Մատչելիության հղումներ

Հայազգի հանրահայտ զինավաճառը ազատ է




Լոս Անջելեսի դատարանը 10 ամսվա ազատազրկման է դատապարտել հայտնի զինավաճառ Սարգիս Սողանալյանին, որն արդեն մեկուսարանում անցկացրել է 10 ամիս, ուստի այլեւս չի ազատազրկվելու:

71-ամյա Սողանալյանը, որին անվանում են «մահ վաճառող» եւ որը զենք է վաճառել Լիբանանում, Արգենտինայում, Իրաքում եւ Նիկարագուայում, մեղադրվել էր 250 հազար դոլարի բանկային չեկ գողանալու եւ դրանով գումար ստանալու համար:

Սողանալյանը ձերբակալվել էր 1999 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ նրան տարբեր բանկերից հանցավոր ճանապարհով 3 միլիոն դոլար ստանալու մեղադրանք էր ներկայացվել: Սակայն անցած տարվա հոկտեմբերին Սողանալյանը իշխանությունների համաձայնությամբ ազատ է արձակվել, փոխարենը խոստանալով համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ տարբեր հանցագործությունների բացահայտման գործում:

«Լոս Անջելես Թայմս» թերթի վկայությամբ, երեկ Սողանալյանին դատարան է ուղեկցել Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե Հովսեփյանը:

Իսկ Սողանալյանի փաստաբան Մարկ Կիրակոսը հայտնել է, որ իր պաշտպանյալը միլիոնավոր դոլարներ է հատկացրել հայ համայնքին, դպրոցներ է կառուցել, ինչպես նաեւ օգնություն է ցուցաբերել Հայաստանին 1988 թվականի երկրաշարժից հետո:

Դատարանում փաստաբանը պնդել է, որ «թեեւ ժամանակին Սարգիս Սողանալյանը տներ է ունեցել Ֆլորիդայում, Փարիզում, Աթենքում եւ այլ քաղաքներում, այժմ նա այլեւս ունեւոր չէ»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG