Մատչելիության հղումներ

Սահմանախախտները ձերբակալված են


Երեկ երեկոյան ժամը 10-ի սահմաններում Արտաշատի սահմանապահ ջոկատի ռուսաստանցի սահմանապահները հատուկ հողաշերտի վրա ոտնահետքեր էին հայտնաբերել: Այսօր վաղ առավոտյան սահմանախախտները հայտնաբերվել եւ ձերբակալվել են:

Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության լրատվական կենտրոնից, ըստ «Իտառ-Տասս»-ի, հայտնել են, որ սահմանախախտները Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական մեկ հրացան եւ երկու դանակ: Ազգությամբ քուրդ են, Թուրքիայի Ռամազանքենդ քաղաքից: Սահմանախախտներն ասել են, թե մոլորվել էին եւ այդ պատճառով հայտնվել սահմանի այս կողմում: Ներկայումս քննություն է անցկացվում:

Պաշտոնական հաղորդագրություն մեջ նշվում է նաեւ, որ տարվա սկզբից հայ-թուրքական սահմանում ռուսաստանցի սահմանապահների կողմից ավելի քան 40 սահմանախախտ է ձերբակալվել:

Այսօր աշխատանքային այցով Երեւան է ժամանել ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն:

Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ Վալերի Նիկոլայենկոն արդեն հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվել են, հիմնականում, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի սեպտեմբերին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստման հարցերը: Սերժ Սարգսյանը ներկայացրել է վերջերս ավարտված հայ-ռուսական շտաբային-հրամանատարական զորավարժությունների արդյունքները:

Պաշտպանության նախարարությունից հաղորդեցին նաեւ, որ Հայաստանում այսօր սկսվել են նոր՝ ցուցադրական-մարտավարական զորավարժություններ: Բացի ՀՀ զինված ուժերից, զորավարժություններին մասնակցում են նաեւ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները: Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ օգոօստոսի 18-ը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG