պաշտպանել Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանում ձեւավորվող տրամադրություններով, ԱՄՆ-ում տեղի ունեցածը կարելի է օգտագործել Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններ սկսելու համար, նախ ասաց, որ եթե նման հայտարարություններ, տրամադրություններ կան, ապա ինքը կարծում է, որ դրանք Ադրբեջանի պետության կարծիքը չեն արտահայտում: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով, ադրբեջանցիները պետք է վստահ լինեն, որ Ղարաբաղում խոսք չի կարող լինել ահաբեկիչների մասին: Այդուհանդերձ, եթե նրանք անգամ նման բան են մտածում, եւ չեն բացառում գործողությունների դիմելու հնարավորությունը, «ապա կարծում եմ, նրանց այդ փորձը շատ ողբերգական հետեւանքներ կունենա առաջին հերթին հենց իրենց համար, որովհետեւ հայկական զինված ուժերը առավել քան երբեք այսօր մարտունակ են», - ասաց Սերժ Սարգսյանը:

Մինչեւ այժմ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մոտ 40 փաստաթղերին այս այցի ընթացքում կավելալան եւս 7-ը: Ռուսաստանի պաշտպանության նախարարի գնահատմամբ, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում մեր ռազմական համագործակցությունը դինամիկ է զարգանում:

Ստորագրվելիք փաստաթղթերից մեկը՝ Ռուսաստանից Հայաստան գործուղվող ռազմական խորհրդատուների եւ մասնագետների կարգավիճակի մասին համաձայնագիրը թույլ կտա նրանց համար հստակ իրավական կարգավիճակ սահմանել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG