Մատչելիության հղումներ

Նախկին ՀԺԿ-ականները պատրաստվում են ստեղծել նոր քաղաքական կազմակերպություն


«Կուսակցությունից արտահոսք չկա: Հնարավոր են առանձին ինչ-որ դեպքեր, եզակի դեպքեր, որոնք եղանակ, բնականաբար, չեն ստեղծում», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք, բացի արդեն հայտնի անդամներից, ՀԺԿ-ի շարքերից կա արտահոսք, ասաց կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը:

ՀԺԿ-ի լրատվական ծառայության ղեկավարն ավելացրեց, այդուհանդերձ, որ որոշակի պրոբլեմներ կան կուսակցության Կենտրոն համայնքի տարածքային կազմակերպությունում, որտեղից դուրս գալու դիմում են ներկայացրել մի քանի տասնյակ ՀԺԿ-ականներ:

Իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի հողի վրա ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Միասնություն» դաշինքին մաս կազմող կուսակցությունում տեղի ունեցած խմորուների արդյունքում, անցած ամսվա ընթացքում ՀԺԿ-ից հեռացել են 10 անդամ, այդ թվում՝ ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը եւ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը: Վերջինս նաեւ ՀԺԿ-ի Երեւանի Կենտրոն համայնքի կազմակերպության նախագահն էր:

Հերքելով մամուլում հրապարակված տվյալները, թե Կենտրոն համայնքի կազմակերպությունում ընդգրկված է մոտ 1500 անդամ, որոնցից 400 մտադիր է դուրս գալ կուսակցությունից, Ռուզան Խաչատրյանն ասաց. - «Մոտ 700 կուսակցական տոմսեր ստացածներից 80 դիմում կա: Այդ դիմումների օրինական լինելը այս պահին ճշտվում է, որովհետեւ կան որոշ կասկածներ, քանի որ եղել են դեպքեր, երբ կուսակցության անդամները չեն էլ իմացել, թե իրենք ՀԺԿ-ից դուրս գալու դիմում են գրել»:

Խնդիրներ կան նաեւ կուսակցության Սիսիանի տարածքային կազմակերպությունում, որտեղից պատգամավոր է ընտրվել նախկին ՀԺԿ-ական, «Միասնություն» խմբակցության քարտուղար Գագիկ Ոսկանյանը:

«Նա օրերս եղել է Սիսիանում: Ըստ մեզ հասած տեղեկության, այնտեղ աշխատանք է տարվում մարդկանց հետ, որպեսզի կուսակցությունից դուրս գան», - ասաց Ռուզան Խաչատրյանը:

Վերջերս լրատվամիջոցները հաղորդել էին, թե Գագիկ Ոսկանյանը փորձում է Սիսիանում ձեւավորել նախկին ՀԺԿ-ականների կողմից ստեղծվող նոր կուսակցության տեղական կառույցը: «Նախ պետք է ասեմ, որ նոր կուսակցության ստեղծման հարցը դեռեւս նախագիծ է: Քաղաքական ուժ պետք է ստեղծվի: Մոտ ապագայում դա պետք է լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գագիկ Ոսկանյանը: Նա նաեւ ասաց, որ դա նոր քաղաքական կազմակերպություն է լինելու, չբացառելով, սակայն, որ ՀԺԿ-ի որոշ անդամներ կարող են հետեւել իրենց: Գագիկ Ոսկանյանը հաստատեց, որ ինքը Սիսիանում հանդիպել է ՀԺԿ-ի ակտիվի հետ եւ ներկայացրել իր դիրքորոշումները:

Իսկ այսօր Սիսիան են ուղեւորվել ՀԺԿ վարչության անդամները, որոնք եւս, անշուշտ, տարածքային կազմակերպությանը կներկայացնեն սեփական դիրքորոշումները: ՀԺԿ-ի լրատվական ծառայության ղեկավարը չբացառեց, որ այնտեղ եւս ՀԺԿ տարածքային կազմակերպությունը, մյուսների օրինակով, կպահանջի, որ «Միասնության» համամասնական ցուցակով ընտրված ՀԺԿ-ական պատգամավորները վայր դնեն մանդատները:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG