Մատչելիության հղումներ

Հայաստանում ազգային փոքրամասնությունները ճնշումների չեն ենթարկվում


ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Սեւանում բացվեց «Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների մասին» շրջանակային կոնվենցիան եւ դրա իրավական ու գործնական կիրառումը Հայաստանում» երկօրյա կոնֆերանսը:

Հայաստանի բնակչության ընդամենը երեք տոկոսը կազմող ազգային փոքրամասնությունները ներկայացված են ասորիներով, բելառուսներով, հրեաներով, հույներով, եզդիներով, քրդերով, վրացիներով, գերմանացիներով, լեհերով, ռուսներով եւ ուկրաինացիներով, որոնք ունեն կազմակերպված համայնքները:

«Մեզ մոտ եթե անգամ կան խնդիրներ կապված ազգային փոքրամասնությունների հետ, դա ոչ թե նրանից է, որ մեր հասարակությանը բնորոշ է ագրեսիվ վերաբերմունք: Իմ գնահատականով այդպիսի վերաբերմունք չկա: Դա, ընդհանուր առմամբ, գալիս է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից՝ անկախ ազգությունից», - ասաց ԱԺ մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, «ազգային փոքրամասնությունների պրոբլեմը սովորաբար սրվում է այն ժամանակ, երբ կա ազգային փոքրամասնությունների ճնշում: Այն փաստը, որ ազգային փոքրամասնությունները Հայաստանում մոբիլիզացված չեն, ինքնին վկայում է նրանց հետ կապված որեւէ պրոբլեմի բացակայության մասին»:

Կոնֆերանսի ժամանակ հրապարակվեց, որ Ազգային Ժողովի ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը պատրաստել է ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծ, որը շուտով, կդրվի պաշտոնական շրջանառության մեջ:

Եզդիների ներկայացուցիչներից Հասան Թամոյանն այդ առնչությամբ ասաց. «Ես անձամբ դեմ եմ, որ նման օրենք ընդունվի, որովհետեւ դրա ընդունումը համարում եմ խտրականություն, քանի որ Հայաստանում գործող օրենքները, որեւէ խոչընդոտ կամ դժվարություն չեն ստեղծում ազգային փոքրամասնությունների բնականոն զարգացման համար»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG