Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Կառավարությունից հեռացվողները, նախարար թե փոխնախարար, սկսել են հանդես գալ մերկացումների մասին հայտարարություններով: «Հայաստանում կարծես տխուր ավանդույթ է դառնում հետին թվով սրբանալը», - անդրադառնում է սրան «Ժամական» թերթը: - «Քանի դեռ մարդը պաշտոն ունի, հետեւաբար՝ գործելու եւ գործով ինչ-որ բան ապացուցելու հնարավորություն, ձայնը չի լսվում, արդյունքը չի երեւում: Հենց պաշտոնից ազատվում է, մեղավոր են հանրապետության նախագահը, վարչապետը, մաֆիան եւ այլն: Իսկ երեկ ձեզ ո՞վ էր խնդրում հարմարվել «մեղավորներին» եւ ժամ առաջ չաղաղակել անարդարությունների մասին՝ սեփական ցանկությամբ հրաժարվելով այդ համակարգում աշխատելուց»:

«Ինչո՞ւ քաղաքապետի պաշտոնում նույն սրությամբ չէր ելույթ ունենում» հարցն են շարունակում ուղղել Ալբերտ Բազեյանին, եւ վերջինս «Իրավունք» թերթում էլ այսօր պատասխանում է. - «Եթե ես մամուլի ասուլիսներով, հրապարակային քննադատություններ անեի իշխանությունների հասցեին, բնականաբար, չպետք է շարունակեի աշխատել, պետք է դիմեի հրաժարականի, դա' էր միակ տրամաբանությունը», իսկ «առանձին հանդիպումների ժամանակ միշտ էլ փորձել եմ խոսել այդ տարաձայնությունների մասին»: Պարոն Բազեյանը հավաստում է՝ «ՀՀ-ում, առանձին վերցրած, մեկ մարմնում չի ստացվում միայն արդարությամբ ու ազնվությամբ աշխատել»:

Կադրային քաղաքականության մասով երեկ խորհրդարանում նախագահ Քոչարյանին թունդ որակումներ հղեց Արտաշես Գեղամյանը, եւ դա Աշոտ Մանուչարյանը գնահատել է: «Կարծում եմ, որ պարոն Գեղամյանը վերջակետ դրեց այն բոլոր կասկածներին, որոնք վերջերս հնչել էին մամուլում: Այսպիսով, նրա եւ ընդդիմադիր ուժերի համագործակցելու մտադրությունները միանշանակ են դառնում բոլորի համար: Այսօրվանից հստակ է, որ կայուն է լինելու համագործակցությունը բոլոր այն ուժերի, որոնք այսօր պատրաստ են ընդվզել Քոչարյանի կործանարար քաղաքականության դեմ» («Հայկական ժամանակ»): Այս ընթացքում պարոն Մանուչարյանը հանրահավաքների շարք է սկսել մայրաքաղաքից դուրս՝ ստորագրահավաքի միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծրագրով: Մի քանի օր առաջ Գյումրիում հանդես գալով «Քոչարյանը լրիվ խայտառակվել է» խորագրով, նա, մասնավորապես, համեմատել է. - «Եթե ժամանակին բողոքում էին կոմունիստների կաշառակերությունից, ապա ՀՀՇ-ի ժամանակ այն աճեց 10 անգամ: Իսկ այսօր կաշառակերության մակարդակը աճել է 100 անգամ»:

Կարեն Դեմիրճյանի մերձավոր շրջանակից պատգամավոր Ռոբերտ Ենգոյանը, հեռանալով ՀԺԿ-ից՝ «Հայոց Աշխարն»-ում կիսվել է. «Կարեն Դեմիրճյանի ծրագիրը, նախանշած ճանապարհը՝ Կարեն Դեմիրճյան անհատականությունն էր: Ինքն էր՝ իր ծրագիրը: Մենք հավատում էինք իրեն եւ գնացել էինք Կ. Դեմիրճյանի կուսակցություն միմիայն մեկ պատճառով: Գիտեինք, որ Կարեն Դեմիրճյանը կառուցողական, պետական մտածողության տեր, մեծ փորձ ունեցող, օժտված անհատականություն է, որը կարող է որոշակի ներդրում ունենալ երկրի վերականգնման գործում... Եթե Կարեն Դեմիրճյանը չկա, ոչ մեկը նրա կուրսը չի կարող շարունակել»:

«Եթե հետեւենք տարրական տրամաբանությանը, ստացվում է, որ հիմա երկու իշխող կուսակցություն ունենք՝ մեկը իշխանամետ, մյուսը՝ ընդդիմադիր, բայց երկուսն էլ համառորեն շարունակում են մնալ իշխող՝ «Միասնություն» դաշինքում», - արձանագրում է «Առավոտ» թերթը՝ կապելով. «Բազմակարծությունը մեկ գլխում շիզոֆրենիա է: Նույն իշխող միավորման մեջ միմյանց ընդդիմախոս կուսակցությունների գոյությունն ավելի ծանր դեպք է՝ նույն հոգեկան խանգարման ոլորտից»:

Բազմակարծությունը բուռն ծաղկում-ծավալվում է եւ ԱԺՄ-ում: «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «մի քանի օր առաջ ԱԺՄ վարչությունում տեղի ունեցած մինիհեղաշրջման փորձից հետո կուսակցության շարքերն ընդվզել են... շարքային կուսակցականները լիովին սատարում են իրենց նախագահ» Վազգեն Մանուկյանին: Մինչ կողմերը հիմա մրցակցում են շարքերի համակրանքի դաշտում, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը այս բարիկադավորման հիմքը ներկայացնում է այսպես. ««ԱրմենՏելի» գործունեության խորքային ուսումնասիրության հաստատակամությունը ձեռք չի տալիս շատերին: Այդ թվում՝ ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանին, քանի որ Վազգեն Մանուկյանը կարող է բացահայտել նրա՝ «ԱրմենՏելի» գործունեությունն ուսումնասիրելու ընթացքում թույլ տված բացթողումները»:

Վերջին շրջանում Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ակտիվացում արձանագրելով, «Իրավունք»-ի մեկնաբանը բխեցրել է՝ այդ «քայլերը չեն կարող չառաջացնել Արեւմուտքի կտրուկ հակազդեցությունը, եւ պետք է սպասել, որ առաջիկայում կոշտ նախապայմաններով հանդես կգան նաեւ ամերիկացիները: Բնականաբար, երկու գերտերություններն էլ ակտիվացնելու են իրենց ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերին, եւ պետք է սպասել դրանից բխող ներքաղաքական պայքարի սրացում»:

«Երկիր» թերթը արտաքին ճակատում շարունակում է սեւեռված մնալ թուրք-հայկական հաշտության հանձնախմբի վրա, եւ ընդհանուր առմամբ տալիս է հետեւյալ արժեվորումը. «Եթե Թուրքիան մեզ հետ շարունակում է «խոսել» հասարակական կազմակերպությունների մակարդակով, ապա տարածաշրջանի այլ ազդեցիկ երկրներ նախեւառաջ Հայաստանի հետ զարգացնում են միջպետական կայուն, բազմակողմանի կապեր: Եվ արմատապես կաղում է այն միտքը, որ եթե թուրքական ձեւով չկարգավորվեն Երեւան - Անկարա կապերը, ապա Հայաստանը կմնա մեկուսացման մեջ... Ժամն է վերջնականապես հրաժարվելու պատրանքներից ու լիովին հետամուտ լինելու հայանպաստ իրական քաղաքականությանը»:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ համառ է. նա ոչ մի մետր տարածք չի զիջի թշնամուն», - Ջավախքում հայտարարել է նախագահի խորհրդական, ՀՀ զինված ուժերի տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը: «Հայոց Աշխարհ» թերթի փոխանցմամբ, Ադրբեջանի պատերազմական հայտարարությունների առնչությամբ գեներալն ասել է. - «Մեր հակառակորդներն ունեն շատ կարճ հիշողություն եւ արդեն մոռացել են 1992, 1994 թվականները, երբ խնդրում էին Հայաստանին հրադադար հաստատել: Մենք պատերազմ չենք ուզում, բայց թող չաղմկեն: Եթե նրանք ավտոմատի դիմեն՝ մենք էլ կդիմենք, բայց երբ նրանք կրկին զինադադար խնդրեն՝ չենք կրկնի նախորդ սխալը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG