Մատչելիության հղումներ

Հայաստանը պաշտպանում է ԼՂՀ իշխանություններին տեղական ընտրությունների անցկացման հարցում


Պաշտոնական Երեւանն այսօր իր աջակցությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղի իշխանություններին սեպտեմբերի 5-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման հարցում, չնայած դրանցից ձեռնպահ մնալու Եվրոպայի խորհրդի կոչին:

Օգոստոսի 24-ին Եվրոպայի խորհրդի ղեկավարները՝ նախարարների կոմիտեի նախագահ Էռնստ Ուոլչը, խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել-Ջոնսթոնը եւ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին էին դիմել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների «միակողմանի» անցկացումից ձեռնպահ մնալու կոչով:

Նրանք նշել էին, որ 1991-1995 թվականներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության արդյունքում տարածաշրջանի բնակչության մի մասը ստիպված էր լքել իրենց բնակավայրերը եւ մինչեւ այժմ ապրում են որպես տեղահանված անձինք այդ երկրներում կամ որպես փախստականներ՝ արտասահմանում:

Եվրախորհրդի ղեկավարները նշել էին նաեւ, թե ընտրությունների անցկացումը կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության արագ եւ համակողմանի կարգավորմանն ուղղված ջանքերին:

Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, չհամաձայնելով նրանց փաստարկներին, ասաց. - «Մենք չենք կիսում այդ կարծիքը, քանի որ համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, տեղական ինքնակառավարման ընտրություններ անցկացնելով, միայն իրականացնում է իր օրինական իրավունքները՝ ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան»:

«Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում նպաստում են կայունության պահպանմանը: Մենք վստահ ենք, որ միայն ընտրությունների միջոցով ձեւավորված եւ ժողովրդի ձայնը ստացած իշխանությունը կարող է եւ իրավասու է վարել քաղաքական բանակցություններ՝ ունենալով ժողովրդի քվեն», - ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Նաիրա Մելքումյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ սեպտեմբերի 5-ին նշանակված ընտրությունները անցկացվելու են՝ բերելով գրեթե նույն փաստարկները:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG