Մատչելիության հղումներ

Թուրքիան ակտիվացնում է ռազմական համագործակցությունը տարածաշրջանում


Այս շաբաթ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում երկրի ազդեցությունն ընդլայնելու հարցը: Առաջարկվել է ավելացնել այդ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը: Հայաստանին սա, բնականաբար, չի վերաբերում, քանի որ Արկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ առհասարակ գոյություն չունեն:

Առաջարկվել է նաեւ ավելի հաճախակի դարձնել թուրք պաշտոնյաների այցերը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ՝ ընգծելու համար, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս այդ տարածաշրջաններին: Վերջապես, «Թըրքիշ Դեյլի Նյուս» թերթի այսօրվա վկայությամբ, Թուրքիան որոշել է չբավարարվել քաղաքական եւ տնտեսական կապերով, այլեւ՝ Կասպից ծովի երկու կողմերում գտնվող պետությունների հետ զարգացնել նաեւ ռազմական կապերը:

Երբ ասվում է, թե տարածաշրջանի ամենամարտունակ բանակը Հայաստանինն է կամ Ղարաբաղինը, շրջանցվում է այն հանգամանքը, որ իրականում ամենահզորը տարածաշրջանում, անշուշտ, Թուրքիայի բանակն է՝ 600 հազար զինվոր, 4000-ից ավելի հրասայլ, մի քանի հարյուր ժամանակակից ռազմական ինքնաթիռ եւ այլն:

Թուրքիան արդեն իսկ ակտիվացնում է ռազմական համագործակցությունը տարածաշրջանում: Հենց այս օրերին Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը գտնվում է Վրաստանում եւ ուսումնասիրում է ռուսների կողմից ազատված ռազմակայանի վերականգնման հնարավորությունը:

Թվում էր, թե շատ ավելի ջերմ պետք է լինեն Թուրքիայի հարաբերությունները Ադրբեջանի հետ, իրականում, սակայն, Թուրքիան հիմնականում բարոյական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Ասենք՝ Ղարաբաղի խնդրում, Եվրախորհրդին Ադրբեջանի անդամակցության հարցում, տարբեր միջազգային կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ:

Նոյեմբերի վերջին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից մի քանի օր առաջ նախագահ Հեյդար Ալիեւը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա եւ ստորագրելու է Գաբալայի ռադարային կայանի կարգավիճակին վերաբերող պայմանագիրը: Ռուսաստանն ուզում է առնվազն 20 տարով վարձակալել այդ կայանը, իսկ Ադրբեջանը պնդում է, որ վարձակալության ժամկետը լինի 5 տարի: «Թուրան» գործակալությունը, սակայն, հաղորդում է, որ, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմը պատրաստ է զիջումների:

Մոսկվան, իրոք, Ադրբեջանին գայթակղելու հնարավորություններ ունի՝ թեկուզ հենց Ղարաբաղի հարցում: Ըստ Բաքվում լույս տեսնող «Ենի Ադրբեջան» թերթի, Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին Հայաստան կատարելիք իր այցի ընթացքում հորդորելու է Ռոբերտ Քոչարյանին ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան բանակցություններում:

Տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնման շրջանակներում վաղը Բաքու է ժամանելու Թուրքիայի բանակի գլխավոր սպայակույտի ղեկավար Հուսեյն Կիվրիկողլուն: Պաշտոնական առիթը ռազմական ակադեմիայի շրջանավարտների հանդիսավոր ավարտական արարողությանը մասնակցել է: Արդեն Բաքվում են ԷՖ-16 մակնիշի 10 ռազմական ինքնաթիռ, որոնք նույն օրը ցուցադրական թռիչքներ կկատարեն:

Պատասխանելով Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պետք է բացատրություն տա Թուրքական ինքնաթիռների Բաքու ժամանելուն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Նովրուզ Մամեդովն ասել է. «Ադրբեջանը ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի համագործակցելու աշխարհի ցանկացած երկրի, մանավանդ Թուրքիայի հետ, եւ ընդլայնելու կապերը «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի հիման վրա»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG