Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերի մեծամասնությունը դատապարտում է «Հաշտեցման հանձնաժողովի» ստեղծումն ու գործունեությունը


ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել մի հայտարարություն, ուր մասնավորապես ասվում է, որ քանի դեռ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, չի վերացնում Հայաստանի շրջափակումը, ակնհայտ կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ, հայ-թուքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել:

«Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունները օրակարգային հարց դարձնելու գործընթաց է ուրվագծվում, ինչ կարող է վտանգել իրական կարգավորման հնարավորությունները», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են խորհրդարանում ներկայացված եւ պատգամավորական տեղերի կեսից ավելին զբաղեցնող մի շարք քաղաքական ուժեր եւ պատգամավորական խմբեր, այդ թվում՝ ԱԺՄ, Հայկոմկուս, Հայաստանի հանրապետական կուսակցություն, ՀՅԴ, ՍԻՄ («Սահմանադրական իրավունք» միություն), «Օրինաց երկիր», «Ժողովրդական պատգամավոր» խումբ եւ «Ագրոարդյունաբերական ժողովրդավարական միավորում» պատգամավորական խումբը:

Հայտարարություն հեղինակներն արձանագրում են, որ «հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորել միայն երկու կողմերի ամբողջական լիազորություններ ունեցող օրինական ներկայացուցիչները»:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հուլիսի 9-ին Ժնեւում կայացած նիստում հայկական կողմը ներկայացրել են նախկին արտգործնախարար, նախկինում իշխանական ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) կուսակցության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Վան Գրիգորյանը, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը եւ մոսկվայաբնակ հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Հուլիսի 13-ին ՀՀ արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանն իր հայտարարության մեջ միանշանակորեն շեշտել էր, որ «ՀՀ արտգործնախարարությունը բացարձակապես առնչություն չունի այս «Հաշտեցման հանձնախմբի» ստեղծման եւ նրա գործունեության հետ»: Հուլիսի 24-ին արդեն արտգործնախարար Օսկանյանն էր Հայոց ցեղասպանության թանգարան - իստիտուտի ընդլայնված նիստում ասել. «Այս երկխոսության մեջ Հայաստանի պետությունը, կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը, ինչպես մեր հայտարարության մեջ է ասվել, բացարձակապես որեւէ կապ չունի»:

Հայտարարությունը ստորագրած հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի կարծիքով, սակայն, հանձնաժողովի ստեղծմանը արտգործնախարարությունն այնուամենայնիվ որոշ դերակատարություն ունեցել է: ՍԻՄ-ը ներկայացնող պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ չի կարծում, թե հանձնաժողովը հարաբերությունները կարգավորելու նպատակ է հետապնդում եւ անընդունելի է համարում, որ այս գործընթացը ոչ պաշտոնական մակարդակով է կատարվում:

Հայտարարությունը չստորագրած «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մեկնաբանությամբ, քանի դեռ երկրի իշխանությունները չեն մշակել արտաքին հարաբերությունների դոկտրինան, ազգային անվտանգության հայեցակարգ, եւ երկիրը, իր իսկ խոսքերով, տղայական մակարդակով է ղեկավարվում, նման հանձնաժողովներ կստեղծվեն եւ դրանց համապատասխան հայտարարություններ կարվեն:

Ըստ Գեղամյանի, երբ կստեղծվեն վերը նշված պարտադիր պայմանները, երբ կիմանանք, թե առաջիկա 10 տարում Հայաստանին ինչ հեռանկարներ եւ զարգացումներ են սպասվում, այդ դեպքում միայն իրավասու կլինենք ասելու եւ ապա գնահատական տալու, որ այս կամ քաղաքական ուժի, հասարակական կազմակերպության գործողությունները հակասում կամ չեն հակասում «մայր փաստաթղթին»:

ՀԺԿ-ն չի միացել հայտարարությանը: Կուսակցությունը ԱԺ-ում ներկայացնող պատգամավոր Ստեփան Զաքարյանը մասնավորապես ասաց, որ հանձնաժողովին մեղադրում են առայժմ կասկածանքների հիման վրա, քանի որ հանձնաժողովը դեռ ոչինչ չի արել: Ըստ նրա, կարելի էր այլ բովանդակությամբ հայտարարություն անել, «որ հանձնաժողովի աշխատանքը անպատճառ լինի հրապարակային, որ ցեղասպանության ժխտման մասին խոսք լինել չի կարող, որ պիտի բացառվի Թուրքիայի մասնակցությունը Արցախի հիմնահարցի կարգավորմանը»:

Ստեփան Զաքարյանն ասաց նաեւ, որ, «կասկած է առաջանում, որ այս ամենի հեղինակները իշխանություններն են: Նրանք ուզում են ցույց տալ, թե Հայաստանում քաղաքական ուժերը ինչպիսի ծայրահեղ մոտեցումներ ունեն, թե դեռ ոչինչ չեղած պահանջներ են ներկայացնում, եւ այս իշխանությունը քաղաքական ուժերի ձեռքը կրակն է ընկել»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG