Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր դաշինքի հնարավոր մասնակիցները առայժմ միայն համագործակցում են


Մայիս ամսից ի վեր խոսվում է այն մասին, որ «Հանրապետություն» կուսակցությունը, ՀԺԿ-ն, «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Ազգային համաձայնության ճակատը, «Սպայի պատիվ» կազմակերպությունը, ինչպես նաեւ կոմկուսը եւ էլի մի քանի կազմակերպություններ բանակցություններ են վարում՝ հնարավոր դաշինք ձեւավորելու նպատակով:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի պնդմամբ, սեպտեմբերին արդեն պատրաստ կլինի նախագահի երեք տարվա չկատարածի վերլուծությունը, որը կորակվի որպես պետական դավաճանություն, եւ կբարձրացվի նախագահ Քոչարյանի իմպիչմենտի հարցը:

«Մենք բազմիցս արտահայտվել ենք այդ առիթով. նոր դաշինքների մասին խոսելը վաղաժամ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Իհարկե համագործակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունների հետ: ՀԺԿ-ն ունեցել է եւ կունենա իր ուրույն դեմքը: Եթե ինչ-որ բան էլ ստեղծվում է՝ ստեղծվում է հանուն. ՀԺԿ-ն եղել եւ մնում է կառուցողական ուժ»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը նույնպես վաղաժամ է համարում դաշինքների մասին խոսելը, «համագործակցություն, այո, կա ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության», մի շարք այլ քաղաքական ուժերի հետ, ավելի քիչ՝ կոմկուսի հետ, որովհետեւ կոմկուսում վերջին ժամանակներում զտումներ տեղի ունեցան»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հնարավոր դաշինքի կազմում դերաբաշխում տեղի ունեցել է, Արամ Սարգսյանն ասաց. - «Դաշինքներ ստեղծվում են ընտրությունների ժամանակ: Խնդիրը համագործակցելու մեջ է, եւ համագործակցում ենք որպես առաջին, նախնական նպատակ՝ իշխանափոխություն կատարելու համար: Դերաբաշխում չի եղել, այդ թեման ընդհանրապես չի շոշափվում»:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը նույնպես փաստեց, որ եթե դաշինք ստեղծվի, ապա ստեղծվելու է իշխանափոխության նպատակով: «Մենք բարձրացրել ենք ամենակարեւոր հարցը, որ այսպես շարունակել չի լինի, եւ իշխանությունները պետք է գնան»:

Կոմկուսի կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանի կարծիքով, «իշխանությունների այսպիսի քաղաքականությունը պետք է վերջապես դադարեցվի: Կոմունիստական կուսակցությունը գտնում է, որ դաշինքը պետք է ինքնանպատակ չլինի: Դաշինքը չպետք է կայանա միայն հանրապետության նախագահին «ոչ» ասելու համար: Դաշինքը պետք իր ծրագիրն ունենա, թե ինչպես է երկիրը այս վիճակից հանելու»:

Անդրադառնալով «Միասնություն» դաշինքում ստեղծված իրավիճակին, Արամ Սարգսյանն ասաց. - «Միանշանակ անհասկանալի իրավիճակ է: Կարծում եմ, որ «Հոկտեմբերի 27»-ը կատարողների եւ կազմակերպողների պլանների մեջ մտնում էր նաեւ «Միասնություն» դաշինքի փլուզումը, եւ դա նրանց հաջողվեց: Հաջողվեց ոչ միայն իրենց աշխատանքի արդյունքում, այլեւ դաշինքի ներսում եղած տարբեր մարդկանց ամբիցիաների հաշվին»:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG