Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարարը ՀՀ քաղաքացիություն է պահանջում


2001 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից, դիմել է ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Րաֆֆի Հոնհաննիսյանն այսօր մամուլում հանդես է եկել հրապարակմամբ՝ նշելով, որ «ինքը թույլ չի տվել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու իր տասնամյա եւ տակավին անավարտ պայքարը վերածվի հանրային հնչողության հակամարտության»:

Վերջերս ԱՄՆ-ում մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հորեղբայրը, եւ, որեւէ երկրի քաղաքացիություն եւ անձնագիր չունենալու պատճառով, Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարողացել մասնակցել հորեղբոր հուղարկավորությանը:

Այսօր հրապարակած իր խոսքում նա նաեւ նշել է, որ անձանգիր չունենալու պատճառով ստիպված է եղել մերժել Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Ուկրաինայից, Թուրքմենստանից ստացած մասնագիտական հրավերները:

Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարը ակնկալում է, որ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովին ուղարկած իր վերջին դիմումից ավելի քան 100 օր անց կլուծվի իր «անփաստաթուղթ, անհեթեթ ու ենթատեքստերով հագեցած կացությունը»:

«Իրավական, ինքնավստահ եւ ամուր պետության ներկայացուցիչը վաղուց ի վեր՝ որպես ՀՀ քաղաքացիության արտացոլում, անձնագիր պիտի շնորհած լիներ՝ այն էլ իմ առաջին դիմումի օրով: Խղճի, կամքի եւ օրենքի համապատասխան՝ հանրապետության նախագահը պետք է վճռի սույն խնդիրը, որը տեւապես գտնվում է իր գրասեղանի վրա», - գրում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ապրիլի 25-ին, այսինքն դիմումը ստանալու իսկ օրը, հանձնաժողովը, որը ղեկավարում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, նիստ է գումարել եւ որոշել է բավարարել Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: Այն ներկայացված է նախագահի ստորագրմանը: Ըստ Հասմիկ Պետրոսյանի, Հովհաննիսյանի եւ հանձնաժողովի տարաձայնությունների պառճառը քաղաքացիության շնորհման ժամկետն է: Հովհաննիսյանը պնդում, թե իրեն պետք է քաղաքացիություն շնորհվի հետին թվով՝ 1991 թվականից: Պատճառաբանությունն այն է, որ ինքը Հայաստանում բնակվում 1989 թվականից: Հանձնաժողովի անդամները, սակայն, անօրինական են համարում այդ պահանջ. Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ 2001 թվականի ապրիլը ԱՄՆ փաստացի քաղաքացի է եղել:

Հանձնաժողովի անդամ Ջեմմա Հակոբյանը հավելեց, որ քաղաքացիություն ստանալու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին՝ 1996 թվականի դիմումին հանձնաժողովը նույնպես դրական եզրակացություն էր տվել՝ ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելու պայմանով, ինչին, երկար լռությունից հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել էր քաղաքացիություն ստանալու որոշակի երաշխիքների պահանջով:

Րաֆֆի Հովհաննիսյանը 1991-1992 թթ. եղել է նորաստեղծ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարարարը: 1994 թվականից նա ղեկավարում է իր հիմնադրած Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնը Երեւանում:

Նախկինում այլ երկրների քաղաքացիություն ունեցող հայերից Հայաստանի քաղաքացիություն են ստացել ՀՀ ներկայիս արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Բուլղարիայում ՀՀ դեսպան, գրող Սեւդա Սեւանը՝ հրաժարվելով համապատասխանաբար ԱՄՆ եւ Բուլղարիայի քաղաքացիությունից:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG