Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Որեւէ մեկն այսօր չի կարող հաստատ ասել՝ Հայաստանում ի վերջո սեպտեմբերի մեկից րոպեավճարը գործում է, թե ոչ: Այստեղ 50/50 է», - առավոտվա դրությամբ արձանագրել է «Հայկական ժամանակ»-ը, կրկին հատուկ շեշտադրելով նաեւ, որ «մեր իշխանությունները այնպիսի վայնասում են բարձրացրել րոպեավճարի շուրջ, կարծես իրենք չեն «ԱրմենՏել»-ին նման հնարավորություն տվել»:

«ԱրմենՏել»-ի ղեկավարության համար Հայաստանի իշխանությունների խոսքն ընդամենը 10 տոկոսի արժեք ունի: Այսինքն՝ ճիշտ այնքան, որքան հայրենի կառավարությունն արժեթղթեր ունի այդ ձեռնարկության մեջ, - հաշվարկում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Այս ողջ պատմությունը պարզորոշ դարձնեց մեկ այլ իրողություն եւս. իշխանության վարկանիշը սեփական ժողովրդի աչքում կարող է այդ 10 տոկոսից էլ նվազել, եթե ժողովուրդը մի անգամ էլ հրապարակավ տեսնի, որ այն անզոր է պաշտպանել իր շահերը: Ընդ որում, այստեղ էական չէ՝ որքանով են հիմնավոր «ԱրմենՏել»-ի եւ կառավարության փաստարկները, էականն այն է, որ «ԱրմենՏել»-ը փաստորեն բանի տեղ չի դնում կառավարությանը: Գրեթե նմանատիպ իրավիճակ է առաջանում նաեւ ցլամարտ անցկացնել-չանցկացնելու հարցում: Երբ այս խնդրի առնչությամբ իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը... պարզ դարձավ, որ պետական մակարդակով քրիստոնեության 1700-ամյակը նշելը ամենեւին չի ենթադրում, թե որեւէ ՍՊԸ տնօրեն պիտի հարգի Հայ Առաքելական եկեղեցու տեսակետը, եթե խոսքը վերաբերում է շահույթ հետապնդող ձեռնարկի»:

«Հայոց Աշխարհ»-ը ամփոփիչ ընդգծել է. «Իշխանության (աշխարհիկ կամ հոգեւոր) վարկանիշը հանրության մեջ ամրապնդվում է ոչ թե առիթով ու անառիթ արտասանվող գեղեցիկ, ծաղկազարդ ու վերամբարձ հայտարարություններով, այլ նույնիսկ կենցաղային մակարդակում, առաջին հայացքից փոքրիկ թվացող խնդիրների պարագայում այդ իշխանության կողմից սեփական տեսակետն ու ցանկությունը իրականացնելու հնարավորությամբ»:

Տնտեսական ընթացիկ քաղաքականությունն ու արդյունքները, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի հավաստմամբ, խոստումնալից են, եւ նա բոլորին էլ խորհուրդ է տալիս համբերել մինչեւ տարեվերջ՝ տեսնելու խոստացված 40 հազար աշախատատեղերի նյութական պատկերը: Իշխանությունները «իրենց շողոքորթողներից, թիկնապահներից եւ մեքենաների ապակիներից այն կողմ կարծես ոչինչ չեն տեսնում», - իր հերթին պատկերում է «Իրավունք»-ի խմբագրականը: - «Հայաստանի նախագահը փորձում է համոզել, թե կան ինչ-որ դրական տեղաշարժեր», մինչդեռ «բացառապես փող ճանաչող եւ թիմ-թիմ խաղացող պետական չինովնիկներից եւ դատավորներից բոլորը կուշտ են: Հայաստանում բիզնեսով զբաղվելը երբեք պարզ գործ չի եղել: Բայց վերջերս արդեն դարձել է անիմաստ: Գործարարների բողոքների հեղեղ է սկսվել մաքսային կոմիտեի անօրինական գործողությունների վերաբերյալ... Այնպես որ, դրական տեղաշարժեր գուցեեւ կան, բայց միայն առանձին վերցրած պաշտոնյաների մոտ... Հայաստանում բիզնեսի սպանողը, պետության զարգացումը խոչընդոտողը, աշխատատեղերի կասեցնողը, բյուջետային մուտքերը պակասեցնողը ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆ է», - շեշտում է «Իրավունք»-ը: - «Եթե երկրի ղեկավարները չեն ուզում տեսնել իրականությունը, կամ էլ հովանավորում են կամայականությունը, ուրեմն պետք է հեռանան: Իսկ եթե ուզում են ինչ-որ բան կարգի բերել, ապա պետք է շտապեն, քանի բնակչության մնացած կեսն էլ չի փախել...»:

«Ժամանակ» թերթը այսօր եթեական ձեւակերպել է՝ «Եթե իշխանություններին մինչեւ տարեվերջ հաջողվի խորացնել տնտեսության զարգացման առկա միտումները, այն չափով, որ բնակչությունը իր սոցիալական վիճակի բարելավումը փոքր-ինչ կարողանա տեսնել եւ «շոշափել», միաժամանակ արտաքին քաղաքական ոլորտում արձանագրի հաջողություններ, որոնց հնարավորությունները կան, ապա նրանց աջակցող քաղաքական ուժերի շրջանակը անհամեմատ կընդլայնվի, դրան կգումարվի ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը, եւ այս պարագայում արմատական ընդդիմադիրների՝ ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու բոլոր փորձերը դատապատված կլինեն ձախողման»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հայաստանյան ընդդիմությանը նմանեցնում է սակրավորի, որը քաղաքական դաշտում ականներ է դնում՝ իշխանություններին պայթեցնելու նպատակով: Սակայն, «արդեն այսօր ակնհայտ է դառնում, որ հետեւողականորեն աշխատանքի լծված սակրավորների տարբեր խմբերի թիկունքում չկա այն ուժը, որը պայթեցումներից հետո կարող է անցնել վճռական գործողությունների: Ուստի, եթե անգամ նրանց հաջողվի ոչ մեծ ցնցումներ առաջացնել ներկա ականապատված քաղաքական դաշտում, ապա բացի Հայաստանն ու նրա իշխանություններին որոշ չափով վարկաբեկելուց եւ հեղինակազրկելուց, ուրիշ ոչ մի շոշափելի արդյունքի նրանք չեն կարող հասնել»:

Րոպեավճարի նման, այսօր կա եւս մեկ հարց, «որին կարծես որեւէ մեկը հստակ պատասխանել չի կարող՝ գոյություն ունի՞ «Միասնություն» դաշինքը, որին 99-ին իր քվեն է տվել ժողովուրդը»: ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. «Դաշինքի երկու կուսակցությունները պիտի միասին քննարկեն եւ հայտարարեն, որ դաշինքը լուծարվում է, որին, բնականաբար, պետք է հետեւի ԱԺ-ի լուծարում եւ նոր խորհրդարանական ընտրություններ»:

«Միասնություն» խմբակցության ղեկավար, հանրապետական Գալուստ Սահակյանն էլ, ինչպես փոխանցում է «Առավոտ» թերթը, ընդունում է, որ «փաստացի «Միասնություն» դաշինքը չկա... Եվ բնական էլ չի լինի, որ խորհրդարանում էապես դասական տեսքով նոր մեծամասնություն առաջանա»: Այսուհանդերձ, նրա համոզմամբ, ընտրություններում ժողովրդի քվեն ստացած դաշինքի չգոյության պայմաններում էլ այդ անունը կրող խմբակցությունը կարող է եւ պետք է լինի՝ կայացնելու դաշինքի դիրքորոշումները: Ինչեւէ, առայժմ, ինչպես «Ազգ» թերթն է ամրագրում, ՀԺԿ-ն «խաղից դուրս է հայտարարված»:

Այս բանավեճին զուգահեռ, պառակտված ժողկուսակցության երկու կողմերի ներկայացուցիչներն էլ շարունակում են պնդել, թե կուսակցականների հիմնական զանգվածը գնում է հենց իրենց հետեւից: «ՀԺԿ-ից դուրս եկածների հաշվարկներով, օրինակ, իրենց կուսակցությունը կունենա մոտ 8-10 հազար անդամ» («Հայկական ժամանակ»): «Հայկական ժամանակ»-ը փոխանցում է նաեւ, թե «ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները չեն ուզում, որ իրենց ստեղծելիք կուսակցությանն անդամակցի Արմեն Խաչատրյանը, քանզի զգուշանում են, որ վերջինիս հակաժողովրդական համբավը կարող է ստվեր գցել կուսակցության վրա: Ասում են նաեւ, որ Արմեն Խաչատրյանը շատ է ուզում այդ կուսակցության անդամ լինել, որը հաճելիորեն պետականամետ է լինելու, բայց եթե իր նախկին կուսակիցներն իրեն այդպես էլ տեր չկանգնեն, անտեր չի մնա եւ կստեղծի իր կուսակցությունը»:

Ի՞նչն է այսօր ամենից շատ հուզում եւ ոգեշնչում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին: Իր քաղաքական դիմանկարը կազմել փորձող «Ժամանակ»-ի թղթակցին նա ասել է. «Առաջին հերթին անհանգստացնում են ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, աղքատությունը, կարիքը: Մտահոգում են անհանդուրժողականությունը, անբարոյականությունը, չարիք դարձող անպարկեշտությունն ու բարոյալքումը... Մինչեւ օրս անորոշ այն ուղին, ճանապարհը, որն առաջ է տանում մեր պետությանն ու ժողովրդին... Ոգեշնչում են մեր ժողովրդի կամքը, լուսավոր ափ դուրս գալու նրա հույսն ու հավատը»: Վազգեն Մանուկյանը համոզված է, որ Հայաստանը դառնալու է ամենակարեւոր պետությունը տարածաշրջանում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG