Մատչելիության հղումներ

ՀՅԴ ներկայացուցիչը հերքում է տարածված լուրերը, իսկ ՀԴԿ-ն հանդես է գալիս հայտարարությամբ


Շարքերի հետ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի անցած շաբաթ համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, քննադատական խոսքեր են հնչել իշխանությունների հասցեին:

ՀՅԴ Գերագույն մարմնի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «իրականությունն աղավաղված է, որ ընկերային հավաքները տեղի չեն ունենում որոշումներ կայացնելու նպատակով»:

«Միտումը պարզ է», -ասաց Արմեն Ռուստամյանը: - «Տեսնում են, որ բոլոր կուսակցությունները պառակտվում են, ուզում են Դաշնակցությունն էլ պատակտված տեսնել»: Նա նաեւ իր զարմանքը հայտնեց, որ Դաշնակցությունն առաջին անգամ տեղեկատվություն է տվել նման հանդիպման մասին եւ հանդիպում է նման սխալ մեկնաբանությունների:

Հրանտ Մարգարյանն, ըստ Արմեն Ռուսատմյանի, նախագահ Քոչարյանի հասցեին որեւէ խոսք չի ասել: Պարզապես միտք է արտահայտել, որ իշխանությունները իրենց շրջապատում են այնպիսի մարդկանցով, ովքեր չեն վայելում ժողովրդի վստահությունը:

Խորհրդարանում չներկայացված ՀԴԿ-ն (Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն) էլ աննախադապ քայլ է կատարել՝ համառուսաստանյան ձախ դեմոկրատական հասարակական-քաղաքական «Ռոսիա» շարժման հետ կնքելով քաղաքական համաձայնագիր: Կուսակցության լրատվական ծառայությունում հերքեցին, թե նման քայլը նպատակ ունի առաջիկա ընտրությունների ժամանակ ապահովել ռուսաստանյան քաղաքական ուժերից մեկի աջակցությունը՝ ասելով, որ «համաձայնագրի նպատակը փոխադարձ օգնությունն է: Մենք ինքնիշխան պետություն ենք, եւ ոչ ոք չի կարող խառնվել մեր ներքին գործերին»:

ՀԴԿ-ն ընդունել է նաեւ քաղաքական հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. - «Նախագահը չկարողացավ իր շուրջը համախմբել հասարակության առողջ ուժերին: Հակառակը, վանեց շատերին, սերմանեց հիասթափություն, թույլ տվեց երկրի քաղաքական դաշտը զանազան քաղաքական խարդավանքներով մասնատել, քաղաքական ուժերին իրար դեմ լարեց, ոմանց՝ ահաբեկելով, ոմանց՝ վարկաբեկելով»:

Ելնելով դրանից, ՀԴԿ-ն առաջարկում է. - «Հաշտվել այս ամենի հետ, նշանակում է հանցակից դառնալ մեր հայրենիքի ամայացման ոճրագործությանը: Ժամանակն է ազգովի սթափվել, քանի դեռ ամեն ինչ կորած չէ: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է նաեւ, որ հասունացել է երկրում անհետաձգելի եւ համակարգային փոփոխություններ կատարալու պահը»:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG