Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի աշխատակիցները սպառնում են գործադուլ անել


Հայաստանի ատոմակայանի 4 ամիս աշխատավարձ չստացած աշխատակիցները որոշել են օգոստոսի 7-ից դադարեցնել ատոմակայանի պլանային վերանորոգման աշխատանքները:

Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը անցած ամիս խոստացել էր մինչեւ հուլիսի 31-ը վճարել ատոմակայանի աշխատակիցների 3 ամսվա աշխատավարձը: Խոստումը դեռեւս չի կատարվել:

ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր ատոմակայնի 750 աշխատակիցների ստորագրությամբ դիմումը: Ներկայացնելով հարցը, ատոմակայանի ընդհանուր հերթափոխի պետ Վարազդատ Մկրտչյանը, անհանդուրժելի գնահատելով ատոմակայանի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, ասաց, որ կոլեկտիվի դժգոհությունը քաղաքական ենթատեքստ չունի եւ որեւէ ուժի կողմից հրահրված չէ, այլ բխում է ստեղծված իրավիճակից:

ՀԱԷԿ-ի տնօրեն Սուրեն Ազատյանը վերջերս մամուլում անդրադառնալով կոլեկտիվի դժգոհությանը նշել էր. «Կոլեկտիվի ներսում խառնակիչներ կան, ինչը դրսից է գալիս: Դրա նպատակն է հզոր եւ միաձույլ կոլեկտիվին խառնել քաղաքական շահարկումներին եւ ինչ-ինչ խնդիրներ լուծելու առարկա դարձնել»:

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանն ասաց, թե հնարավոր չէ բոլոր միջոցներն ուղղել աշխատավարձերի մարմանը: «Ունեցած ֆինանսական ռեսուրսներն առաջին հերթին ուղղվում են վառելիքի ներմուծումն ապահովելուն, հետո միայն՝ մյուս կուտակված խնդիրների լուծմանը», - ասաց նա:

Փոխնախարարը ներկայացրեց հետեւյալ թվերը. առաջին կիսամյակում 35,8 միլիարդ դրամի էլեկտրաէներգիայի դիմաց գանձվել է 27,8 միլիարդ դրամ: Թերացել են վճարել խմելու եւ ոռոգման ջրի համակարգերը, քաղաքային էլեկտրատրանսպորտը եւ որոշ արդյունաբերական ձեռնարկություններ:

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի կոլեկտիվի անհանգստությանը, թե ատոմակայանը փակելու ծրագրեր կան, եւ դա է անտարբերության պատճառը, Արա Սիմոնյանն ասաց. - «Ատոմակյանը կարող է փակվել միայն համարժեք հզորությունների առկայության դեպքում: Այդ խնդրի ուղղությամբ տարվում են աշխատանքներ, եւ ոչ ոք այսօր չի կարող ասել, թե երբ կկարողանանք մենք ապահովել դրանք»:

Հանձնաժողովը որոշեց հարցի կարգավորման համար դիմել գործադիր իշխանությանը:

Հուլիսի 10-ից Մեձամորի ՀԱԷԿ-ը 45 օրով դադարեցրել է իր աշխատանքը՝ պլանային վերանորոգման եւ վերալիցքավորման նպատակով:

«Միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու մասին» ՀՀ օրենքով միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ տեղակայանքի օպերատիվ անձնակազմին արգելվում է կազմակերպել կամ անցկացնել գործադուլներ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG