Մատչելիության հղումներ

Կառավարությունն էժանացնում է մասնավորեցվող փոքր օբյեկտները


Կառավարությունն այսօրվա նիստում անդրադարձավ փոքր օբյեկտների մասնավորեցմանը։ Ընդունված որոշմամբ դրանց մասնավորեցումը շոշափելիորեն ավելի դյուրին է դառնում:

Փոքր օբյետների մասնավորեցման գործընթացը վերջին տարիներին նկատելիորեն դանդաղել է: Դրանք դարձել են պակաս գրավիչ, հազարից ավելին են այնպիսիները, որոնք ոչ մի կերպ չեն վաճառվում: Եթե 1998 թվականին վաճառվել է 603 փոքր օբյեկտ, 1999ին` 196, ապա 2000 թվականին՝ ընդամենը 44։

Ըստ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի, դա չի նշանակում, թե դրանց նկատմամբ ընդհանրապես հետաքրքրություն չկա. պարզապես գներն էին բարձր։ Կառավարության որոշմամբ, «մենք գնահատված արժեքը դնում ենք էականորեն էժանացված: Նվազագույն գինը Երեւանում կլինի մոտավորապես 9 դոլար, մարզերում՝ 3 դոլար», - ասաց նախարարը:

Փոքր օբյեկտների գները մի քանի անգամ իջեցնելուց զատ, կառավարությունը որոշեց նաեւ պարզեցնել դրանց վաճառքի պայմանները: Այսուհետ կարելի է դրանք գնել հատուկ «խանութներից»: Ցանկացած ոք այնտեղից կարող է, նախօրոք սակարկելով, գնել իրեն դուր եկած օբյեկտը:

«Փոքր օբյեկտը մեկ անգամ աճուրդով դնում ենք վաճառելու: Եթե չի վաճառվում, ապա թերթերում, ինչպես նաեւ աճուրդի կենտրոններում, մարզկենտրոններում ցուցակը կներկայացնենք, որից հետո մարդը կգա, կասի խանութի պես՝ այս փոքր օբյեկտը ես ուզում եմ գնել այս գնով: Եվ մենք ուղիղ վաճառք կկատարենք», - բացատրեց Դավիթ Վարդանյանը:

Մինչեւ այժմ փոքր օբյեկտների մասնավորեցման հիմնական ձեւը եղել է ուղղակի վաճառքը աշխատավորական կոլեկտիվին: Վերջին երեք տարվա ընթացքում մասնավորեցված 843 փոքր օբյեկտներից 683-ը մասնավորեցվել է հենց այդ եղանակով, իսկ մնացած 160-ը վաճառվել է աճուրդի, մրցույթի կամ վարձակալին վաճառքի ձեւով։

Հունիսի վերջին Ազգային ժողովը ընդունել էր կառավարության ներկայացրած 2001ից մինչեւ 2003թ. պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որն ընդգրկում է շուրջ 900 միջին եւ խոշոր ձեռնարկություններ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG