Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է անկախության հռչակման տարեդարձը




Հայաստանում այսօր սկսվեցին անկախության 10-րդ տարեդարձի տոնակատարությունները, որոնք կավարտվեն սեպտեմբերի 21-ին՝ մեծ հանդիսություններով: Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ից անկախացավ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեով, Անկախության հռչակագիրը, սակայն, ընդունվել էր դրանից 13 ամիս առաջ՝ 1990 թվականի օգոստոոսի 23-ին:

Այդ օրը հետկոմունիստական առաջին խորհրդարանը ընդունեց Անկախության հռչակագիրը՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանելով Հայաստանի Հանրապետություն: Անկախությունը հռչակվեց Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) ճնշմամբ, որին հաջողվել էր 1990 թվականի մայիսին կայացած ընտրություններում մեծամասնություն ստանալ խորհրդային շրջանի վերջին Գերագույն խորհրդում:

Նախկին Գերագույն Խորհրդի նիստերի դահլիճի շենքի առջեւ, որտեղ ընդունվել էր Անկախության հռչակագիրը, այսօր հավաքվել էին քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ: Վարչապետ Անդրանիկ Մանուկյանն ու Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը բացեցին շենքի պատին ամրացված հուշաքարը:

Հուշաքարի բացման արարողության ներկա չէին այն օրերին Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա տեղակալներ Բաբկեն Արարքցյանը եւ Գագիկ Հարությունյանը: Նախկին խորհրդարանականներից մի քանիսն էին միայն եկել: Ներկա խորհրդարանի ղեկավարությունից էլ ոչ ոք չկար:

Հետխորհրդային առաջին խորհրդարանի անդամներից Արամ Մանուկյանը, որը տասնմեկ տարի առաջ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում կարդացել էր Անկախության հռչակագիրը, ասաց, որ այն հայոց պատմության նորագույն շրջանի «ամենակարեւոր փաստաթուղթն է, որը հետագայում ամենաքիչը քննադատվեց քաղաքական ուժերի կողմից»:

Հանդիսությանը մասնակցում էր նաեւ խորհրդային ժամանակների ալյախոհ Պարույր Հայրիկյանը, որը, սակայն, ելույթ ունենալու հնարավորություն չունեցավ: «Անկախության մասին ես խոսել եմ այն ժամանակ, երբ խոսել չէր կարելի, իսկ երբ կարելի է խոսել, թող խոսեն նրանք, ովքեր այն ժամանակ խոսել չէին կարող», - կատակեց նա, ավելացնելով, թե վստահ չէ, որ ներկա քաղաքական գործիչները, որոնց մեջ կան նաեւ նախկին կոմունիստներ եւ կոմերիտականներ, մինչեւ վերջ հասկացել են, թե ինչ է անկախությունը:


Արմեն Զաքարյան, Երեւան եւ Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG