Մատչելիության հղումներ

Խմբակցության ղեկավարի կարծիքով, «Միասնություն»-ը կպահպանվի որպես մեծամասնություն


«Չեմ կարծում նոր վերաձեւավորումների լինեն: Իմ կարծիքով, «Միասնություն»-ը՝ որպես խորհրդարանական մեծամասնություն կպահպանվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայաստանի քաղաքական կուսակցություններում ընթացող խմորումների դրսեւորմանը ԱԺ աշնանային նստաշրջանի զարգացումներում:

«Միասնությունը», ըստ խմբակցության ղեկավարի, նույնությամբ կշարունակի իր գործունեությունը: Խոսելով դաշինքի ապագայի մասին, խմբակցության ղեկավարն ասաց. - «Կարծում եմ, որ փաստացի դաշինքը այսօր գոյություն չունի: Միգուցե իրավական տեսակետից այն դեռեւս կա, բայց գտնում եմ, որ այդ խնդիրն էլ պիտի լուծելի լինի»:

Գալուստ Սահակյանը տեսակետ հայտնեց, որ «Միասնություն» դաշինքը կազմող Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը (ՀԺԿ) եւ Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) այս ուղղությամբ աշնանը «ասելիք կունենան», որովհետեւ դրանցից առաջինն այլեւս ընդդիմադիր է, իսկ երկրորդը, Գալուստ Սահակյանի բնորոշմամբ՝ պետականամետ:

«ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները հիմնականում կմնան «Միասնություն» խմբակցությունում», - այսպես պատասխանեց խմբակցություն ղեկավարը այն հարցին, թե հնարավո՞ր է համարում արդյոք, որ ՀԺԿ-ից դուրս եկած պատգամավորները համալրեն Հմայակ Հովհանիսյանի գլխավորած «Ագրոարդյունաբերական Ժողովրդական միավորում» նորաստեղծ պատգամավորական խումբը, ինչը Հմայակ Հովհաննիսյանը միանագամայն բնական է համարում:

Իսկ աշնանը սպասելի՞ է արդյոք ԱԺ նախագահի փոփոխության հարցի հարուցում, մանավանդ որ ԱԺ-ի հանրապետական փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ինչպես հրապարակվել է մամուլում, անբնական է համարում անկուսակացական խոսնակի գոյությունը: «Մեր իրականություն մեջ շատ անբնական բաներ կան: Կարծում եմ, որ «Միասնություն»-ը կպահպանի իր որդեգրած նախկին քաղաքականությունը եւ' նախագահի, եւ' տեղակալների հարցում»:

Գալուստ Սահակյանը խուսափեց խոսել աշնանային քաղաքական զարգացումների մասին, որովհետեւ «այսօր դժվար է գուշակություններ անել, քանի որ խորհրդարանական կուսակցությունների ներսում դեռեւս խնդիրներ կան: Դրանց լուծումներից կախված կլինեն հետագա քաղաքական զարգացումները»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG