Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը համատեղ հայտարարությամբ պահանջում է Քոչարյանի պաշտոնանկությունը





Այսօր տեղի ունեցած «Հանրապետություն» կուսակցության առաջին համագումարում հրապարակվեց «Հանրապետության», ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) եւ «Ազգային միաբանության» համատեղ հայտարարությունը, որում նախագահ Քոչարյանը մեղադրվում է հանրապետությունում ստեղծված «սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական եւ քաղաքական խորը ճգնաժամի» համար: Այս համատեղ հայտարարությունը, թերեւս, հող է ստեղծում ընդդիմադիր դաշինքի ձեւավորման համար, որի մասին, սակայն, այսօրվա համագումարում խոսք չեղավ:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդներն են նախկին վարչապետ Արամ Սարգսյանը եւ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Կուսակցությունը բաղկացած է հիմնականում «Երկրապահ» կամավորական միության անդամներից, որոնք այս տարվա փետրվարին դուրս են եկել ՀՀԿ-ից (Հայաստանի հանրապետական կուսակցություն): Համագումարում հայտարարվեց, որ այժմ կուսակցությունն ունի մոտ 4700-ից ավելի անդամ եւ սկզբնական կազմակերպություններ Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Համագումարին ներկա էին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր:

«Հանրապետության նախագահը, որը պետք է լիներ երկրի օրենքների եւ օրինականության առաջին երաշխավորը, բազմիցս խախտել է Սահմանադրությունը, հովանավորել ու հովանավորում է ահաբեկչությունը... ուղղորդել «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը՝ բացահայտ հովանավորչություն հանդես բերելով ահաբեկիչների նկատմամբ», - ասված է երեք կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները «հանցավոր» են որակում երկրում վարվող տնտեսական քաղաքականությունը, պնդում են, որ «չունենալով ժողորդի վստահությունը, նախագահը լուրջ խոչընդոտ է դարձել Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի լուծման ճանապարհին: Նախագահի խրախուսման պայմաններում անարգել ծաղկում են ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, կաշառակերությունը, «ի զորու չլինելով ստեղծարար աշխատանքի՝ նախագահը դիմում է քաղաքական խարդավանքների, փորձելով տրոհել ու փոշիացնել քաղաքական կուսակցությունների ուժերը»:

«Միայն Ռ. Քոչարյանի պաշտոնանկության պարագայում հնարավոր կլինի կյանքի կոչել երկիրը վերականգնելուն, սոցիալական արդարություն եւ օրենքի գերիշխանություն հաստատելուն նպատակաուղղված գործողությունների համապարփակ ծրագիր, գործ որը ժողովրդի հետ համատեղ ի զորու են ստանձնել երկրի առողջ ուժերը»,- եզրակացնում են հայտարարության հեղինակները:

Նույն ոգով էին ներթափանցված նաեւ համագումարում հնչած բոլոր ելույթները:

«Մենք պարտավոր ենք արձագանքել հասարակության պահանջին եւ կազմակերպել ու սահմանադրական ճանապարհով իրականացնել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը: Քոչարյանի վարչախմբի հեռացումը եւ օրինական իշխանությունների ձեւավորումը մեր երկրի զարգացման առաջին նախապայմանն է եւ ժամանակի հրամայականը», - իր ելութում ասաց Ալբերտ Բազեյանը, ավելացնելով, որ այդ նպատակով «Հանրապետություն»-ն արդեն սերտորեն համագործակցում է ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության» հետ: Համագործակցության լուրջ հնարավորություններ կան կոմկուսի, «Ազգային համաձայնության ճակատ»-ի հետ:

Բազեյանի կարծիքով օրվա իշխանության նկատմամբ անհանդուրժողականությունը, ժողովրդի հիմնական նպատակների շուրջ համաձայնության ձգտումը կարող է դառնալ ընդդիմության միավորող առանցքը:

Նախագահին սատարող կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր», արժանացան Ալբերտ Բազեյանի խիստ քննադատությանը: Իր նախկին կուսակցությունը (Հայաստանի հանրապետական կուսակցությունը), օրինակ, «փաստորեն վերածվել է ստեղծված արատավոր իշխանական համակարգի կցորդի»:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց. «Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրականացում եւ արդար ընտրությունների կազմակերպում. սա է երկիրը բնական վիճակին վերադարձնելու առաջին բանաձեւը: Երկրորդ՝ նոր իշխանությունների ձեւավորում: Մեր կուսակցությունը պատրաստ է ստանձնել նոր իշխանության ձեւավորման պատասխանատվությունը»:

Համագումարն ընտրեց 15 անդամից բաղկացած քաղաքական խորհուրդ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ ընտրվեց Ալբերտ Բազեյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG