Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ու կառավարությունը միավորում են ջանքերն ընդդեմ րոպեավճարի ներդրման





Կապի ոլորտն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստն այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի մասնակցությամբ քննարկեց «ԱրմենՏելի»-ի կողմից սեպտեմբերի 1-ից րոպեավճարի ներդրման հարցը:

Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց, որ, հաշվի առնելով ժողովրդի սոցիալական վիճակը, րոպեավճարի ներդրումը կտրուկ կերպով կնվազեցնի բաժանորդների թիվը: Իսկ եթե րոպեավճարը ներդրվի նաեւ ինտերնետային ծառայությունների ոլորտում, ապա ի չիք կդառնան Հայաստանի բոլոր հեռանկարները հանրապետությունում ինտերնետի զարգացման առումով:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նշեց, սակայն, որ վերոհիշյալը չի կարող փաստարկ հանդիսանալ մասնավոր ընկերություն համար, ուստի հարկավոր է հիմնվել Հայաստանի օրենսդրության վրա, քանի որ րոպեավճարի ներդրումը տվյալ պահին, ըստ Վազգեն Մանուկյանի, «հակասում է եւ' «Հեռահաղորդակցության մասին» օրենքին, եւ' արտոնագրին, եւ' պայմանագրին»:

Ըստ նիստի ժամանակ հրապարակված ԱԺ հանձնաժողովի հայտարարության, «ԱրմենՏել»-ը չի կատարել ստանձնած պարտավորությունները, հետեւաբար րոպեավճարի ներդրումը անթույլատրելի է:

«Կառավարության դիրքորոշումը մեկն է՝ չթույլատրել, որպեսզի րոպեավճար կիրառվի», - նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ «ԱրմենՏելը» շարունակում է պնդել րոպեավճարի ներդրման անհրաժեշտության վրա՝ փաստարկելով, թե պայմանագրով այն պետք է ներդրվեր 1999 թվականի հունվարի 1-ից: Նախարարն ասաց, որ «ԱրմենՏել»-ի ղեկավարության հետ շարունակվող բանակցություններում հայկական կողմը դեմ է հանդես գալիս րոպեավճարի ներդրմանը՝ մինչեւ «ԱրմենՏել»-ի կողմից արտոնագրում ու պայմանագրում նշված բոլոր պայմանների կատարումը:

«ԱրմենՏել»-ի տնօրենը այս հարցով գտնվում է Հունաստանում՝ մեր առաջարկությունները ՕԹԵ-ին ներկայացնելու համար», - ասաց Անդրանիկ Մանուկյանը, հույս հայտնելով, որ կառավարության ու խորհրդարանի համատեղ ջանքերն արդյունավետ կլինեն:

Սեպտեմբերի 1-ից րոպեավճար ներդնելու մասին որոշումն ընդունել է «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհուրդը: Հունական ՕԹԵ ընկերության մասնաճյուղը հանդիսացող «ԱրմենՏել»-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը օգոստոսի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Որեւէ այլ մարմին իրավասու չէ փոխել «ԱրմենՏել»-ի տնօրենների խորհրդի որոշումը, բացի վերջինից»։


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG