Նախկին վարչապետ, ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) նախագահ Վազգեն Մանուկյանին սատարող կուսակցության թեւը այսօր կարողացով ԱԺՄ խորհրդի նիստ անցկացնել եւ ընդունել նախորդ շաբաթ օրը պատրաստված, սակայն քվորում չլինելու պատճառով չընդունված որոշումը:
Որոշմանն այսօր կողմ են քվեարկել խորհրդի 46 անդամներից 32-ը: Ինչպես նշեց ԱԺՄ խորհրդի նիստը վարող Ալեքսանդր Բուտաեւը, պակասող ստորագրությունները ձեռք են բերվել մարզեր կատարած այցելություններով:
ԱԺՄ խորհուրդը որոշել է անվստահություն հայտնել «հեղաշրջման կազմակերպիչներին»՝ ԱԺՄ վարչության անդամներ Սեյրան Ավագյանին, Սեմյոն Բաղդասարյանին, Ֆիլարետ Բերիկյանին, Վահրամ Մկրտչյանին, Ատոմ Սիմոնյանին, եւ ցուցակը ներկայացնել ԱԺՄ սկզբնական կազմակերպություններին՝ հեռացման:
Որոշմամբ փաստորեն լուծարվում է ԱԺմ վարչությունը, քանի որ մինչեւ առաջիկա համագումարը կուսակցության ղեկավարությունը դրվում է ԱԺՄ նախագահի եւ խորհրդի վրա:
Որոշվել է նաեւ Ազգային ժողովի նախագահին տեղյակ պահել, որ ԱԺՄ խորհուրդը Ազգային ժողովում խմբակցության անդամ է ճանաչում միայն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանին, իսկ պատգամավորներ Սեյրան Ավագյանը, Սեմյոն Բաղդասարյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը այլեւս չեն ճանաչվում ԱԺՄ խմբակցության անդամներ:
Խորհրդի որոշմամբ չեղյալ են համարվել խորհրդարանի ԱԺՄ խմբակցության այն որոշումները, որոնք ընդունվել են 2001 թվականի հուլիսի 1-ից հետո, այսինքն՝ այն որոշումները, որոնք ընդունվել են առանց Վազգեն Մանուկյանի մասնակցության:
Պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանը կուսակցությունից հեռացվել էր դեռեւս երեկ՝ «ԱԺՄ կանոնադրության մի քանի կետերի խախտման համար»: «Նա գործունեություն էր ծավալել համագումարի որոշումների դեմ եւ շեղվել էր մեր գաղափարական սկզբունքներից», - պարզաբանեց Ալեքսանդր Բուտաեւը:
Որոշ ԱԺՄ-ականներից ստացած տեղեկությունների համաձայն, ընդդիմադիր խումբը փորձել է կաշառել ԱԺՄ մարզային կառույցների ղեկավարներին՝ առաջարկելով պաշտոններ տեղերում եւ պետական գույքի կառավարման նախարարությունում:
Շարքային ԱԺՄ-ականների կարծիքով, Վազգեն Մանուկյանի վաղեմի կուսակից, ներկայումս պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի մասնակցությանն այս ամենին կուսակցությունում չի հավատում միայն Վազգեն Մանուկյանը:
Հակառակ կողմի ներկայացուցիչներից Սեյրան Ավագյանը հրաժարվեց մեկնաբանություններից, ասելով, թե որեւէ տեղեկություն չունի խորհրդի այսօրվա նիստի վերաբերյալ:
Հուլիսի 30-ի «Ազատություն» ռադիկայանին տված հարցազրույցում անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, թե ներկայիս իշխանություններն են հրահրում ներկուսակցական պառակտումները, Վազգեն Մանուկյանն ասել էր. «Ես այդպիսի ձեռք չեմ տեսնում... հիմա ես չեմ տեսմում ինչ-որ ուղղորդող թշնամական ձեռք, որ դրսից ղեկավարում է այս ամենը»:
Անուշ Դաշտենց, Երեւան