Մատչելիության հղումներ

Հանրահավաքի մասնակիցը ենթարկվել է 10-օրյա վարչական կալանքի


Ուրբաթ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ րոպեավճարի կիրառման դեմ հանրահավաքին եւ երթին մասնակցած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը բերման է ենթարկվել Երեւանի Արաբկիր համայնքի ՆԳ բաժին: Մակեյանի կուսակիցների վկայությամբ, իրավապահների գործողություններն ուղեկցվել են բռնություններով:

Որոշ մանրամասներ հաղորդեց Արշակ Սադոյանը. «Կոտրել են դուռը, տանը ամեն ինչ ավերված է: Տպավորությունն այն էր, որ շատ հապճեպ փորձել են խուզարկություն անցկացնել... ոչ խուզարկության իրավունք են ունեցել, ոչ ՆԳ բաժին հրավիրելու իրավունք»:

Սադոյանն ավելացրեց, որ շաբաթ օրը վաղ առավոտյան՝ ժամը 4-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում է ընդունել Պետրոս Մակեյանին 10 օրով ենթարկել վարչական կալանքի՝ «չարտոնված երթին մի խումբ անձանց հետ փողոցային կանոնավոր երթեւեկությանը խոչընդոտելու եւ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին չարամտորեն չենթարկվելու համար»:

Արշակ Սադոյանի ենթադրությամբ, հանրահավաքի մասնակիցներից կալանվել է հատկապես Պետրոս Մակեյանը, քանի որ վերջինս ԱԺ պատգամավոր չէ, եւ դա նշված է դատարանի որոշման մեջ:

Անդրադառնալով երեկվա իրադարձություններին, Արշակ Սադոյանը տեղեկացրեց, որ դեռեւս քսան օր առաջ իրենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ էին ներկայացրել: Քաղաքապետարանից նրանց պատասխանել էին, թե 45 օր շարունակ այդ ժամին հրապարակում համերգներ են անցկացվելու: Հանրահավաքի նախօրեին համաձայնություն էր ձեռք բերվել այն անցկացնել ժամը 17.00-ից մինչեւ 18.00: Սակայն, երբ համաձայնեցված օրն իրենք գալիս են հանրահավաքի, հրապարակում իրենց սպասող ոստիկաններն ասում են, թե հանրահավաքն արտոնված չէ: Դրանից հետո, Արշակ Սադոյանի խոսքերով, «ստեղծվեց անկառավարելի իրավիճակ, անխուսափելի էին լուրջ բախումները: Մենք խորհրդակցելով եկանք այն եզրակացության, որ պետք է ձեւ գտնենք, որպեսզի հնարավոր լինի այդ բախումը կանխել»: Եվ որպես լավագույն տարբերակ ընտրվեց երթը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG