Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հազվադեպ անպատկառ ոճով գրված եւ անընդունելի տեսակետներով լեցուն այս հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ՝ առաջիկայում դրանց անդրադառնալու խոստումով: Մինչ այդ չենք կարող չնշել, որ պարզապես սուտ են խոսում հայտարարությունը ստորագրողները, երբ փորձում են հավատացնել, թե «աշխարհի տարբեր կողմերից հայերի մեծ մասն իրենց աջակցությունն» են հայտնել այս նախաձեռնությանը»: Նման վերաբերմունք արտահայտելով, «Ազգ»-ը տպագրել է «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» հայ անդամներ Ալեքսանդր Արզումանյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վան Գրիգորյանի եւ Անդրանիկ Միհրանյանի համատեղ հայտարարությունը:

«Հանձնաժողովին մաս կազմելով իբրեւ չորս առանձին անհատ՝ մենք գործում ենք որպես միասնական թիմ... Ակնկալելով, որ մեզ արդար հնարավորություն է տրվելու երկու ժողովուրդների հաշտեցմանը միտված քայլ անել՝ որեւէ հավակնություն չունենք ներկայացնելու ողջ հայությունը կամ Հայաստանի կառավարությունը», - ներկայանում են հայտարարության հեղինակները, հաստատելով մինչ այժմ հնչած պաշտոնական պարզաբանումները: - «Հայաստանի ղեկավարները ազնվորեն հաստատեցին, որ իրենք տեղեկացվել են գործընթացի մասին, եւ իրավացիորեն հայտարարեցին, որ սա կառավարությունների նախաձեռնություն չէ»:

Հայաստանյան քաղաքական շրջանակներում լայնորեն քննարկված հարցի կապակցությամբ, հայտարարության հեղինակները նշում են. - «Համաձայն ենք նրանց հետ, ովքեր ասում են, որ իրական հաշտեցում չի կարող լինել, քանի դեռ թուրքերը չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հարցն այն է, թե որն է այս արդյունքին հասնելու լավագույն տարբերակը: Ըստ մեզ, հաշտեցումը գործընթաց է, եւ ոչ թե իրադարձություն»: «Ազգ»-ում տպագրված համատեղ հայտարարությունը «Հալ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» անդամները ավարտում են լավատեսորեն՝ «Մենք ակնկալում ենք առաջընթաց եւ հաջողություն, որոնց հիմքը համարում ենք մեր առաջին քայլը: Այն արդեն արվել է»:

«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովն» առավել կվատթարացնի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները» - նույն թերթում հայտարարում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը: «Հետեւանքներից ամենալուրջն էլ թերեւս այն է, որ այս հանձնաժողովի ու նրա կազմում մեր կողմից այդ մարդկանց առկայությամբ կարող ենք Թուրքիայի հետ մեր հարաբերություններում ավելի հեռանալ, քան այսօր ենք: Գուցե հարաբերություններն առավել վատթարանան», - «Ազգ»-ի հարցազրույցում ասում է Ռուբեն Միրզախանյանը:

«Հայոց Աշխարհ»-ի տեսակետով, «անհրաժեշտ է նախ եւ առաջ Հայաստանի ներսում ձեւավորել իրավաօրենսդրական այսպիսի դաշտ, որը ոչ մի քաղաքական ուժի թույլ չի տա ներգրավվել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մեջ՝ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու հաշվին»: Թերթի մեկնաբանն այս միտքը ավելի է զարգացնում. - «Օրենքում պետք է ամրապնդվի այն դրույթը, որ Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու կամ այն ժխտող ուժերի հետ խնդրի շուրջ քաղաքական երկխոսություն նախաձեռնելու փորձերը քրեորեն պատժելի արարք են»: Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, «միայն այդ ճանապարհով է հնարավոր կանխել Հայաստանի ներսում իր հինգերորդ զորասյունը ստեղծելու Թուրքիայի վտանգավոր փորձերի հետագա ծավալումը»:

«Չնայած Ալեքսանդր Արզումանյանն, իրոք, որպես անհատ է ներգրավված, բայց այդ հանձնախմբի ստեղծման նպատակները խիստ համահունչ են ՀՀՇ-ի հիմնարար սկզբունքներից մեկին՝ հարեւանների հետ բարիդրացիական, բնականոն հարաբերություններ հաստատելուն», - «Առավոտ»-ում ՀՀՇ-ի դիրքորոշումն է ներկայացնում կուսակցության վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը: Ներքաղաքական զարգացումների, մասնավորապես, ընդդիմադիր դաշինք ձեւավորելու, այդ ուժերի հետ ՀՀՇ-ի համախմբվելու հավանականության մասին Անդրանիկ Հովակիմյանն ասում է, որ ՀՀՇ-ն դաշինքի մեջ չի մտնի, «քանի որ գաղափարական լուրջ եւ խորը տարբերություններ կան այստեղ։ Իսկ միայն մի նպատակի համար համախմբվելն, ինձ թվում է, սխալ է»։ Նրա կարծիքով, նորահայտ ընդդիմադիրների գործունեության մեջ այժմ նաեւ պատասխանատվությունից փախչելու ինչ-որ պահ կա՝ «այդ բոլոր ուժերը 1998-ին պաշտպանել էին Ռոբերտ Քոչարյանին՝ իշխանության մեջ էին կամ կողքին... Բոլորը, ովքեր սկսել են նրան նույնիսկ հայհոյել, իրենք էլ են պատասխանատու այս 3,5 տարվա համար։ Եվ չի կարելի 3 տարի ոչինչ չանել, իշխանությունից ինչ հնարավոր է պոկել, հետո հանկարծ պարզվի, որ իրենց գաղափարներն ու սկզբունքները լրիվ փոխել են եւ հիմա արդեն ընդդիմադիր են»։ Անդրանիկ Հովակիմյանը «Առավոտ»-ի հարցազրույցում վստահություն է հայտնում, «որ որքան մոտենան ընտրությունները՝ «ընդդիմադիրներն» այնքան կշատանան»:

«Ազնիվ կլինի ժողվորդին ասել, որ այսօր «Միասնություն» դաշինքը գոյություն չունի», - «Գոլոս Ամենիի»-ի հարցազրույցում հայտարարում է Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Չմտնելով մանրամասների մեջ, թե ով եւ ինչու է մեղավոր, Տիգրան Թորոսյանն անձանագրում է. - «Դաշինքի կուսակցություններից մեկը իշխանություն է, իսկ մյուսը՝ ընդդիմություն: Այդպիսի դաշինք հնարավոր չէ, եւ ժողովրդին պետք է ազնիվ բացատրել իրավիճակը»: Կուսակցությունների պառակտման մասին Տիգրան Թորոսյանը «Գոլոս Արմենիի» թերթում կարծիք է հայտնում, որ «սկզբնապատճառները պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ կուսակցության ներսում»:

«Մեզանում եկեղեցին ոչ թե պետությունից է անջատ, այլ ժողովրդից», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Որքան աշխարհիկ իշխանությունն է կտրված ժողովրդի իրական հոգսերից, նույնքան էլ հոգեւոր իշխանությունն է անհաղորդ հասարակ մարդու իրական կյանքին: Եվ եթե աշխարհիկ իշխանությունը որպես ժողովրդի հանդեպ իր վերաբերմունքի պատասխան, ստանում է ժողովրդի անտարբերությունն ու քաղաքական պասիվությունը. ապա հոգեւոր իշխանությունը նման իրավիճակում ստանում է ... աղանդներով հեղեղված երկիր», - եզրակացնում է «Հայոց Աշխարհ»-ը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG