Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անցյալ շաբաթավերջին ԼՂՀ տեղական մարմինների ընտրությունների առնչությամբ տարածված հայտարարությանը, «Առավոտ»-ի մեկնաբանի որակմամբ, «աննախադեպ երեւույթ է հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների ողջ գործընթացում ոչ միայն իր կոշտ ձեւակերպումներով, այլեւ նրանով, որ նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրախորհուրդը... Միամիտ կլինի կարծել, թե այս անգամ խնդիրը «փոխհրաձգություններով» սպառվել է», - նշում է մեկնաբանը: - «Նախկինում ԵԱՀԿ-ն էր առիթ ունեցել հրապարակայնորեն ակնարկել, թե ԼՂ-ում անցկացվող ընտրությունները կարող են խոչընդոտել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ի պատասխան՝ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները վկայակոչել էին Բուդապեշտի գագաթնաժողովի ընդունած փաստաթղթերը, որտեղ շեշտված էր Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների՝ բանակցությունների կողմ լինելու հանգամանքը: Նրանք միաժամանակ ԵԱՀԿ-ին հասկացնել էին տվել, որ ԼՂ օրինական ներկայացուցիչների հետ գործ ունենալու համար նախ պետք է Ղարաբաղն ունենա օրինական ընտրված իշխանություններ»: Հիմա, սակայն, ԼՂՀ-ն դուրս է մղված բանակցային գործընթացից: Բացի այդ, «ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ պարտավորվում են կատարել ԵԽ-ին անդամակցելու հետեւյալ պայմանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու համար «...օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա իր ունեցած էական ազդեցությունը»: Այնպես որ, Եվրախորհուրդը կարող է այս առումով լուրջ պատժամիջոցների կիրառել Հայաստանի հանդեպ, - բխեցրել է մեկնաբանը:

ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը Եվրախորհրդի ղեկավարության այս հայտարարության մեջ նաեւ դրական պահեր է տեսնում, եւ «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Հավանաբար ԵԽ-ն փորձում է օգտագործել իր հեղինակությունը՝ նպաստելու ԼՂ խնդրի կարգավորմանը, եւ միաժամանակ, ինչու չէ, ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Սակայն հիմա դժվար է վերջնական գնահատականներ տալ, համենայն դեպս, ինչքան ավելի շատ միջազգային օղակներ ստանան հնարավորություն տեղեկանալու իրավիճակին, խնդրի էությանը, մեր դիրքորոշումներին, այնքան մեզ համար ավելի նպաստավոր իրավիճակ կարող է ստեղծվել, որովհետեւ մեր դիրքորոշումները լիովին համապատասխանում են միջազգային նորմերին»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը մեկնաբանի ընդգծմամբ էլ, սակայն, «Եվրոպայի խորհրդի հայտարարությունը, ըստ էության, նշանակում է, որ այլեւս Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ պետք չեն, քանի որ ՀՀ իշխանությունների կամքով նրանք չեն մասնակցում բանակցություններին»: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ հիշյալ հայտարարությունը «կունենա իր շարունակությունը, այսինքն՝ Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ԵԽ-ն հանդես կգա դատապարտող հայտարարությամբ»:

Ինչպես է արտգործնախարար Օսկանյանը գնահատում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղը հակամարտության (բանակցային) կողմ չէ: «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը պնդում է. «Անկախ գնահատականներից կամ մեկնաբանություններից, Լեռնային Ղարաբաղի բանակցային կողմ լինելը ամրագրված է ԵԱՀԿ փաստաթղթերում եւ կասկածից վեր է: Այն պահին, երբ բանակցությունները կտեղափոխվեն Մինսկի խնբի շրջանակ, Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, կվերստանձնի իր բանակցային դերը»:

Էլիզաբեթ Ջոնսի եւ Հայաստանի ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարների հանդիպման մասնակիցներից մեկը «Հայկական ժամանակ»-ին որպես ուշագրավ փաստ հաղորդել է, որ «իշխանական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ Ջոնսին բողոքել են գործող իշխանություններից եւ երկրի նախագահից»: Նշվում են ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ «նրանք Ջոնսին ասել են, որ մեր գործադիր իշխանությունն ամբողջությամբ կոռումպացված է»: Ընդհանուր առմամբ, «ոչ ոք Քոչարյանի վարչակարգի մասին դրական բան չի ասել: Սա, թերեւս, կարեւոր է այն առումով, որ ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը կարող է տպավորություն ստանալ, թե Հայաստանում գործող նախագահին սատարող որեւէ ուժ չկա», - ամփոփված է «Հայկական ժամանակ»-ում:

Գրող, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. «Մի բան ժողովուրդը չի կարող տանել՝ անիրավությունը, որի մեջ մենք իսկապես խեղդվում ենք»: Հատկապես տարեց մարդկանց «սոցիալական խնդիրները չլուծելը համարում եմ մեր պետության մեծագույն մեղքերից մեկը»: Հասարակության այս հատվածը «ներկայով է ապրում: Ժամանակ չունի ապագայի մասին մտածելու, 80 տարեկան, 70-ն անց մարդուն չի կարելի ասել՝ համբերիր, վաղը լավ կլինի: Նա արդեն ողջ կյանքը (մանավանդ այս երկրում ապրելով) համբերել է»:

«Ինչո՞ւ մենք չենք կարող պատվաստել դրականը, այսինքն՝ համախմբվել հայրենիքի, պետության շահերի շուրջ՝ գոնե փոքր-ինչ հրաժարվելով անձնականից», - մտորում է «Ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Պարզապես քիչ ենք աշխատել այս ուղղությամբ: Ազգի հոգեբանության մեջ փոքր դրական տեղաշարժն անգամ ոտքի կկանգնեցնի պետությունը... Մինչդեռ մենք «մերն ուրիշ է» ասելով խարխափում ենք՝ համախմբվելու հույսերը հետեւողականորեն մարելով»:

Վարդենիսի շրջանից վերադարձած «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցը իր ակնարկը եզրափակել է այսպես. «Ժողովուրդը խեղճացած է, բայց դեռ հույսով է նայում կառավարությանը. ինչ-որ բան խնդրում է, ինչ-որ բան՝ պահանջում: Թեթեւ շնչառություն է ուզում. դժվարը ոտքի կանգնելն է, որից հետո ինքն իր խնդիրները ուրիշի ուսերին չի բարդի»:

Ավարտված երկրորդ համահայկական խաղերն էլ, «Առավոտ»-ի գնահատականներով, ազգի միասնականության տոն չդարձան: «Դա սփյուռքահայ տուրիստների տոնն էր, եւ մենք, Հայաստանի շարքային քաղաքացիներս, իհարկե, ուրախ ենք նրանց համար, սակայն մեր մասնակցությունը դրան խիստ սահմանափակ էր», - նշում է խմբագրականը: - «Մեր համաքաղաքացիների մեծ մասը կամ ամիսներով աշխատավարձ ու թոշակ չի ստանում, կամ ստանում է այնպիսի աշխատավարձ ու թոշակ, որ չէր կարող գնել Խաղերի ամենաէժան տոմսը ամենավերջին կարգում: Մինչ «Արմենիա» հյուրանոցում ազգային զբոսաշրջիկները բաժակ էին բարձրացնում՝ ազգիս միասնության կենացը, մի քանի տասնյակ մետր այն կողմ, կառավարության շենքի մոտ Ղարաբաղյան ազատամարտի հաշմանդամ վետերանները ցույց էին անում՝ պահանջելով իրենց 3 ամիս ուշացած թոշակները»:

«Իհարկե, «ոչ միայն հացիվ», կան հոգեւոր արժեքներ: Այդպես են ասում նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է 16 հազարով ապրելը», - ամփոփել է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG