Մատչելիության հղումներ

Հայրիկյանն իր կարծիքն է հայտնում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ


Սահմանադրական բարեփոխումների մշակման նպատակով 1998 թ. ստեղծված առաջին բազմակուսակցական հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը գտնում է, որ կատարված մեծ ծավալի աշխատանքը՝ Սահմանադրության հոդվածների 80 տոկոսի փոփոխությունը պետք է կոչել նոր խմբագրությամբ Սահմանադրություն: Այս պարագայում, ըստ Հայրիկյանի, աշխատանքը պետք է կատարվեր այլ սկզբունքով՝ ազգային համաձայնության հիման վրա կառուցված Սահմանադիր ժողովի միջոցով:

ԱԻՄ-ի նախագահն ասաց, որ մինչեւ վերջերս տագնապ ուներ, թե սահմանադրական փոփոխությունները դատապարտված են հայտնվելու Ազգային ժողովի քննարկումների ճահճուտում, «բայց հիմա, խորհրդարանում տեղի ունեցած որոշ փոփոխություններ՝ վերջին նիստերը եւ խորհրդարանում տեղի ունեցած դեպի ժողովրդավարությունն եւ իրական շուկայական հարաբերությունները միտված տեղաշարժերը ներշնչում են, որ խորհրդարանը իր ներկայիս աշխատանքային տրամադրությամբ ճահճուտ չի մտնի»:

Նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը դրական է համարում այն, որ առաջարկվող փոփոխություններով Սահմանադրության մեջ ամրագրվում են օմբուտսմենի հաստատության եւ եկեղեցու մասին դրույթները: Դրական է նաեւ, ըստ ԱԻՄ-ի նախագահի, Սահմանադրական դատարանն ավելի մատչելի դարձնելը եւ երկքաղաքացիությունը թույլատրելը՝ ներկայիս արտագաղթի պայմաններում:

«Հայաստանը զրկվում էր իր պոտենցիալ հզորությունից: Հայաստանից դուրս եկած քաղաքացիները, այլ երկրի քաղաքացիություն ընդունելով, ստիպված էին, ըստ գործող Սահմանադրության, հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից», - բացատրեց Պարույր Հայրիկյանը:

Նրա գնահատմամբ, մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից քաղաքական լուրջ սխալ էր այն դրույթն անփոփոխ թողնելը, ըստ որի ԱԺ-ն որոշումներ է ընդունում նիստին ներկա պատգամավորների ձայների կեսով, ինչը, ըստ Պարույր Հայրիկյանի, «հավասարազոր է խորհրդարանի ձայների մեկ-քառորդին»:

Առաջարկվող խմբագրությամբ, խորհրդարանը պետք է ունենա 101 պատգամավոր: Սա նշանակում է, որ 26 մարդ կարող են բախտորոշ օրենքներ ընդունել: Նախագահի առարկության դեպքում՝ 51: Ըստ Պարույր Հայրիկյանի հաշվարկների, կատարյալ համամասնության եւ լավագույն դեպքում այդ 26 պատգամավորների թիկունքում եղած ընտրողների թիվը կկազմի 200 հազար՝ եթե ընտրություններին մասնակցում է մեկ միլիոն մարդ: Մինչդեռ նախագահը նույն մեկ միլիոնից ընտրվելու համար պետք է ունենա առնվազն 500 հազար գումարած մեկ ձայն: «400 հազար մարդու որոշմամբ, օրենք է ընդունվելու մեկ միլիոն մարդու համար», - ասաց Պարույր Հայրիկյանը, - «եւ հաղթահարվելու 550 հազար մարդկանց ձայնով ընտրված նախագահի արգելանքը»: Հայրիկյանն այստեղ առաջարկում է ընդօրինակել ամերիկյան մոդելը՝ ձայների 2/3-ը:

Պարույր Հայրիկյանի կարծիքով, նոր խմբագրությամբ առաջարկվող նախագահի սահմանադրական կարգավիճակը՝ «Նախագահը պետության գլուխն է», ֆեոդալական տերմին է, որ «ֆեոդալական ժամանակներում հավասարազոր էր թագավորին»:

«Բայց այդ թագավորին այնպիսի իրավիճակում է դնում մեր Սահմանադրությունը, որ... շատ ավելի վատ վիճակում է հայտնվելու, քան Անգլիայի թագուհին», - ասում է Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա, եթե ձեւավորվի պարզ խորհրդարանական մեծամասնություն, հանրապետության նախագահը անելիք չի ունենա:

Նույն գնահատականին արժանացավ նաեւ Ազգային ժողովի ձեւավորման կարգի սկզբունքների մասին դրույթի բացակայությունը առաջարկվող խմբագրության մեջ: Նոր տարբերակում ամրագրվում է սոսկ, որ ԱԺ-ն ձեւավորվում է հատուկ օրենքով: «Խորհրդարանական մեծամասնությունը ինչքան ուզի կարող է այդ որոշումը փոխել», - համարում է Պարույր Հայրիկյանը:

Նրա կարծիքով, Սահմանադրության նոր խմբագրությամբ, ըստ էության, անցում է կատարվում խառը կառավարման համակարգից դեպի խորհրդարանական հանրապետություն: «Խորհրդարանական հանրապետություն մեկ անգամ ունեցել ենք: Դա նշանակում է հավաքական պատասխանատվություն, ինչը նշանակում է պատասխանատվության բացակայություն երկրի համար վճռական փուլերում», - ասաց Պարույր Հայրիկյանը:

Հուլիսի 18-ին հանրապետության նախագահը Ազգային ժողովի խմբերի եւ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս էր ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականին արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ մինչեւ աշնանային նստաշրջանը ծանոթանալու եւ իրենց առաջարկությունները նախապատրաստելու համար:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG