Մատչելիության հղումներ

Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահը փորձում է վերացնել անդամության հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խոչընդոտները




Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Ալֆրեդո Ռոման այսօր Երեւանում հանդիպումներ է ունեցել Հայաստանի կառավարությունում եւ արտաքին գործերի նախարարությունում: Երեւան ժամանելուց առաջ նա եղել է Ադրբեջանում: Այցելությունների նպատակը եվրոպական հաղորդակցության կազմակերպություններին անդամակցելու հարցերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խոչնդոտները հարթելն է:

Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսը միջկառավարական կառույց է, որը օգնում է համակարգել 38 եվրոպական երկրների ավիացիայի հիմնախնդիրները, ուժեղացնել չվերթների անվտանգությունը: Հայաստանը Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին անդամակցել է դեռեւս 1996 թվականին: Ադրբեջանը նույնպես ցանկանում է անդամակցել համաեվրոպական այդ կառույցին, սակայն դրական որոշում ընդունելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների դրական պատասխանը: Հայաստանը, սակայն, չի տալիս իր համաձայնությունը, քանի որ ժամանակին Տրանսպորտի նախարարների եվրոպական խորհրդին անդամակցած Ադրբեջանը, իր հերթին, Թուրքիայի հետ միասին խոչնդոտում են Հայաստանի անդամակցությանը այդ կառույցին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Ալֆեդո Ռոման ասաց, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար պատրաստ են հետ վերցնել միմիանց նկատմամբ հարուցած արգելքները: Այսպիսի եզրակացության է նա հանգել Բաքվում եւ Երեւանում ունեցած հանդիպումներից հետո:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի 1994 թվականից ի վեր փակ օդային տարածքի վերաբացմանը, Ալֆրեդո Ռոման նշեց, որ Ղարաբաղի իշխանությունների հետ այդ հարցը չի քննարկել, քանի որ այն ներկայացվում է Հայաստանի համապատասխան ծառայությունների կողմից:

Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի վերաբացման առնչությամբ մտահոգությունն այն է, որպեսզի ապահովվի տարացիկ չվերթների անվտանգությունը: Խոսքը թե' հրադադարի պահպանման, թե' դիսպետչերական համապատասխան ծառայություններ ապահովելու մասին է: Ալֆրեդո Ռոման չկոնկրետացրեց, թե ԼՂ օդային տարածքը վերաբացելու հարցում հակամարտ կողմերն ինչ դիրքորոշումներ են հայտնել:

Տարացիկ չվերթներից բացի, վաղուց չի գործում Ստեփանակերտ-Երեւան օդային կապը: Հայկական օդանավերի համար պարզապես վտանգավոր է մոտենալ հակամարտության սահմանագծին, եւ եթե ընդհանուր հարցերում համաձայնություն ձեռք բերվի, հայկական կողմը, հավանաբար, կբարձրացնի նաեւ այդ հարցը:

Միմյանց նկատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարուցած խոչնդոտները վերացնելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի օդային տարածքի վերաբացման հարցը լուծելու նպատակով այս տարվա հոկտեմբերին Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի Փարիզի գրասենյակում խորհրդակցություն է անցկացվելու: Ըստ Ալֆրեդո Ռոմայի, այդ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվելու են Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG