Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Հայաստանը համաձայնության են եկել միջուկային վառելիքի տրամադրման հարցում


Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի տասնօրյա մոսկովյան գործուղման արդյունքում Մեծամորի ատոմակայանի վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքի եւ ռուսաստանյան գազի մատակարարման խնդիրները դրական լուծում են ստացել:

«Մենք պայմանավորվեցինք, որ կաշխատենք զուգահեռ: Հին պարտքը՝ 16,95 մլն դոլարը վերակառուցվեց, եւ մենք համապատասխան ծավալներով այդ պարտքը կփակենք մինչեւ 2002թ վերջը: Պայմանավորվեցինք նաեւ, որ այդ պարտքերի վերադարձը կարող է լինել ինչպես անմիջապես գումարներով, այնպես էլ ապրանքային միջոցներով, ինչը, իհարկե, զգալիորեն կհեշտացնի մեր վիճակը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Կարեն Գալուստյանը:

Միջուկային վառելիքի դիմաց ընդհանուր պարտքը 1995 թվականից կազմում է մոտ 17 մլն դոլար՝ առանց տուգանքների: Իսկ նոր վառելիքի ներկրման համար անհրաժեշտ է 13 մլն 780 հազար դոլար, որից 4 մլն դոլարի կանխավճարը դեռեւս ռուսաստանյան կողմին չի հասել, ըստ նախարարի, զուտ տեխնիկական պատճառներով: Գումարի մնացած մասը պետք է մուծվի 90 օրվա ընթացքում: Նախարարը տեղեկացրեց, որ այդ հարցով ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ կազմվել է համապատասխան ժամանակացույց:

Նախատեսվում է, որ միջուկային վառելիքը Հաաստանում կլինի սեպտեմբերի կեսերին: Իսկ դա մշանակում է, որ լավագույն դեպքում ատոմակայանը կարող է վերագործարկվել հոկտեմբերի առաջին կեսին, քանի որ վերաբեռնավորման համար անհրաժեշտ է մոտ 20-21 օր:

Ինչ վերաբերում է գազին, ապա, նախարարի խոսքերով, ատոմակայանի կանգնած լինելու պատճառով գազի օգտագործման ծավալները կրկնապատկվել են, եւ ներկայումս օրական ներկրվում է մոտավորապես 6 մլն խորանարդ մետր գազ, որի մի մասը պահեստավորվում է ձմռան համար:

«Մենք կարողացանք պայմանավորվել «Իտեռա» ընկերության հետ, որ համապատասխան բանկային երաշխիքները սեպտեմբեր ամսվա գազի մատակարարման համար հանվեն: Դա մեծ նշանակություն ուներ մեզ համար: Կազմեցինք համապատասխան ժամանակացույց եւ գործանականում գազի ներկրման ծավալները մնացին նույն մակարդակի վրա», - ասաց Կարեն Գալուստյանը:

Էներգետիկային նախարարի գործուղումը հատուկ ուշադրության տակ են պահել Հայաստանի նախագահն ու վարչապետը: Կարեն Գալուստյանը նշեց, որ նրանց պարբերաբար տեղեկացրել է բանակցությունների ընթացքի մասին:

«Շատ կոնստրուկտիվ էր ռուսական կողմը: Հարցի լուծմանը մեծ աջակցություն է ցույց տրվել հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Ռուսաստանի փոխվարչապես Իլյա Կլեբանովի կողմից», - ասաց Կարեն Գալուստյանը:

Միջուկային վառելիքի ներկրման վերաբերյալ պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Դրա կնքման նպատակով ներկայումս Ռուսաստանում է ՀԱԷԿ-ի տնօրեն Սուրեն Ազատյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG