Մատչելիության հղումներ

91 տուժող ճանաչվածներից միայն մեկն է ներկայանում դատարան


Ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ավելի քան 2000 հարց ուղղելուց հետո այսօր «Հոկտեմբերի 27»-ի դատական նիստի հենց սկզբում մեղադրող Մարտիրոսյանը հայտարարեց, որ առայժմ դադարեցնում է հարցաքննությունը: Դրանից հետո դատարանն, ըստ ընթացակարգի, պետք է անցներ հաջորդ փուլին՝ ամբաստանյալին հարցեր պետք է ուղղեին տուժողները: Տուժողներից ոչ ոք, սակայն, չէր եկել:

Երեքժամյա ընդմիջումից հետո էլ տուժողներից դատարան ներկայացավ միայն ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանը, թեեւ, ինչպես հայտարարեց դատավոր Սամվել Ուզունյանը, Ազգային ժողովից բոլոր տուժող ճանաչվածները՝ 91 հոգի, նախապես տեղեկացվել էին, որ հուլիսի 30-ից սկսած պետք է ներկայանան դատարան:

Մեղադրող Արմեն Հարությունյանն իր զարմանքը հայտնեց տուժողների չներկայանալու կապակցությամբ, ասելով, թե հատկապես նախորդ նիստից հետո, երբ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը մեղադրեց բոլոր նրանց, ովքեր դեպքից 10-15 րոպե հետո ծիծաղում կամ ժպտում էին, նշելով, մասնավորապես, Անդրանիկ Մարգարյանի անունը, պետք է որ գոնե մի քանի տուժողներ գային եւ ամբաստանյալին հարցեր ուղղելու ցանկություն ունենային:

Ներկայացած միակ տուժող Ստեփան Զաքարյանը ասաց, թե վերջին շրջանի դատաքննության ընթացքը եւ այն հանգամանքը, որ Հունանյանն, ըստ էության, ոչ մի հարցի հստակ պատասխան չի տալիս, գուցե հիասթափեցրել է շատերին, քանի որ համոզված են, որ իրենց հարցերն էլ են անպատասխան մնալու:

Ստեփան Զաքարյանը երկու հարց ուղղեց Նաիրի Հունանյանին: Նրան հետաքրքրում էր, թե ո՞րն էր դեպքից հետո քննչական խումբ հրավիրելու Հունանյանի նպատակը, եւ երկրորդ՝ Նաիրի եւ Կարեն Հունանյաններն իրենք հավանաբար գիտեին, որ նախագահություն են բարձրացել, սպանել են Կարեն Դեմիրճյանին եւ Յուրի Բախշյանին, ապա ստուգողական կրակոցներ են արձակել: Այնինչ նույն իսկ օրը բոլորին փորձում էին համոզել, որ իրենք չեն սպանել. ի՞նչ հույս ունեին, «արդյո՞ք նրանց խոստում չէին տվել արդեն, որ տեսաժապավենը կոչնչացվի, եւ քննչական խումբը իրենց օգտին կաշխատի»:

Հունանյանն առաջին հարցին պատասխանեց, որ քննչական խումբ հրավիրելով օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակ են հետապնդել: Ինչ վերաբերում է խոստումներին, ապա ամբաստանյալը պնդեց, որ որեւէ մեկը տեսաժապավեններ ոչնչացնելու կամ այլ արտառոց գործողություններ կատարելու խոստումներ «չէր տվել եւ չէր էլ կարող տալ»:

Տուժող Զաքարյանն այսքանով սահմանափակվեց, որից հետո նիստը հետաձգվեց մինչեւ վաղը: Ակնկալվում է, որ մի քանի շահագրգիռ տուժողներ, ովքեր ողջ նախաքննության եւ ավելի քան հնգամսյա դատաքննության ընթացքում մի շարք հարցերի պատասխան էին պահանջում, ի վերջո կներկայանան:

Եթե տուժողները հարցեր տալու ցանկություն չունենան, ապա դատարանը ստիպված պետք է անցնի դատաքննության հաջորդ փուլերին: Հունանյանին հարցեր պետք է ուղղեն տուժող Աղվան Վարդանյանի ներկայացուցիչը, (վերջինս միակն է տուժողներից, որ իր փաստաբանն ունի), ապա տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG