Երեւանում այսօր սպանվել է պետեկամուտների նախկին նախարար, Հայաստանի վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: Ենթադրվում է, որ սպանությունը կապված է Պողոսյանի աշխատանքային գործունեության հետ: Նախաքննությունն իրականացնող իրավապահներն առայժմ գաղտնի են պահում շրջանառվող վարկածները:
Սեպտեմբերի 11-ին առավոտյան 9.15-ին սովորականի պես Գագիկ Պողոսյանը պատրաստվել է գնալ աշխատանքի Թումանյան 35 շենքի իր բնակարանից: Մուտքի դուռը բացելիս պայթել է դրսի կողմից դռան բռնակին ամրացված նռնակը: Պայթյունի հետեւանքով 49-ամյա Գագիկ Պողոսյանը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ առանց գիտակցության գալու մահացել է: Վիրավորվել է նաեւ Գագիկ Պողոսյանի 19-ամյա որդին, որը նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների հավաստմամբ, վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:
Նախկինում գործարար Գագիկ Պողոսյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մերձավոր մարդկանցից էր, եղել է Ազգային ժողովի պատգամավոր, 2000թ. մայիսից մինչեւ հոկտեմբեր զբաղեցրել է պետեկամուտների նախարարի պաշտոնը: 2001 թվականի հուլիսից վարչապետի վերահսկողության ծառայության պետն էր:
Նրա աշխատանքային գործունեությունն առնչվել է Հայաստանի խոշոր բիզնեսի նաեւ ստվերային հատվածին, նա բավական ընդգրկուն տեղեկություններ ուներ այդ ոլորտի վերաբերյալ: Վարչապետի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում նա իր գործունեությունը սկսել էր բնապահպանության ոլորտում չարաշահումների բացահայտումով:
Հսյաստանի վարչապետն ու կառավարությունը, ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, «խորապես վշտացած են ՀՀ վարչապետի վերահսյողության ծառայության պետ, վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանի ողբերգական մահվան կապակցությամբ»:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո սա բարձրաստիճան պաշտոնյայի սպանության առաջին դեպքն է:
Շաքե Ավոյան, Երեւան