Մատչելիության հղումներ

Դոլարի արժեզրկումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա


1998- ի օգոստոսին, երբ աննախադեպ ֆինանսական փլուզումը ցնցեց Ռուսաստանը, Հայաստանի տնտեսական ոլորտի ղեկավարները շտապեցին հայտարարել, թե մենք կարող ենք հանգիստ լինել, քանզի մեզ ոչինչ չի սպառնում։ Միայն ավելի ուշ նրանք խոստովանեցին, որ մենք էլ անմասն չենք եղել կորուստներից, որոնք հարյուր միլիոնավոր դոլարներով են գնահատվում։

«Սեդ-Մարսեդ» անկախ խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանի գնահատումներով, 1998-ին հաջորդած երեք տարիների ընթացքում Հայաստանը ռուսական ճգնաժամի գործոնը անտեսելու հետեւանքով իր տարեկան տնտեսական աճից կորցրել է 5-6 տոկոս։

Հիմնական պատճառը, ըստ փորձագետի, այն էր, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ռուսաստանյան ռուբլու բազմապատիկ արժեզրկմանը համարժեք քայլեր չձեռնարկեց:

«Հայաստանի փոխարժեքը ամրանում էր մեր բոլոր առեւտրային գործընկերների հետ, բացի Եվրամիությունից: Արդյունքում ռուսաստանյան շուկայի արտահանումը նվազում էր՝ ի հաշիվ Եվրամիության աճի: Սակայն մենք չէինք կարող հավակնել Եվրոպայում մրցունակ ապրանք մատակարարելուն, հետեւաբար մենք կորցնում էին ռուսաստանյան շուկան», - ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Կանխատեսվում է, որ առաջիկայում ամերիկյան արժույթը եվրոյի նկատմամբ իր արժեքը կկորցնի 10-ից 15 տոկոսով։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ վիճակի նման զարգացումը մեզ վրա։ Հարցը պարապ չէ, եթե նկատի առնենք, որ մեր տնտեսությունը մեծ չափերով դոլարացված է, երկրի ավելի քան 300 միլիոն դոլարի արտաքին պահուստների գերակշիռ մասը պահվում է դոլարով կամ նրան հավասարեցված վճարամիջոցներով։

Որոշ գնահատականներով, այսօր մեր երկրում շրջանառվում է 2,5-3 միլիարդ դոլար: Ամերիկյան դոլարը այսօր նաեւ խնայողության հիմնական միջոցն է. բանկային ավանդների 70 տոկոսից ավելին պահվում է դոլարով։ Բանկային համակարգից դուրս եւս մարդիկ իրենց գումարները հիմնականում դոլարով են պահում։

Ըստ Տիգրան Ջրբաշյանի, նախ կարժեզրկվեն երկրի դոլարով պահվող արտաքին պահուստները: Փորձագետի կարծիքով, դրանից խուսափելու համար երկրի ռեզերվները պետք է տեղափոխել այլ արժույթի:

«Կարծում եմ, որ այս պարագայում պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկել մեր արտարժութային ռեզերվները, ընգրկելով առաջին հերթին եվրոն», - ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Իսկ բնակչության վրա ամերիկյան արժույթի արժեզրման հնարավոր ազդեցություններից մեկը կլինի ներմուծվող եվրոպական, եւ հնարավոր է նաեւ ռուսական ապրանքների թանկացումը, սակայն, ինչպես պարոն Ջրբաշյանն է կարծում, դա կլինի չնչին չափով, ու բնակչությունը դա գրեթե չի զգա։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG