Նախագահ Քոչարյանի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է Հայաստանի բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը: Այս փոփոխությունը դիտվում է վարչապետ Արդրանիկ Մարգարյանի կաբինետի ընթացող վերակազմավորման շրջանակներում:
Փոփոխությունները կառավարության կազմում սկիզբ են առել հուլիսի 6-ին, երբ նախագահի հրամանագրերով իրենց նախարարական պաշտոնները փոխանակեցին պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ տրանսպորտի ու կապի նախարար Երվանդ Զախարյանը: Անդրանիկ Մանուկյանը քննադատվում էր հարկահավաքման կոշտ գործելաոճի համար:
Մուրադ Մուրադյանը բնապահպանության նախարար էր նշանակվել անցյալ տարի՝ որպես անկախ պատգամավորներից կազմված «Կայունություն» խմբի ներկայացուցիչ: Վերջին ամիսներին մամուլում շրջանառվում էր, թե խմբի ղեկավար Վարդան Այվազյանը ձգտում է զբաղեցնել նրա տեղը:
«Կայունություն»-ը, որ անցյալ տարի խորհրդարանական ազդեցիկ ուժերից մեկն էր, հետագայում լուրջ կորուստներ ունեցավ: Իսկ չորեքշաբթի օրը խմբից դուրս գալու մասին ասուլիսում հայտարարեց խմբի եւս մեկ անդամ՝ Հակոբ Հակոբյանը: Իր որոշումը նա բացատրեց Վարդան Այվազյանի հետ ունեցած տարաձայնություններով: Վերջինս, ըստ Հակոբյանի, իր դիրքն օգտագործում է զուտ անձնական նպատակներով:
Ներկայումս «Կայունություն» խմբում մնացել է տասը անդամ՝ նվազագույն քանակը, որ անհրաժեշտ է ԱԺ-ում խումբ ներկայացնելու համար: Եթե Այվազյանը նշանակվի կառավարության անդամ եւ կորցնի պատգամավորի մանդատը, խումբը, փաստորեն կդադարի գոյություն ունենալ:
Էմիլ Դանիելյան, Երեւան