Մատչելիության հղումներ

Հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը ետ է մնում իր հարեւաններից


Ըստ Համաշխարհային բանկի փորձագետների անցկացրած «Կովկասի հեռահաղորդակցության ոլորտի տարածաշրջանային հետազոտության», կապի համակարգը մրցակցության պայմաններում, մենաշնորհի համեմատությամբ, 2-3 անգամ ավելի արագ է աճում, քանի որ այդ դեպքում եւ' պահանջարկն է մեծ, եւ' սակագներն են ցածր։

ՀԲ-ի փորձագետները նշում են, որ վերջին հինգ տարվա ընթացքում լարային կամ, այսպես կոչված, ստացիոնար հեռախոսակապի հերթը Հայաստանում կրկնապատկվել է, մինչդեռ Վրաստանում այն նվազել է 13, իսկ Ադրբեջանում` 17 տոկոսով։

Լարային հեռախոսակապը, ըստ փորձագետների, հարեւանների հետ համեմատած, Հայաստանում գրեթե կրկնակի թանկ է: Հայաստանը ունի հեռախոսակայանների թվայնացման ամենացածր մակարդակը տարածաշրջանում։

Ադրբեջանում բջջային հեռախոսակապից այսօր օգտվում է երկրի բնակչության առնվազն 4,5 տոկոսը, Վրաստանում` 2,5 տոկոսը, իսկ Հայաստանում` միայն 0,5 տոկոսը։ Բացարձակ թվերով դա նշանակում է, որ մեր հարեւանների մոտ շարժական հեռախոսակապից օգտվողների թիվը առնվազն մեկ կարգ, այսինքն՝ տասը անգամ ավելի բարձր է։

Հեռահաղորդակցության ոլորտում «ԱրմենՏել»-ի մենաշնորհի հետեւանքով շարժական կապի հաստատագրված սակագները գրեթե կրկնակի բարձր են` համեմատած Ադրբեջանում գործող միջին սակագների հետ, եւ, ավելի քան երեք անգամ բարձր` Վրաստանի սակագների համեմատությամբ։ Եվ դա այն դեպքում, երբ բջջային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարը մեր հարեւան երկրներում գրեթե նույնն է։ Եթե մեր հարեւանների մոտ շարժական կապից օգտվողների թիվը մի քանի հարյուր հազար է, ապա Հայաստանում հազիվ 25-30 հազար։

Շարժական կապի տարածումը կարող է վկայել գործարար ակտիվության եւ միջին խավի ընդգրկման չափերի մասին։ Այս առումով, անշուշտ, համեմատությունը Հայաստանի օգտին չէ. մեզանում, փաստորեն, բջջային հեռախոսակապը մատչելի է բացառապես ունեւոր խավին, իսկ միջին խավ, որպես այդպիսին, գրեթե չկա, ավելի ստույգ` հիմնական մասը արտագաղթել է։

Նույնը վերաբերում է եւ ինտերնետային ծառայություններին։ Անհամեմատ ցածր սակագների շնորհիվ հարեւան երկրներում Ինտերնետից օգտվողների թիվը հայաստանյան ինտերնետ-բաժանորդների թվից 3-4 անգամ ավելի է։

Այն ակնկալիքները, թե «Արմենթելը» 15 տարով մենաշնորհ ստանալով, ներդրումներ կանի ու արագորեն կարդիականացնի երկրի կապի համակարգը, համենայնդեպս այսօրվա դրությամբ, չեն արդարացել։ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը փորձել են վերանայել «ԱրմենՏել»-ի մենաշնորհային պայմաններն ու կանխել սեպտեմբերի 1-ից րոպեավճարի ներդրումը: «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Գեորգիուլասը, սակայն, անցած ամիս ասել էր, թե իրենք չեն հրաժարվի մենաշնորհից՝ առանց ֆինանսական փոխհատուցման:


Ատոն Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG